Ինչպես Փաշինյանը ճեղքեց ուղիղ եթերների վնասակարությունը

Ինչպես Փաշինյանը ճեղքեց ուղիղ եթերների վնասակարությունը
Ինչպես Փաշինյանը ճեղքեց ուղիղ եթերների վնասակարությունը

Ուղիղ եթերներն անհրաժեշտություն են: Մարզերում հարյուր հազարավոր մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Նրանք ուզում են տեսնել, թե ինչի կարող է վերաճել իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը: Ոմանց համար դա էքշըն է, մյուսների համար՝ սեփական կյանքում վճռորոշ իրադարձություն:

Սակայն մայրաքաղաքի համար բողոքի գործողություններն ուղիղ եթերով հեռարձակել է կարող է տապալել ցանկացած անհնազանդության գործողություն կամ իշխանափոխության շարժում: Էլեկտրիկ Երեւանի ձախողմանը բացի երիտասարդների անփորձությունից եւ իշխանությունների ուշադրությունից շոյվելուց, նպաստեց նաեւ ուղիղ եթերների առատությունը: Նիկոլ Փաշինյանի շարժմանը, թվում է, թե ուղիղ եթերներն արգելակող ազդեցություն չունեն: Սակայն բազմաթիվ կայքերի ուղիղ եթերների դիտումները միասին վերցրած հասնում են մոտ 40 հազարի:

Այսինքն, այդքան մարդ կարող էր լինել հրապարակում, բայց հրապարակում չէ: Նկարահանումներն անչափ կարեւոր են, կարեւոր են նաեւ լուսաբանումները, գրեթե օնլայն կարելի է ընթերցողին եւ դիտողին տեղյակ պահել դեպքերի զարգացումից: Ուղիղ եթերներն, իհարկե, մի առավելություն ունեն, թեպետ այն հաճախ չի աշխատում՝ դրանք ուժային մարմիններին պիտի որ ստիպեն զգաստ լինել:

Մարտի 1-ի ժամանակ ուղիղ եթեր չկար, եւ իշխանությունը կատարեց անկախ Հայաստանի պատմության մեջ իր ամենամեծ գազանությունը: Այսինքն, ուղիղ եթերները կարող են զսպող գործոն լինել: Համենայնդեպս, մարտի 1-ից հետո երկու խոշոր անհնազանդության գործողություններ են եղել Հայաստանում եւ՝ ոչ մի զոհ: Ուղիղ եթերները, սակայն, չխանգարեցին ոչ «Էլեկտրիկ Երեւանի» հանրահավաքի առաջին օրվա իրիկվա ոստիկանության գազանություններին, ոչ էլ ՊՊԾ գնդի գրավման երկրորդ շաբաթում ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանի հանցագործություններին, որոնք հետագայում խրախուսվեցին մեդալով:

Այսօր իրավիճակը մի քիչ այլ է: Թվում է, թե Նիկոլ Փաշինյանի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը ժողովրդի վերջին հնարավորությունն է ազատվելու Սերժ Սարգսյանից եւ Հանրապետականից:

Այս շարժմանը որեւէ կերպ չեն անդրադառնում հեռուստաընկերությունները: Միակ լուսաբանողը կայքերն են: Բայց կայքերն էլ գրեթե ուղիղ եթերից դուրս չեն գալիս: Արհեստավարժության իմաստով դա հենց այն է, ինչը պետք է անի ցանկացած լրատվամիջոց: Ուրիշ ինչպե՞ս: Ամեն ինչ տրամաբանության մեջ է:

Սակայն 40  հազար հոգի գերադասում է մնալ տանը: Հնարավոր է, որ նրանք թոշակառուներ են, հնարավոր է, որ իշխանության մանր ու մեծ ներկայացուցիչներն են, որոնք այսպես թե այնպես Ֆրանսիայի հրապարակ չէին շտապի: Այսինքն, կարելի է նույնիսկ մոռանալ այդ 40  հազարին որպես հեղափոխության ուժ: Այսօրվա դրությամբ հրապարակում բավականին մարդ կա շարժումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Թվում է, թե ուղիղ եթերներն իրենց նպատակին, այսինքն, լուսաբանմանը ծառայելով չխանգարեցին, որ ժողովուրդը գա հրապարակ եւ միանա շարժմանը:

Սակայն չենք կարող չընդունել, որ հրապարակը լցնելը հենց Նիկոլ Փաշինյանի ծառայությունն է, նա անձամբ հավաքեց այդ ժողովրդին, նա ստեղծեց իր ժողովրդին՝ բուհեր մտնելով, անելով այնպիսի գործողություններ, որոնք մարդկանց հետաքրքրությունը շարժեցին: Նա անձամբ ուսանողներին ներգրավեց գործողության մեջ:

Դրանից հետո սկսվում է լիրիկան, երբ լրատվամիջոցներն ապահովում են համապատասխան գեղեցիկ կադրը, որն ավելի է գոտեպնդում մյուսներին: Այս շարժումն ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի անձնական լրատվական հաղթանակն է: Իհարկե, լրատվամիջոցներն ունեն իրենց ծառայությունը: Բայց սա այն դեպքն էր, երբ ավելի հավանական է, որ չխանգարեցին: Քանի որ մինչեւ այս գործողությունը ուղիղ եթերները խանգարել են զարգանալ բողոքի բազմաթիվ գործողությունների, որոնք կարող էին անհանգստացնել Սերժ Սարգսյանին: Այս շարժումը հաշտեցրեց ուղիղ եթերները, որպես իրադարձության լուսաբանում եւ ժողովրդին, որպես տանը չմնացած, իրադարձություններին հենց հրապարակից հետեւող եւ առաջմղող քաղաքացի:

Մհեր Արշակյան

MediaLab.am