Լեւոն Տեր-Պետրոսյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ խոսել է արտահերթ ընտրություններից

Ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ, շեշտելով որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են»,- գրված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով որպես Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին եւ Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

© Medialab.am