Դատախազությունը հորդորում է զերծ մնալ քվեախցիկում արված քվեաթերթիկների լուսանկարները հրապարակելուց

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ:

Իսկ քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և Դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ Դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով:

Եվ Դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու: Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց: