«Նորություն չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան է ասում, հետո 180 աստիճանով հակառակն անում». Արմեն Բադալյան

«Նորություն չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան է ասում, հետո 180 աստիճանով հակառակն անում». Արմեն Բադալյան
«Նորություն չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան է ասում, հետո 180 աստիճանով հակառակն անում». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

– Պարո՛ն Բադալյան, վերջին օրերին խորհրդարանում Սահմանադրությունից բխող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ավելի ակնհայտ դարձավ, որ նոր վարչապետին լայն լիազորություններ են տրվելու: Ընդդիմադիրները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները փաստորեն մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի համար են արվել: Ի՞նչ իրավիճակ է:

– Այդ կասկածները վաղուց կային: Երբ 2015 թվականին անցկացվում էր սահմանադրական հանրաքվեն, այդ ժամանակ շատերը նշում էին, որ դա հենց մեկ նպատակով է կատարվում, որովհետև գործող Սահմանադրությունն այլևս թույլ չի տալիս գործող նախագահին երրորդ անգամ առաջադրվել: Եվ որպեսզի Սերժ Սարգսյանը մնար իշխանության գլուխ, դեռ այն ժամանակ տեսակետներ էին հնչում, որ պետք է անցում կատարվեր խորհրդարանական կառավարման համակարգի, որպեսզի վարչապետն ինչքան ցանկանա, այնքան էլ պաշտոնավարի: Եվ հիմա, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի կողմից ընդունվող այս օրենքները, ավելի են հիմնավորվում այն տեսակետները, որ այս պահի դրությամբ վարչապետի ամենահավանական թեկնածուն լինելու է գործող նախագահը: Բոլոր օրենքները, որոնք ընդունվում են, դա են ցույց տալիս, ինչպես նաև ցույց են տալիս այն, որ այդ օրենքներում իրականացվում է գործող նախագահի վերջին տարիներին իրականացված կադրային քաղաքականությունը:

– Այսինքն՝ երկրում «սուպերվարչապետության» ինստիտո՞ւտ է ստեղծվում, որովհետև վարչապետը մեծ լիազորություններով է օժտված լինելու:

– Ճիշտ չէ իրավական տեսանկյունից դա «սուպերվարչապետություն» անվանել, բայց քաղաքագիտական տեսանկյունից, այո՛, դա ամենայն հավանականությամբ հենց սուպերվարչապետի ինստիտուտն է: Իսկ ինչո՞ւ է այդ ինստիտուտը ստեղծվում, և ինչի՞ համար է դրա պոտենցիալ թեկնածուն լայն լիազորություններ ունենալու, դա բնական է, որովհետև այլևս ոչ մի դիմադրող գործոն չկա: Եվ, բնականաբար, ցանկացած իշխանավոր, երկար տարիներ լինելով իշխանության մեջ, եթե չկա դիմադրություն, միշտ էլ ցանկանում է հնարավորինս շատ լիազորություններ վերցնել իր ձեռքը:

– Արդեն հայտնի է, որ ուժային կառույցները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու ՊՊԾ-ն գործելու են վարչապետի ենթակայությամբ: Սրանով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Սերժ Սարգսյանը:

– Դրանով փաստորեն մեսիջ է ուղղվում, որ ուժային կառույցները ոչ թե նպաստելու են երկրում արդարադատության իրականացմանը, այլ ծառայելու են ապագա վարչապետին՝ իր քաղաքական իշխանությունն ամրապնդելու և իր իշխանության նկատմամբ ոտնձգություն կատարած գործիչների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ հետագա տարիներին ժողովրդավարության առումով Հայաստանում հետընթաց է լինելու:

– Երկիրը ժողովրդավարության ուղղությամբ չի էլ քայլել, որ հետընթաց ապրի: Բայց հիմա կատարվող քայլերն էլ ավելի են հետ տանում առանց այն էլ ոչ ժողովրդավար Հայաստանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կիսաավտորիտար կառավարման համակարգ է:

– Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ էլ նախագահի պաշտոնին: Իսկ այսօրվա զարգացումներն այլ բան են փաստում: Կարո՞ղ ենք ասել, որ նա հանրությանը խաբել է:

– Նախ՝ խաբելու խնդիր չկա, որովհետև այս պահի դրությամբ գործող նախագահը չի ասել, որ ինքը դառնում է վարչապետ: Նախկինում ասել է, որ եթե Սահմանադրությունը փոփոխվի, ինքը չի հավակնում վարչապետ դառնալ, և այս պահին դեռ չի ասել, որ վարչապետ է դառնալու: Կասկածներն ուրիշ են, բայց պաշտոնապես գործող նախագահը նման հայտարարություն չի արել: Իսկ թե ինչու էր այն ժամանակ ասում, թե չի ցանկանում վարչապետ դառնալ, դա իր իրավունքն է: Մենք կարող ենք մտածել, որ նա այդպես էր ասում, որպեսզի սահմանադրական հանրաքվեի ժամանակ շատ մարդիկ կողմ արտահայտվեին նոր Սահմանադրությանը: Եթե Սերժ Սարգսյանն այն ժամանակ ասեր, որ ինքն է վարչապետ լինելու, բնականաբար, Սահմանադրության փոփոխություններին դեմ ձայներն ավելի շատ կլինեին: Դա նորմալ երևույթ է, քաղաքականության մեջ ցանկացած գործիչ այդ պահին ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է: Երկրորդ՝ պետք է հաշվի առնենք այն, որ գործող նախագահը բազմիցս շատ բաներ է ասել, հետո չի արել կամ հակառակն է արել: Այնպես որ, նորություն չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան է ասում, հետո 180 աստիճանով հակառակն անում:

– Ավելի վաղ դուք ասում էինք, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի նոր վարչապետի հարցը պետք է Արևմուտքի հետ համաձայնեցվի: Այսօր արդեն կարո՞ղ ենք ասել, որ Արևմուտքի նախընտրած թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

– Չեմ կարող այս պահին դա ասել, քանի որ հստակ չէ՝ Արևմուտքը կհամաձայնի՞ Սերժ Սարգսյանին որպես վարչապետ դիտարկել: Չի բացառվում, որ Արևմուտքը համաձայնի: Ես ասել եմ՝ եթե Արևմուտքը ցանկանա, ապրիլին ուրիշ վարչապետ կարող է տեսնել Հայաստանում: Խնդիրն այն է՝ Արևմուտքը կցանկանա՞, թե՞ ոչ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am