«Սա գոմիկ ա, եկեք ծեծենք». միասեռական լինելը խնդիր է միայն անապահով խավի համար

«Սա գոմիկ ա, եկեք ծեծենք». միասեռական լինելը խնդիր է միայն անապահով խավի համար
«Սա գոմիկ ա, եկեք ծեծենք». միասեռական լինելը խնդիր է միայն անապահով խավի համար

Նախորդ տարի հիվանդության պատճառով Հայաստանը լքած մի տրանսգենդեր տարիներ շարունակ բարեգործություններ է արել, իսկ իր բուժման ծախսերը ամբողջությամբ վճարում էր ինքը, թեպետ մի մասը կարող էր անվճար անցնել: Այդ անձնավորությունը բավական լավ ֆինանսական կարողություններ ուներ, սակայն 2006թ. սկսած ավշահանգույցներում հայտնաբերված ուռուցքների պատճառով աստիճանաբար զրկվում է աշխատելու կարողությունից և, ի վերջո, սնանկանում: 

«Մինչ այդ նա բոլորին թանկ նվերներ էր տալիս` սկսած անալիզ վերցնողից մինչև բուժող բժիշկ,- «Մեդիալաբին» ասում է  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը,- իսկ երբ նրա փողերը վերջացան`բոլոր այդ բժիշկների հետ խնդիրներ առաջացան»:

Հայ «պահպանողական» հասարակությունում, որտեղ գերակա է ավանդական արժեքներին հավատարիմ բացարձակ մեծամասնություն կազմող խմբի կարծիքը՝ անհատն ու նրա անհատական ընտրությունը արժեք չեն և դոմինանտող բացասական ազդեցությունից խոսափելու համար բազմաթիվ մարդիկ են դժբախտանում կամ ամուսնանալով`վարում երկակի կյանք:

«Ես դա կարող եմ դիտարկել որպես բռնություն կնոջ նկատմամբ, քանի որ կինը տվյալ դեպքում ծառայում է ինչ-որ մեկի ինքնությունը թաքցնելու գործիք»,- ասում է Հովսեփյանը:

Այդուհանդերձ, միասեռական լինելը խնդիր է միայն աղքատ խավի համար. վերևում գտնվողները ապահով ապրում են «ապահով Հայաստանում»:

Հովսեփյանն ասում է, որ շատ մարդիկ` հայտնվելով իշխանական օղակներում կամ ձեռք բերելով ֆինանսական միջոցներ`անմիջապես հեռու են քաշվում համայնքից:

«Կարող էին ԼԳԲՏ համայնքի համար կրթաթոշակ սահմանել, թեկուզ Հայաստանում, որ մարդիկ սովորեին ու զարգանային, բայց չեն անում, որովհետև եթե անեն` ուրեմն պիտի գաղտնի անեն, իսկ այդպես չեն ուզում,- ասում է նա,- նույնիսկ եղել է, որ ինչ-որ մեկի համար մոտեցել ու փող ենք խնդրել, ասել են, որ եթե պիտի տամ ու թաքցնեմ` էլ ինչո՞ւ եմ տալիս»:

Իսկ միջին վիճակագրական միասեռականը, որպես կանոն, աշխատում է թաքցնել իր սեռական հակումը` դրա համար ձևանալով, օրինակ հոմոֆոբ:

«Շատ են դեպքերը, երբ  մի գեյ սոցիալական ցանցով մեկ ուրիշ գեյի հետ ծանոթանալուց հետո փողոցում տեսնելիս ընկերներին կարող է ասել, թե սա գոմիկ ա, եկեք էս գոմիկին ծեծենք»,- ասում է Հովսեփյանը:

Մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արված ՓԻՆՔ 2012թ. զեկույցում նշվում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություններ առկա են հասարակության ամենատարբեր շերտերում և սոցիալական ոլորտներում:

Հովսեփյանի կարծիքով ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հանրության ունեցած վերաբերմունքը մեծապես կախված է նրանից, թե պետությունն ինչ վերաբերմունք ունի այդ հարցում:

«Հայաստանի պետական և հրապարակային գործիչները մշտապես հոմոֆոբ ելույթներ են ունենում՝ այսպիսով հանրության մեջ որոշակի վերաբերմունք թելադրելով ԼԳԲՏ համայնքի նկատմամբ»,- ասում է նա:

Նախորդ տարի տրանսպորտի գնի թանկացման դեմ ծավալված պայքարի թեժ օրերին Գալուստ Սահակյանը կոչ արեց երիտասարդներին պայքարել ոչ թե տրանսպորտի թանկացման, այլ միասեռականների դեմ:

Համաձայն Amnesty International 2013թ. զեկույցի` պետական պաշտոնյաները հաճախ արդարացնում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված բռնարարքները` դրանք բնութագրելով որպես «ավանդական արժեքների» արտահայտություն:

«Երբ Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ԱԱԾ քարտուղար՝ իր դիրքերն ամրացնելու ու մարդկանց սիրտը շահելու համար հայտարարեց, որ ԼԳԲՏ մարդիկ ազգային անվտանգության համար լուրջ խնդիրն են ներկայացնում, բայց իրականում իր նման գործիչներն են այս երկիրի համար լուրջ խնդիր»,- ասում է Հովսեփյանը:

Նրա կարծիքով` երբ հանրությունում առկա է լուրջ խնդիր. գազի կամ տրանսպորտի գին, մաքսային միություն, իշխանությունները մարդկանց իրական պայքարից շեղելու համար մեդիայի միջոցով տարբեր սուտ պատմություններ են հորինում, օրինակ միասեռականների ամուսնությունների մասին:

«Այնինչ Հայաստանում ոչ մի միասեռականների հարսանիք չի եղել: Միակ դեպքը եղել է 2006թ., երբ երկու տղաներ էջմիածնի եկեղեցիներից մեկում մատանի են փոխանակել ու սիրո խոստովանություն արել»,- ասում է նա:

Այդուհանդերձ, Հովսեփյանը կարծում է, որ մոտ 20 տարի առաջ և հիմա այս հարցում որոշակի տեղաշարժ կա: «Եթե մարդիկ նախկինում խուսափում էին ԼԳԲՏ հարցերի մասին խոսել, ապա այսօր՝ թեկուզ վատ, բայց խոսում են. տաբուն քիչ-քիչ կոտրվում է»,- կարծում է նա:

Հովսեփյանը նշում է, որ իրավապահ մարմինների հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորվել են, թեպետ դրանք ուղղակի տեսանելիությունից դուրս գալով` մեկ աստիճան վերև են բարձրացել:

«Նախկինում ոստիկանները տրանսներին տանում էին քաղմաս կամ նույնիսկ գեյերից հեռախոս էին վերցնում`շանտաժի ենթարկելով, թե ծնողներիդ կզանգենք.- ասում է նա,- հիմա նման բան չկա, բայց ինչպես առաջ էր ընտրությունների խախտումը շատ բացահայտ, իսկ հիմա`քողարկված, այնպես էլ այս հարցը»:

Սիրիահայ գեյ Միքայելը, որ երկու տարի Հայաստանում է ապրում, մի քանի ագամ առիթ է ունեցել ոստիկանների հետ շփվելու: «Ոստիկան կա, որ պարզ տեսնում եմ` խոսեցնում է,-ժպտում է նա,- թողնում է համարն ու ասում, որ անհրաժեշտության դեպքում` զանգեմ: Ծանր չեմ տանում նման ուշադրությունները, բայց թույլ չեմ տալիս, որ սահմաններն անցնեն»:

Նա նշում է, որ հանդիպել է նաև լավ ոստիկանների, որոնք իրեն օգնել են: «Տաքսու վարորդի հետ խնդիր եմ ունեցել, որն ուզում էր ավելի շատ գումար գանձել, քան հարկն էր, հետո նա սկսեց ինձ հետևել, ու ես էլ զանգեցի ոստիկանություն` ասելով, որ ինձ անվտանգ չեմ զգում այստեղ,- «Մեդիալաբին» ասում է նա,- ոստիկանությունը նրա համար է, որ ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ հանրությունում ոչ մի փոփոխություն էլ չի եղել:

«Ու երևի ոչինչ էլ չի փոխվի, որովհետև մենք չափազանց անհանդուրժող ենք,- «Մեդիալաբին» ասում է նա,- որովհետև հոմոֆոբ են թե քաղաքական գործիչները, թե լրագրողները, և թե իրավապաշտպանները»:

Հայաստանը ստորագրել է հոմոֆոբիան և սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը դատապարտող մի քանի միջազգային դեկլարացիաներ, սակայն այդ կարգի փաստաթղթերը օրենքի ուժ չունեն:

Դանիելյանի կարծիքով դեկլարացիաներ ստորագրելն ու հռչակագրերին միանալը լավ է, սակայն նույնիսկ համապատասխան օրենսդրության փոփոխությունների դեպքում էլ օրենսդրական նորմերը չեն գործում, քանի որ օրենքներն ու հասարակական վերաբերմունքը տարբերվում են միմյանցից:

Իրավապաշտպանը նշում է միայն մեկ փոփոխություն. 116 հոդվածի ապաքրեականացումը:

1961թ. ուժի մեծ մտած Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով միասեռականությունը համարվում էր հանցագործություն: Եվրոպայի խորհուրդ մտնելուց հետո 2003թ. այդ հոդվածը Քրեական օրենսգրքից հանվում է: Ադրբեջանը դա արել էր 2001թ. իսկ Վրաստանը` 2000-ին:

Իսկ ատելության հիմքով կատարվող հանցագործությունը պատժող կամ արգելող օրենք Հայաստանում չկա: Առկա է խտրականության դեմ օրենքի նախնական տարբերակը, որը հեղինակել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:  2012թ. DIY փաբը պայթեցնող երիտասարդները դատվեցին գույքին վնաս հասցնելու հոդվածով, մինչդեռ նրանց գործողությունները հիմնված էին հենց ատելության կոչերի վրա:

«Մարդիկ հոմոֆոբ կոչեր են անում՝ ուղղված անձի այս կամ հատկանիշի՝ տվյալ դեպքում սեռական կողմնորոշմանը, դրանով նվաստացնելով ու ատելություն սերմանելով նրա նկատմամբ»,- ասում է Հովսեփյանը:

Ի դեպ, ԼԳԲՏ անձինք` օգտագործելով նրանց նկատմամբ առկա խտրականությունները, տարբեր միջոցներով լքում են Հայաստանը: DIY ակումբի վրա հարձակումից հետո այդ հոսքը նորից շատացել է:

«Այսպիսի հոսք եղել է 90-ականների վերջին, և նույնիսկ միասեռական ներկայանալով  բազմաթիվ հետերոսեքսուալներ էլ են գնացել»,- նկատում է Հովսեփյանը:

ԼԳՏԲ համայնքի հիմնախնդիրները բարձրաձայնող ՓԻՆՔ ՀԿ-ն ստեղծվել է 2007թ.: Սակայն մի խումբ ակտիվիստներով հավաքվել են դեռևս 2003թ-ից՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող են փոխել իրավիճակը:

«Նրանցից մեկը տեղացի էր, մյուս երկուսը` ամերիկահայներ. ես միացա նրանց,- ասում է Հովսեփյանը,- հետո պարզեցի, որ նման փորձեր արվել են դեռև 1990-ականների կեսերին,  սակայն նրանց վրա ճնշումներ են եղել իրավապահ մարմինների կողմից՝ ընդհուպ մինչև բռնություն: Բոլոր այդ մարդիկ փախել են Հայաստանից անվերադարձ»:

Հովսեփյանն ասում է, որ այդ խմբի գործունեության արդյունքում բազմաթիվ միասեռականներ «պահարաններից» դուրս եկան, որոնք այժմ տեսանելի են հանրությունում. «Ասում են, թե գեյերը հիմա շատացել են, բայց դա այդպես չէ, ուղղակի նրանք սկսեցին ավելի շատ երևալ»:

ՓԻՆՔ-ի նախագահն ասում է, որ այստեղ հարցը նույնիսկ մարդկանց թվաքանակը չէ, քանի որ եթե անգամ մեկ անձ խնդիր ունի իր ինքնության լինելիության հետ կապված, ապա այդ մարդը պետք է պաշտպանված լինի:

Աննա Մուրադյան

© Medialab.am