Իրավիճակը կարող է վերածվել համաճարակի, եթե պատկան մարմինները խիստ վերահսկողություն չսահմանեն. Վարակաբանը՝ կարմրուկի դեպքերի մասին

ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Կարմրուկը միայն կարմիր ցան չէ:

Վերջին 150 տարվա ընթացքում կարմրուկից մահացել է մոտ 200 մլն մարդ, հիմնականում մանկահասակներ, ովքեր ավելի զգայուն են այս հիվանդության հանդեպ։

Իսկ հիվանդության հարուցիչը վիրուս է, որը տարածվում է օդակաթիլային եղանակով և տարածվում է շատ բարձր հաճախությամբ։ Վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 18 հոգու։

1960-ական թվականներից կա պատվաստանյութ, որը պատվաստումների օրացույցային ծրագրի մաս է կազմում։ Երեխան, եթե երկու անգամ պատվաստվել է մեկ և վեց տարեկան հասակում, ապա պաշտպանված է կարմրուկից, քանի որ կրկնակի պատվաստման արդյունավետությունը մոտ 99% է։

Այսօր Հայաստանում գրանցվեց կարմրուկի 14-րդ դեպքը, այսինքն ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի, եթե պատկան մարմինները խիստ վերահսկողություն չսահմանեն բոլոր կոնտակտավորների նկատմամբ։ Կարմրուկի նման բռնկման գլխավոր պատճառը կարող է լինել օրացույցային պատվաստումներից խուսափելը։

Եթե պատվաստված երեխաների թվաքանակը 95%ից քիչ լինի, ապա նման դեպքերը կսկսեն շատ ավելի հաճախ լինել։ Իսկ ես ենթադրում եմ, որ մենք այդ թվից շատ հեռու ենք, հատկապես կորոնայի համավարակի ընթացքում, երբ մարդիկ սկսեցին մերժել բոլոր տեսակի պատվաստումները և խուսափել պոլիկլինիկաներ գնալուց։

Ու եթե կարծում ենք, որ կարմրուկից միայն անցյալում էին մահանում, ապա հիմա էլ 100 հազարից ավել երեխա ամեն տարի մահանում է այս հիվանդությունից՝ հիմնականում զարգացող երկրներում, որտեղ կան խնդիրներ առողջապահության, պատվաստումների ու գիտելիքի հետ»։