Մոսկվայում փորձում են հասկանալ՝ Թուրքիայի ինչի՞ն է պետք Ադրբեջանում ռազմաբազայի տեղակայումը.Factor

SHUSHA, AZERBAIJAN – JUNE 15: (—-EDITORIAL USE ONLY â MANDATORY CREDIT – “TURKISH PRESIDENCY / MURAT CETINMUHURDAR / HANDOUT” – NO MARKETING NO ADVERTISING CAMPAIGNS – DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS—-) Turkish President Recep Tayyip Erdogan, his wife Emine Erdogan, Azerbaijani President Ilham Aliyev and his wife Mehriban Aliyeva (not seen) attend a festive in Shusha, Azerbaijan on June 15, 2021. (Photo by TUR Presidency/Murat Cetinmuhurdar/Anadolu Agency via Getty Images)

Factor.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախորդ շաբաթ Արցախի գրավյալ տարածքներ, մասնավորապես՝ հայկական Շուշի այցին անդրադարձել է ՌԳԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը Forbes-ում հրապարակված իր հոդվածում։

Նա գրում է Էրդողանի ու Ալիևի կնքած «Շուշիի հռչակագրի» մասին՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք տարածաշրջանում թուրքական ռազմական բազաների տեղակայումն անհրաժեշտ է և որքանով է այն հնարավոր։ Ըստ Պրիտչինի՝ ամենայն հավանականությամբ, Բաքվի ու Անկարայի միջև կնքված նոր հռչակագիրը կոչված է ընդգծելու Թուրքիայի ներդրումը Ադրբեջանի հաղթանակում Արցախյան երկրորդ պատերազմում։

«Անկարան ոչ միայն քաղաքական աջակցություն ցուցաբերեց Բաքվին միջազգային հարթակում, այլև իր դաշնակցին տրամադրեց ժամանակակից զինատեսակներ, առաջին հերթին՝ անօդաչուներ։ Բացի այդ, թուրք զինվորականներն օգնեցին պլանավորել ու կազմակերպել ռազմական գործողությունները»,- գրում է փորձագետը։

Նա հավելում է, որ Անկարայի համար պատերազմը դարձավ հիանալի հնարավորություն՝ սահմանելու իր հարաբերականորեն նոր շահերը Հարավային Կովկասում։ Չնայած Թուրքիան նախկինում ևս համերաշխություն էր ցուցաբերում Ադրբեջանին ու դեռ 1990-ական թվականներից փակել է սահմանը Հայաստանի հետ, սակայն աշխարհաքաղաքական և ռազմական առումով Անկարայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը համեմատաբար սահմանափակ է եղել։

Հոդվածագիրը բերում է 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրինակը, երբ Թուրքիան հիմնականում սահմանափակվեց Բաքվին դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով։

«2020 թվականի աշնանից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից հետո, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները մեն անգամ չէ, որ հանդես են եկել բանակցային գործընթացում միջազգային միջնորդների շարքում Անկարայի ներառման օգտին՝ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներին հավասար։

Միջնորդի կարգավիճակը հնարավորություն կտար ամրանալ տարածաշրջանում, իդեալական տարբերակով՝ այնտեղ տեղակայել թուրք խաղաղապահներ»,- գրում է Պրիտչինը։

Նրա խոսքով, սակայն, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարությամբ, Թուրքիան դուրս է մղված, գլխավոր դերը հատկացված է Ռուսաստանին, խաղաղության պահպանման երաշխավորներն էլ ռուս խաղաղապահներն են։

Ըստ փորձագետի՝ Թուրքիան փաստացի մնացել է պայմանավորվածություններից դուրս, ոչ մի անգամ հիշատակված չէ փաստաթղթում ու չի ստացել միջնորդի կամ անվտանգության երաշխավորի կարգավիճակ։ Անկարայի համար միակ մխիթարանքը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն է։

«Բնական է, որ նման արդյունքները չէին կարող Անկարայի հավակնությունները բավարարել։ Թուրքիան սկսեց ավելի ակտիվանալ:

Էրդողանը միակ օտարերկրյա ղեկավարն էր 2020թ․ Բաքվի հաղթանակի շքերթում, թուրքական ընկերությունները դառնում են գլխավոր արտասահմանյան ներդրողները շրջանների վերականգման գործընթացում։ Այս շարքում էլ պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի այցը Շուշի»,- կարծում է ռուս փորձագետը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում