Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել։ Իսրայելական N12 հեռուստաալիքի հետ զրույցում բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ կանխվել է «չափազանց ծանր աղետ»։ Նրա խոսքով՝ օդաչուներից մեկի գործողությունների վերաբերյալ քննություն է ընթանում, քանի որ կասկածներ կան, որ նա փորձել է վերահսկողություն հաստատել օդանավի նկատմամբ և այն կործանել։
Ուղևորներից մեկը N12-ին պատմել է, որ օդանավում բղավոցներ է լսել, իսկ ավելի ուշ բացվել է օդաչուների խցիկի դուռը, և այնտեղ արյան հետքեր են նկատվել։ Միջադեպի ընթացքում օդաչուներից մեկը վնասվածք է ստացել։
Ավելի վաղ շրջանառվում էին տեղեկություններ, թե ինքնաթիռը վարել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, սակայն մի շարք իսրայելական լրատվամիջոցներ հետագայում հերքել են այդ վարկածը։ Ynet-ի տվյալներով՝ օդաչուները Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ են եղել։
The Jerusalem Post-ի և i24NEWS-ի թղթակից Ամիխայ Շտեյնի հաղորդմամբ՝ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ օդաչուներից մեկը փորձել է վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ, սակայն մյուս օդաչուի և օդանավում գտնվող անձանց միջամտությամբ հնարավոր է եղել կանխել աղետը։
Թռիչքների հետևման տվյալների համաձայն՝ միջադեպի ընթացքում ինքնաթիռը շատ կարճ ժամանակում կտրուկ կորցրել է մոտ 14 հազար ֆուտ՝ շուրջ 4,2 կիլոմետր բարձրություն։ Ինքնաթիռն ավելի ուշ անվտանգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։
Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ դեռ հստակ չէ, թե ինչ նպատակ է ունեցել միջադեպի մասնակիցը։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթները շարունակում են հետաքննվել։



















