«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, ի՞նչ է կատարվում իշխանության ներսում, այս պաշտոնանկություններն ինչի՞ մասին են խոսում։
– Հեղափոխությունից հետո իշխանության վերջին վեց տարվա կառավարումը կարելի է համարել տապալված բոլոր առումներով, և սա հասկանում է նաև երկրի վարչապետը: Քանի որ նա չի ուզում գիտակցել կամ, միգուցե, հասկանում է, որ դրա գլխավոր պատճառն ինքն է, այլ ոչ թե իր կադրերը, որոշել է, որ պետք է պաշտոնանկություններ անի, ինչը մեծ բան չի փոխելու, որովհետև կառավարման տկարությունը երկրում, թույլ մենեջմենթը գալիս են գործող անձից, որը Նիկոլ Փաշինյանն է, ու ինքն էլ խոստովանում է, որ չի կարողանում կառավարել, իրեն համարում են թույլ, բայց փորձում է ինչ-որ ատամ ցույց տալ 2026-ից առաջ, որպեսզի ընտրողներին վերջին անգամ համոզի, թե ինքը թույլ վարչապետ չէ։
– Այսինքն՝ այս ամենը կապում եք նաև նախընտրական գործընթացների՞ հետ։
– Միանշանակ, որովհետև վարչապետի վերջին ամիսների հռետորաբանությունն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, հարցումներն էլ անընդհատ մեզ ցույց են տալիս իշխանության վարկանիշի նվազում, ու այս իմաստով իշխանությունը հասկանում է, որ այն, ինչ խոստացել է ժողովրդին, չի կատարել, հետևաբար պետք է մինչև ընտրությունները ինչ-որ փոփոխություններով ցույց տան, որ իշխանությունը ունի վերափոխվելու կամ ստեղծված իրավիճակը վերանայելու կամք։
– Իսկ արտահերթ ընտրությունների գնալու ցանկություն ունի՞ իշխանությունը, ըստ ձեզ։
– 2020-ից հետո, ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել արտահերթ ընտությունների սցենարին ու հիմա էլ պատրաստ է, եթե լինի այնպիսի արտաքին քաղաքական ձեռնտու իրավիճակ, ինչպիսին, օրինակ՝ խաղաղության թուղթ ստորագրելն է, եթե դա մեզ նույնիսկ խաղաղության երաշխիք չտա, որը Նիկոլ Փաշինյանը կարող է թափահարել ու ասել՝ ժողովո՛ւրդ, ես ձեզ խաղաղություն բերեցի, անհրաժեշտ է լինելու դա շատ արագ կապիտալացնել ընտրությունների միջոցով։
Այս հանգամանքներում կարող են լինել արտահերթ ընտրություններ, այսինքն՝ արտահերթ ընտրությունների միակ դրդապատճառը լինելու են արտաքին գործոնները, արտահերթ ընտրությունների համար ներքին իրավիճակ ես չեմ տեսնում։ Միակ իրավիճակը կարող էր ստեղծել խորհրդարանական ընդդիմությունը, բայց քանի որ նրանք աշխատում են իշխանության հետ, չի կարող նման իրավիճակ ստեղծվել։
– Տիկի՛ն Սամսոնյան, իսկ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ այս փոփոխություններով մարդկանց համոզել, որ ձախողումների պատճառը նախարարներն են, այլ ոչ թե ինքը։
– Իհարկե չի ստացվելու կադրային փոփոխություններով որևէ բան փոխել, որովհետև առհասարակ պետական համակարգում Նիկոլ Փաշինյանից չեն վախենում ու նույնիսկ նրան խաբում են։ Պետական համակարգում չեն խոսում ու չեն ասում Նիկոլ Փաշինյանին, որ պետության գործերն առհասարակ վատ են, ամեն ոլորտի պատասխանատու իր մասով չի ուզում ճշմարտությունն ասել վարչապետին։ Սա ինձ հիշեցնում է Հանրապետական կուսակցության կառավարման տարիները, նույնը նաև այն ժամանակ էր՝ ոլորտի պատասխանատուները նախագահին զեկուցում էին, որ ամեն ինչ լավ է, բայց երկիրը բոլոր առումներով անկում էր ապրում իր խոր հետևանքներով։
Հիմա ստեղծվել է նույն իրավիճակը, ՔՊ կուսակցականները, որոնք զբաղեցնում են պաշտոններ, վախենում են վարչապետին ճշմարտությունն ասել ու սխալ են զեկուցում։ Կան շատ խնդիրներ, որոնց պատասխանը տալու է Նիկոլ Փաշինյանը, ինքն այդ առումով ճիշտ է ասում, վերջում ինքն է գնալու ժողովրդից ձայն հավաքի ու իր կադրերի արած-չարածի համար ինքն է պատասխան տալու:
Դրա հետևանքը լինելու է նաև այն, որ միգուցե նա այլևս բացարձակ իշխանություն չունենա երկրում, իսկ նա դեռ ուզում է բացարձակ իշխանություն ունենալ երկրում, նույնիսկ չի դիտարկում կոալիցիոն իշխանություն ունենալու տարբերակը: Ահա թե ինչու իրեն պետք են որոշակի քայլեր, որոնք ժողովրդին ցույց կտան, որ կառավարությունը գնում է ռեստարտի, բայց սա իրականում որևէ արդյունք չի տա, քանի որ Փաշինյանի կադրային բանկը շատ սնանկ է, այսինքն՝ ամեն պաշտոնանկ արվածին փոխարինում է ավելի վատը: Սա պետք է հասկանանք ու հաշվի առնենք այն, որ Փաշինյանը միշտ ընտրություն է կատարում շատ նեղ օղակում, դրանք կուսակցականացված մարդիկ են, իսկ կուսակցականացված մարդիկ միշտ առաջնորդվում են կուսակցական շահերով, այլ ոչ թե՝ ոլորտի զարգացման։
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ազնիվ չեն Նիկոլ Փաշինյանի հետ։
– Որպեսզի վատամարդ չդառնան ու նաև վախենում են կորցնել իրենց դիրքն ու պաշտոնը, որովհետև եթե զեկուցեն, որ վատ է վիճակը, նախևառաջ իրենց «գլուխն է թռչելու», ինչպես տեսանք վերջին երեք օրում։
– Բայց ո՛չ այդ նախարարներն են դժգոհ իրենց աշխատանքից, ինչպես դա երևում է իրենց ուղերձներում, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է մատնանշում կոնկրետ դժգոհություն, որի համար մարդկանց ազատել է պաշտոններից, տիկի՛ն Սամսոնյան։
– Խնդիրները կարող են նաև հանրության համար տեսանելի չլինել, այսինքն՝ գուցե եղել են դրվագներ, որոնց համար այդ պաշտոնյաները հիմա պատասխան են տալիս, բայց բոլոր դեպքերում ես չեմ հիշում որևէ պաշտոնյա Հայաստանում կառավարման վերջին ժամանակներում, որ լքի իր պաշտոնն ու ասի՝ կներեք, ես սխալ եմ արել կամ լավ չեմ աշխատել: Բոլորը, ովքեր դուրս են գալիս զբաղեցրած պաշտոնից, դուրս են գալիս հերոսի պես, ներկայացնելով, որ իրենք աշխատում էին շատ թույն, բայց, դե, իրենց չգնահատեցին, ու իրենք հեռանում են։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















