Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը»․ Fip.am

2020-ի դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «ֆեյք»։

«Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան»,- հայտարարել էր Վանեցյանը՝ հավելելով, որ «վիրտուալ հայրենիքում» արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ թվացյալ հավանությունը՝ լայքը։ 

Վանեցյանի այս հայտարարությունը միակ դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները միմյանց մեղադրում են ֆեյքերի բանակ ունենալու և դրանցով հասարակական լայն աջակցության իմիտացիա ստեղծելու մեջ։

«Փաստերի ստուգման հարթակը» վերջին ամիսներին ուսումնասիրել և բացահայտել է տարբեր քաղաքական գործիչների և ուժերի կողմից ուղղորդվող կամ նրանց հարող կեղծ օգտահաշիվների գործունեությունը սոցիալական ցանցերում։

Առաջինը ներկայացնում ենք Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի օգտին աշխատող կեղծ հաշիվների «բանակը»։

Ֆեյսբուք

«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկման արդյունքում հաջողվեց Ֆեյսբուքում ֆեյքերի ուղղորդված «բանակ» բացահայտել։ Այս խումբը կազմված է առնվազն 160 օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն  շատ ավելի մեծ է։ Այս կեղծ էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։ Ուսումնասիրվել են բացառապես այս պահին ակտիվ գործունեություն ծավալող կեղծ օգտահաշիվները։ Չի բացառվում նաև, որ գոյություն ունեն նախկինում գործարկված, սակայն ներկայում պասիվ և որևէ գործունեություն չծավալող օգտահաշիվներ, որոնց բացահայտումը բարդ կամ նույնիսկ անհնար է։https://www.youtube.com/embed/yd20mRAWYs8?feature=oembed

Էջերի բովանդակությունը

Այսպես, այս օգտահաշիվները միևնույն հրապարակումով կիսվում են նույն օրը, գրեթե նույն ժամին, և կարելի է ասել, որ այս «բանակի» կողմից ընդամենը րոպեների ընթացքում կոնկրետ հրապարակումն ունենում է մի քանի տասնյակ և նույնիսկ հարյուրի հասնող հավանում և կիսում։ Օրինակ, Anonymous անվանումով ֆեյսբուքյան մի էջի հոլովակով, որում կոչ է արվում միանալ պատերազմից հետո 17 կուսակցությունների կողմից իրականացվող ցույցերին, րոպեների ընթացքում կիսվել են այս «բանակի» 98 անդամ։ Մեկ այլ օրինակ է 17 կուսակցությունների շարժմանը միացած, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի համահիմնադրած «Իրավական ուղի» ՀԿ-ի հայտարարությունը, որով կիսվել էր այս բանակի 108 անդամ։

Այս օրինակները բավական շատ են, և էջերի թռուցիկ ուսումնասիրությունը տպավորություն է թողնում, թե միևնույն մարդու էջում ենք՝ միակ տարբերությամբ, որ օգտատիրոջ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։ 

«Անձնական» լուսանկարները

Ֆեյքերի լուսանկարների ուսումնասիրությունից պարզեցինք, որ դրանք ևս ունեն տեղադրման որոշակի սկզբունք։ Կեղծ օգտահաշիվների մեծ մասն ունի 2-3 «անձնական» լուսանկարներ, որոնք տեղադրվել են նույն օրը։ Համացանցում լուսանկարների որոնման միջոցով գտանք դրանց մեծ մասի իրական տերերին։ Արդյունքում պարզվեց, որ դրանք մեծամասամբ ռուսական սոցիալական կայքերի օգտատերերի անձնական լուսանկարներ են, սակայն առկա են նաև հայ օգտատերերից գողացված լուսանկարներ։

Ստորև կարող եք տեսնել ֆեյքերի լուսանկարների իրական տերերին։ https://www.youtube.com/embed/PRFPTYaMLhg?feature=oembed

Ինչ վերաբերում է ընկերների ցանկին, ապա դրանք մեր ուսումնասիրած ֆեյքերի դեպքում մեծամասամբ համընկնում են, ավելին՝ նրանք կան նաև միմյանց ընկերների ցանկերում։

Ստեղծման մասին

Քանի որ Ֆեյսբուքում այլևս հնարավոր չէ պարզել օգտահաշվի ստեղծման հստակ ամսաթիվը (մեծամասամբ այդ տեղեկատվությունը փակ է), փորձեցինք մեկ այլ եղանակով հասկանալ, թե երբ են առաջին անգամ այս ֆեյքերն ակտիվություն ցուցաբերել իրենց էջերում։ Որպես հիմք վերցրեցինք օգտահաշվում գլխավոր լուսանկարի տեղադրման ամսաթիվը։ Ինչպես արդեն նշել էինք, ֆեյքերն իրենց «անձնական» լուսանկարները տեղադրել են նույն օրը։ Եվ եթե, օրինակ, առկա է երկու լուսանկար, որոնցից մեկում անձը ձմեռային, մյուսում ամառային հագուստով է, սակայն երկուսն էլ տեղադրված են միևնույն օրը, դա առնվազն տարօրինակ է և հարցեր է առաջացնում։ Եվ հենց սա՛ է հիմք տալիս ենթադրելու, որ լուսանկարների տեղադրման ամսաթիվը, մեծ հավանականությամբ, համընկնում է օգտահաշվի ստեղծման հետ։ Այս մեթոդով ուսումնասիրությամբ պարզեցինք, որ ֆեյքերի «բանակի» մոտ 90 տոկոսն իրենց գլխավոր լուսանկարները տեղադրել են 2020 թ. հունվար-ապրիլ և օգոստոս ամիսներին, այսինքն՝ բացվել են նշված ժամանակահատվածում։ 

Տարածվող լուսանկարները

Ֆեյքերի զգալի մասը տարածել են միևնույն լուսանկարները` նույն ժամին և նույն ուղեկցող գրառմամբ կամ հեշթեգով։ Այդ նկարներից մեկը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի լայքերի նվազումը հավաստող կադրն է, որը տարածվել է 108 ֆեյքերի էջերում։ Հավանումների միևնույն թիվը պատկերող կադրը տարածվել է նույն ուղեկցող գրառմամբ։ Այն տարածվել է նոյեմբերի 29-ի գիշերը՝ հիմնականում 00։20-01։00 ժամանակահատվածում։

Ուշադրություն դարձրեք ներքևում տեղադրված Gif անիմացիային, որտեղ ցուցադրել ենք ֆեյքերի կողմից տարածված նկարը։ Ինչպես տեսնում եք՝ փոխվում են միայն օգտատերը և հրապարակման րոպեն, իսկ սքրինշոթը և դրան ուղեկցող գրառումը մնում է անփոփոխ։

Ուշադրություն դարձրեք օգտահաշիվների անուններին և գրառումների ժամերին։

Մեկ այլ նկար, որը վերաբերում էր 17 կուսակցությունների՝ դեկտեմբերի 2-ի երթին, իրենց անձնական էջերում տեղադրել են 112 ֆեյքեր։ Ուղեկցող գրառումն ու հեշթեգը կրկին նույնն են։ Իսկ լուսանկարի տարածման ժամը հիմնականում դեկտեմբերի 2-ի ժամը 15։00-15։45-ն է։

Այս GIF անիմացիայում ևս փոխվում են միայն օգտատերն ու հրապարակման րոպեն, լուսանկարն ու կից գրառումը, ինչպես նախորդ դեպքում, նույնն է։

Այս ֆեյքերից 110-ն էլ նոյեմբերի 26-ին, ժամը 12։00-13։30 հատվածում իրենց էջում տեղադրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նկարը։

Կրկին ուշադրություն դարձրեք այն փաստին, որ փոխվում են միայն օգտատիրոջ անուն/լուսանկարն ու հրապարակման րոպեն։

Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի, այս լուսանկարի դեպքում ֆեյքերի մի մասը այն պարզապես տարածել էր, իսկ մյուսներն այն վերնագրել են «Հ Ր Ա Ժ Ա Ր Ա Կ Ա Ն» գրությամբ։

Կրկին ուշադրություն դարձրեք օգտահաշիվների անուններին և գրառումների ժամերին։

Հավանած էջերը

Հետաքրքիր են նաև ֆեյքերի հավանած ֆեյսբուքյան էջերի ցանկն ու նմանությունը։ Գրեթե բոլորի մոտ կարելի էր հանդիպել ընդամենը մի քանի հավանած էջ, որոնց ցանկում են «Հրապարակ» օրաթերթ և I-lur էջերը։ Վերջինս բացվել է նախորդ տարվա հունիսի 6-ին և տարածում է ներկա իշխանություններին նվաստացնող հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ու գործիչների խոսքը, որոնցից առանձնանում են «Բարգավաճ Հայաստան» ու «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների՝ առավելապես ղեկավարների հայտարարությունները։ 

Ո՞ւմ օգտին են աշխատում

Առաջին հայացքից ֆեյքերի այս կազմակերպված «բանակը» աչքի է ընկնում հակաիշխանական ուղղվածությամբ գրառումներով ու նյութերի տարածմամբ, սակայն առավել մանրամասն ուսումնասիրությունը մեզ բերեց այն համոզմունքին, որ ֆեյքերի «բանակը» կառավարվում է «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանին սատարելու և վերջինիս քաղաքական հակառակորդներին թիրախավորելու նպատակով։

Հիշեցնենք, որ Վանեցյանը 2019 թ. սեպտեմբերին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 

2019-ի նոյեմբերի վերջին նա հիմնադրեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, իսկ 2020-ի փետրվարին հիմնադրվեց նույնանուն կուսակցությունը՝ դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում։ 

Ինչպես վերևում ցույց տվեցինք, ֆեյքերի այս մեծ խումբը գործում է շատ համակարգված և տարածում բացառապես քաղաքական բովանդակություն ունեցող նույն գրառումներն ու նկարները։ Սակայն ֆեյքերի բանակի որոշ անդամների գործողությունները հնարավորություն տվեցին գտնել դրանց փաստական կապը Արթուր Վանեցյանի հետ։

Այսպես, ֆեյքերի բանակի անդամների մի մասը տեղադրել է նոյեմբերի 11-ին Pressing հաղորդաշարին Վանեցյանի տված հարցազրույցի միևնույն հատվածը։ Սակայն առավել կարևոր է այն փաստը, որ ֆեյքերը ոչ թե կիսվել էին Վանեցյանի հարցազրույցի այս հատվածով, այլ յուրաքանչյուրն առանձին-առանձին վերբեռնել է այն իր էջում։ Հատկանշական է, որ այս օգտատերերի մոտ սա միակ վերբեռնված տեսանյութն է։

Ակնհայտ է, որ վերջիններս սատարում են Վանեցյանին, իսկ մյուս ֆեյքերի հետ կապը հիմնավորում է նաև այն կասկածները, որ ֆեյքերի ողջ «բանակը» ստեղծված է հենց Վանեցյանին սատարելու նպատակով։

Կրկին ուշադրություն դարձրեք տեսանյութի տեղադրման րոպեին։ Տասնյակ օգտատերեր միևնույն տեսանյութը վերբեռնել են իրենց անձնական էջեր միևնույն րոպեին, ինչը այս խմբի դեպքում արդեն իսկ օրինաչափ է։

Այս համատեքստում ուսումնասիրեցինք նաև Վանեցյանի տարբեր հայտարարությունների վերաբերյալ լրատվական կայքերի ֆեյսբուքյան հրապարակումները։ Արդյունքում պարզեցինք, որ ֆեյքերի այս «բանակը» նաև լրատվականների մեկնաբանությունների բաժնում է շատ ակտիվ։

Կապված լուրի բովանդակությունից՝ ֆեյքերի մեկնաբանությունները ևս տարբեր էին։ Այդպիսի օրինակ է սեպտեմբերի 24-ին «Առավոտ» օրաթերթի ֆեյսբուքյան էջի հրապարակումը, որտեղ գրված էր Վանեցյանի ու իր ընտանիքի հայցադիմումի մասին՝ ընդդեմ 1in.am լրատվականի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի։

Այս հրապարակման մեկնաբանություններում ֆեյքերի մեկնաբանությունները բաժանվում էին երկու մասի։ Մի մասն աչքի էր ընկնում Բաբաջանյանի մասին վիրավորական մեկնաբանություններով, մյուսները գրում էին Վանեցյանին իրենց անվերապահ աջակցության մասին։ Մասշտաբների մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ այս լուրի վերաբերյալ արված 60 մեկնաբանություններից 49-ը պատկանում էին այս «բանակին»։

Մեկ այլ օրինակ է Panorama.am լրատվականի ֆեյսբուքյան էջում տեղադրված, Արթուր Վանեցյանի՝ ռուսական ФАН կայքին տված հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որտեղ Վանեցյանը խոսում է պատերազմում կրած պարտության պատճառների մասին։ Մեկնաբանությունները կրկին բաժանվում են երկու մասի։ Մի մասը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վիրավորական գրառումներ է արել, մյուս մասը կրկին հավաստել է իր անվերապահ սատարումը Վանեցյանին։ Մեկնաբանողները, ինչպես և արդեն սպասելի է, մեր բացահայտած «բանակից» են։ Ի դեպ, ֆեյքերին են պատկանում լրատվականի այս նյութի 38 մեկնաբանություններից 34-ը։

Նույն խումբն ակտիվ էր նաև ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սահակյանի գրառման տակ, որը տեղադրել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի և Արթուր Վանեցյանի համատեղ լուսանկարով՝ գրելով, թե Իլհամ Ալիևը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից վարձկաններ է խնդրել, և քանի որ Կադիրովը հայերին համարում է բարեկամ ժողովուրդ, մերժում է ստացել։ 

Այստեղ արդեն ֆեյքերն իրենց սերն էին արտահայտում առ Ռամզան Կադիրովն ու չեչեն ժողովուրդը, ինչպես նաև հիանում Վանեցյանով։

Նման օրինակները բազմաթիվ են, և Վանեցյանի մասին բազմաթիվ լուրերը, որոնք հայտնվում են լրատվականների էջերում, ստանում են նույն արձագանքը։

Թվիթեր

Fip.am-ն ուսումնասիրեց նաև Թվիթեր սոցիալական ցանցում Վանեցյանին աջակցող օգտահաշիվները՝ պարզելու, թե արդյո՞ք դրանց մեջ կան կեղծերը։ Վանեցյանը Թվիթերին միացել է 2020-ի հունվարին։

Հատկանշական է, որ Վանեցյանն իր առաջին գրառումը կատարել է 2020-ի հունվարի 14-ին, իսկ վերջինը՝ նոյեմբերի 9-ին` արցախյան պատերազմի վերջին օրը։ Ընդհանուր առմամբ, նա ունի ընդամենը 19 գրառում։https://www.youtube.com/embed/H6TG6_YXzjA?feature=oembed

Դիտարկման արդյունքում բացահայտվեցին Վանեցյանի թվիթերյան գրառումները հավանող օգտահաշիվներ, որոնք, հավանաբար, ստեղծվել են միայն այդ նպատակով։ Այսպիսով, Թվիթերում կան առնվազն 20 օգտահաշիվներ, որոնք իրենց ամբողջ գոյության ընթացքում հավանել են միայն Վանեցյանի գրառումները։ Ավելին, այդ օգտահաշիվների զգալի մասը ստեղծվել է 2020-ի հունվարին՝ հենց այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանն է գրանցվել Թվիթերում։ Եվս մի քանի տասնյակ օգտահաշիվների հավանումների զգալի մասը Վանեցյանի գրառումներն են, բայց կան նաև այլ հավանումներ ևս։ Սրանց թիվը առնվազն 27 է։ Այպիսով, գրեթե 50 օգտահաշիվներ կարելի է համարել ուղղորդվող, և դրանք, ամենայն հավանականությամբ, բացվել են Թվիթերում Վանեցյանին առցանց աջակցողների «բանակը» արհեստականորեն մեծացնելու համար։https://www.youtube.com/embed/zp8npiInBSU?feature=oembed

Եզրակացություն

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վիրտուալ դաշտում հանրային աջակցություն ունենալու իմիտացիա ստեղծելու նպատակով գործարկվել է ֆեյքերի մի մեծ «բանակ», որը, ինչպես ցույց տվեցին փաստերը, աշխատում են քաղաքական դաշտում հայտ ներկայացրած Արթուր Վանեցյանի համար։  

Հովհաննես Նազարեթյան

Նելլի Լազարյան

Fip.am