«Պարոն Առուշանյանը վերահսկում է գործընթացը»․ Գորիսի քաղաքապետը ընտրություններին մասնակցում է կալանավայրից

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում՝ առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ են, իսկ Գորիսում՝ միայն ավագանու: Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը այժմ կալանքի տակ է, դեռ մեկ տարի կարող է պաշտոնավարել, և միայն մեկ տարի հետո քաղաքի ավագանին կընտրի քաղաքապետ։

Ավագանու ընտրություններին Առուշ Առուշանյանը, չնայած անազատության մեջ գտնվելուն, կմասնակցի՝ գլխավորելով «Առուշ Առուշանյան» դաշինքը, որը ձևավորել են «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները։ Այս կուսակցությունները, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի կազմում են։

«Առուշ Առուշանյան» դաշինքի առաջնային դեմքերից երկուսը՝ Առուշանյանը և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, այս պահին կալանքի տակ են։

Գորիսի քաղաքապետի մյուս տեղակալը՝ Իրինա Յոլյանը, որը նույնպես դաշինքի կազմում մասնակցելու է ընտրություններին, պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին։

– Տիկի՛ն Յոլյան, Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել կալանավայրից, և, փաստորեն, արդեն պաշտոնապես հայտնի է, որ ձեր թիմը մասնակցում է Գորիսի ավագանու ընտրություններին։ Ընտրապայքարի ի՞նչ սպասումներ ունեք՝ հաշվի առնելով, որ նա անազատության մեջ է։

– Իհարկե շատ դժվար ժամանակահատված է բոլորիս համար․ իմ երկու գործընկերները՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը, անազատության մեջ են։ Հուսամ՝ կալանքի ավարտից հետո, երբ կլրանա այդ երկու ամիս ժամկետը, նրանք ազատ կարձակվեն ու կներգրավվեն ընտրական գործընթացների մեջ։ Առուշ Առուշանյանը կունենա հնարավորություն մեկ տարի ղեկավարել որպես Գորիսի քաղաքապետ, որից հետո ավագանին ընտրություն կկազմակերպի։ Մեր դաշինքի ցուցակը գլխավորում է պարոն Առուշանյանը։

– Դուք մտավախություն չունե՞ք, որ դատարանը Առուշ Առուշանյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կկայացնի։

– Իհարկե ոչ։ Ճիշտ է, բավականին ուժեղ ռեպրեսիաներ են իրականացվում նրա դեմ, քաղաքական հետապնդումներ են, բայց ես վստահ եմ, որ դատարանում կպարզվի ամեն ինչ, ու կտեսնենք, որ դրանք շինծու, կարված գործեր են։ Դրանք պարզապես երկար կյանք ունենալ չեն կարող։

– Տիկի՛ն Յոլյան, Առուշանյանի դեմ քրեական գործի հիմքում դրված է Սյունիքի մարզի համայնքներից մեկի ղեկավարի ցուցմունքը…

– Այո՛, Քարահունջի ղեկավարի ցուցմունքն է, որը չորս անգամ ցուցմունք է տվել՝ առաջին երկու ցուցմունքում նշել է, որ նման բան չկա, իր նկատմամբ պարտադրանք չի եղել, իսկ մյուս երկու ցուցմունքներում արդեն փոխել է իր դիրքորոշումը։ Սա ևս ակնհայտորեն խոսում է այն մասին, որ գուցե եղել են ճնշումներ կամ այլ հանգամանքներ, երբ մարդ չորս անգամ ցուցմունք է տալիս ու երրորդից արդեն սկսում է փոխել ցուցմունքը։

– Պարո՛ն Առուշանյանը իր տարածած հայտարարության մեջ ասում է, որ «մեր դաշինքի հիմքում ընկած են արդարության և ազատության սկզբունքները, ազգային պետական շահը և ներազգային համերաշխության հաստատումը»։ Ի՞նչ նկատի ունի Գորիսի քաղաքապետը, կներկայացնե՞ք։

– Պարոն Առուշանյանը իր պետականամետ գործունեությամբ ինչպես խաղաղ պայմաններում է շենացրել Գորիսը, այնպես էլ պատերազմի ժամանակ։ Գորիսն իր ցուցանիշներով հանրապետությունում առաջատար համայնքներից մեկն է՝ ներդրումների, շինարարական ծավալների առումով։ Իսկ պատերազմի ժամանակ ամբողջ համայնքը նվիրումով Առուշ Առուշանյանի գլխավորությամբ պահել է Արցախի թիկունքը։ Այդպես եղել է նաև հետպատերազմական շրջանում, երբ սոցիալական խնդիրների լուծման ժամանակ քաղաքապետը համայնքների բնակիչների կողքին էր։ Այսօր էլ դրա համար մեր նկատմամբ քրեական գործ է հարուցված, մեզ մեղադրում են մեր սահմանը պահող բնակիչներին դրամական աջակցություն տալու համար։ Սահմանը պահող բնակավայրի բնակիչը դիմել է համայնքապետարան, օգնություն խնդրել, եթե որոտանցին այդ գումարը չպետք է ստանա, ապա էլ ո՞վ ստանա։

– Ասում են՝ այդ գումարը տվել են բնակչին ու պահանջել ընտրել «Հայաստան» դաշինքին։

– Բացարձակապես նման բան լինել չի կարող, որովհետև մենք նրանց հետ չենք հանդիպել, չենք խոսել։ Նրանք ուղղակի դիմում են գրել շատ տարբեր ժամանակահատվածներում, ինչպես սովորաբար լինում է, և օգտվել են իրենց հասանելիք դրամական աջակցությունից։

Հենց դրա համար ենք վստահ, որ սա քաղաքական ճնշում է, և դատական պրոցեսի ժամանակ ամեն ինչ ակնհայտ կլինի։ 115 քաղաքացու հարցաքննել են, բոլորն էլ ասել են, որ ազգակցական կապ չունեն, քաղաքացիներ են, դիմում են գրել օգնության խնդրանքով, ինչի հիման վրա գումարը բաշխվել է։ Եթե սահմանը պահող գյուղացին չպիտի ստանա, ապա ո՞վ պետք է ստանա։

– Տիկի՛ն Յոլյան, դուք ինչպե՞ս եք քարոզարշավ վարելու, միայնա՞կ եք լինելու։

– Ո՛չ, մենք բավականին մեծ ցուցակ ունենք, 50 հոգի են մեր թեկնածուները, լավ, մեծ թիմ ունենք ու թիմով էլ աշխատելու ենք։ Մենք գնում ենք ընտրության կուսակցությունների դաշինքով, և բնական է, որ կուսակցությունները ևս իրենց աջակցությունը ցուցաբերելու են մեզ այս ընտրապայքարում։

Եվ ասեմ՝ ոչ միայն կուսակցություններն են աջակցելու, մենք բազմաթիվ համախոհներ ու նվիրյալ թիմակիցներ ունենք, որոնք ևս պատրաստ են մեզ օգնելու։

Նրանք ջանք չեն խնայում, որ արդարությունը հաղթի։ Հատկապես Գորիս համայնքում բնակիչները շատ լավ են ճանաչում իրենց ղեկավարին, գիտեն նվիրումը, գիտեն կատարված աշխատանքը, ամեն օր տեսնում են՝ ինչպես է փոխվում քաղաքը։ Նույնիսկ կալանավորված լինելու պարագայում պարոն Առուշանյանը վերահսկում է գործընթացը, և ցանկացած մարդ, մտնելով մեր քաղաք, կտեսնի՝ Գորիսը ամբողջովին շինհրապարակ է։

– Իսկ Ռոբերտ Քոչարյանը աջակցելո՞ւ է «Առուշ Առուշանյան» դաշինքին։

– Այս պահի դրությամբ, անկեղծ ասած, էդպիսի պայմանավորվածության ես չեմ տիրապետում, չեմ կարող որևէ բան ասել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am