Սփյուռքի հայ մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի կառավարմանը. «Արմենպրես»

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ. իրականացնելու է պիլոտային ծրագիր, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտների բարելավման նպատակով ներգրավել սփյուռքահայ արհեստավարժ մասնագետների: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է սփյուռքի մրցունակ մասնագետների փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման գործում, խթանել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, նպաստել «ուղեղների վերադարձին»:

«Նախապես մենք դիմել ենք պետական մարմիններին: Յուրաքանչյուրում տարբեր մասնագետների կարիք կա՝ տնտեսագետ, իրավաբան, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, սոցիոլոգ և այլն: Երբ մենք ծրագրի մեկնարկի հետ կապված հայտարարությունը տանք, այնտեղ կլինի առցանց գրանցվելու ձև, որտեղ դիմողները կընտրեն այն աշխատավայրը, որը ցանկանում են»,-ասաց Կարեն Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում հիմնականում սփյուռքահայ մասնագետները կհրավիրվեն և կաշխատեն Հայաստանի պետական մարմիններում՝ ոլորտային հետազոտությունների, ուսումնասիրությունների կատարման, համապատասխան առաջնային ծրագրերի, ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ:  Ծրագրին կարող են դիմել սփյուռքահայ այն մասնագետները, որոնք ունեն մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան:

Ծրագիրը մեկնարկելու է 2020թ. հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս: Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կացարան:

«Այդ մասնագետները վճարվելու են, բայց դա չի լինելու աշխատավարձ, այլ՝ առօրյա ծախսերի համար: Ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ապա սա լավ հնարավորություն է նրանց համար»,-ասաց նա: Այս տարվա ծրագիրը պիլոտային է և առայժմ նախատեսված է առավելագույն 20 հոգու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։