Քաղաքական շահարկումներ են, փաստ է, որ Հայաստանն ունի արբանյակ, իրեն հատկացված ուղեծիր և շուտով՝ կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին խորհրդական, ՄԱԿ-ի տիեզերական կոմիտեում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը ընդգծում է՝ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված և Հայաստանի Հանրապետությանը պատկանող արբանյակը երեք տարվա համառ աշխատանքի արդյունք է:

«Շատ բարդ պրոցես էր, և երբ մենք քննարկում էինք կառավարությունում, ճնշող մեծամասնությունը շատ թերահավատ էր և՛ այդ օրենքի ընդունման, և՛ սեփական արբանյակ ունենալուն: Բայց ընդամենը երեք տարի հետո մենք դա ունեցանք»,-«Մեդիալաբին» ասում է Պողոսյանը:

SpaceX ընկերության տիեզերանավով Երկրի ուղեծիր Հայաստանին պատկանող արբանյակը բաց թողնելու մասին տեղեկությունն այսօր Կառավարության նիստում հանրայնացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել էր, որ մինչ այժմ այդ գործընթացն իրականացվել է գաղտնիության պայմաններում:

Պողոսյանը մանրամասնում է՝ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել 59 արբանյակ, որից մեկը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ավելին, նրա փոխանցմամբ՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվելու է այդ արբանյակի կառավարման կենտրոնը:

«Այսինքն՝ այս կենտրոնից կառավարվելու է արբանյակը, և այդ կենտրոն ստացված տեղեկությունները մշակվելու են: Արբանյակը Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է, որի հիմնական գործիքակազմը նկարահանումն է: Արդյունքները կարող են օգտագործվել տարբեր տեղերում, օրինակ՝ կադաստրային քարտեզագրման մեջ, գյուղատնտեսական, օդերևութաբանական նպատակներով, սահմանների պաշտպանության համար և այլն»,- ներկայացնում է նա:

Մինչ Հայաստանում կառավարման կենտրոնի հիմնումը, մեր երկիրը իրեն պատկանող արբանյակից անհրաժեշտ տեղեկությունը, միևնույն է, կստանա: Ֆինանսական ծախսերի մասին տվյալները չեն հրապարակվում, բայց Պողոսյանը ընդգծում է՝ ծախսված գումարները փոխհատուցվելու են ստացված տվյալներով, այդ թվում՝ անվտանգային համակարգում օգտագործվող տվյալներով:

«Կառավարման կենտրոնի դերը շատ մեծ է, քանի որ հետագայում էլ հաջորդ բաց թողնված արբանյակները, որոնք ավելի բարձր ուղեծրային կլինեն, կկառավարվեն դրա կողմից: Այդ կառավարման կենտրոնը դառնալու է այն դպրոցը, որում հայկական տիեզերագիտությունը պետք է շարունակի զարգանալ»,- նշում է նա:

Պողոսյանը հիշում է՝ դեռևս 2019 թվականին Անվտանգության խորհրդի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել էր «Տիեզերական գործունեության մասին» օրենքն ու մի շարք օրենքներում կատարել փոփոխություն: «Այդ փոփոխություններն առաջին քայլն էին: Այդ օրենսդրության համաձայն՝ Հայաստանի տարածքում լիցենզիա ունեցող տիեզերական գործունեություն իրականացնող ձեռնարկություններին շատ մեծ հարկային արտոնություններ են տրամադրվում: Այդ օրենքի տրամաբանությունն այն էր, որ դաշտը բացվի, ազատականացվի նման ձեռնարկությունների համար»,- նշում է նա:

Հայաստանի՝ արբանյակ ունենալու հարցի վերաբերյալ թերահավատությունները Պողոսյանն անհիմն է համարում: Ավելին, ասում է՝ քաղաքական շահարկում է: «Համացանցում թերահավատությունը համարում եմ քաղաքական շահարկումներ, փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի արբանյակ, որն էլ ունի իրեն հատկացված ուղեծիր, ունի անվանում, որի կառավարման կենտրոնը շուտով կգործի Հայաստանում»:

Ադրբեջանը, նրա փոխանցմամբ, արդեն չորս արբանյակ ունի, որից առնվազն մեկը հետախուզական նպատակներով է օգտագործում: «Այն ժամանակ մեր կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ մենք իսկապես հետ ենք ընկել: Ես կարծում եմ, որ մենք միշտ նման արբանյակ ձեռք բերելու հնարավորություններ ունեցել ենք, բայց նախկին կառավարիչները ինչ-ինչ նպատակով չեն զբաղվել այդ հարցով: Վստահաբար, եթե անվտանգային նկատառումներով նայենք, ապա դա բաց թողնված ժամանակահատված էր»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am