«Մարդիկ այս իրավիճակում փրփուրներից են կառչում, բայց մենք կոչ ենք անում չգալ Լարս»․ ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ

Լուսանկարը՝ 24news.am

Թեպետ ցամաքային սահմանով Ռուսաստանից Հայաստան վերադառնալու և հակառակ ուղղությամբ ուղևորվելու ցանկություն ունեցող անձանց թիվը քիչ չէ, սակայն առայժմ դա հնարավոր չէ, քանի որ Վրաստանը սահմանները չի բացել։ 

Սպասվում էր, որ օգոստոսի 1-ից վրացական կողմը միգուցե կհայտարարեր այս ուղղություններով ցամաքային  սահմանները բացելու մասին, սակայն դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։

Վերջին ամիսներին պարբերաբար կուտակումներ են եղել Լարսի անցակետի ռուսական հատվածում, մասնավորապես, ՌԴ-ում բնակվող հայերն իրենց մեքենաներով ու ընտանիքներով եկել են անցակետ՝ ցանկանալով վերադառնալ Հայաստան։ 

Սակայն սահմանները փակ լինելու պատճառով նրանց հերթագրել են՝ չարտերային թռիչքներով վերադարձի համար։

Մայիսի կեսերին ռուս-վրացական սահմանին Ռուսաստանից վերադառնալու ցանկություն հայտնած հայերի կուտակումներ էին եղել, վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել էին տարածքը։ 

Ռուսաստամում Հայաստանի դեսպանությունը պարբերաբար կոչ է անում ՌԴ-ում գտնվող հայերին չգնալ Լարսի անցակետ, քանի դեռ սահմանները չեն բացվել։

Այսօր էլ հայ-վրացական սահմանին են մարդկային կուտակումներ արձանագրվել։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, որ Ռուսաստանի ու Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ գնացել են Բագրատաշենի անցակետ ու ցանկանում են ցամաքային սահմանով մեկնել Ռուսաստան։

Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում: Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին:

Posted by Edmon Marukyan on Monday, August 3, 2020

«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում: Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ, միանալ իրենց ընտանիքներին»,- տեսանյութին կից գրել է Մարուքյանը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ ռուսական կողմից էլ կան շատ ցանկացողներ, ովքեր ցանկանում են գալ Հայաստան։ Խնդիրն օրեցօր սրվում է։

«Ես նրանց բացատրում եմ, որ սահմանը պետք է Վրաստանը բացի, իսկ վրացիներն առայժմ չեն հայտնում այդ մասին։ Իսկ լարումը մեծանալու է միանշանակ, ես ամեն օր զանգեր եմ ստանում։ Ով զանգում է, ես բացատրում եմ, ասում եմ՝ հանկարծ չգաք Լարս»,-  «Մեդիալաբին» ասում է Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ նախորդ ամիսներին ևս եղել է դեպք, երբ հայկական կողմից մարդիկ հավաքվել են Վրաստանի հետ սահմանին, պահանջել ապահովել իրենց տեղափոխումը Ռուսաստան։

«Նախորդ անգամ նրանց մեջ մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ կային, այդ մարդկանց ավտոբուսներով բերեցին։ Եթե չեմ սխալվում՝ երեք անգամ եղել է դեպք, որ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին բերել են Լարս, այնտեղ նրանց դիմավորել են իրենց բնակավայրերի ավտոբուսներն ու տարել»,- նշում է Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հայտարարել է օգոստոսի 10-11-ից կանոնավոր չվերթերը բացելու մասին, սակայն դա դարձյալ խնդրին լուծում չի տա։ 

«Դա կնշանակի, որ հայերին թույլ են տալիս ռեգուլյար գալ Հայաստան, ռուսներին՝ Ռուսաստան։ Բայց մեր ամենամեծ խնդիրը աշխատանքային միգրանտներն են, նրանք բոլորը հասկանում են, որ սեզոնը գրեթե կորցրել են»,- ասում է նա։

Արամ Թանանյանի խոսքով՝ իրեն վերջին շրջանում զանգողներն ասում են, թե իբր տեղեկություն կա, որ սահմանն արդեն հնարավոր է հատել։ 

«Ես նրանց ասել եմ՝ եթե նման ինֆորմացիա լինի, մենք արագ կտարածենք համացանցով։ Ասել եմ՝ եթե դուք մեր կոչը հաշվի չառնեք, ինձ հետ հանդիպելու եք այդ ձորում, որտեղ պայմաններ չկան, և ես ձեզ ասելու եմ՝ ինչո՞ւ եք վեր կացել եկել։ Այսինքն՝ այնտեղ պայմաններ ընդհանրապես չկան։ Եթե մարդիկ գան Լարս ու հայտնվեն այդ գոտում, մնալու են իրենց մեքենայի մեջ՝ առանց սանհանգույցի, առանց կենսապահովման պայմանների»,- հավելում է Արամ Թանանյանը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդի խոսքով՝ պատգամավորներն էլ այս փուլում պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, մարդկանց խոստումներ չտան։

«Մարդիկ այս իրավիճակում փրփուրներից կառչելու ինչ-որ տարբերակ են փնտրում, հերիք է ինչ-որ հայտարարություն, և վեր կկենան կգան։ Բայց մենք այս փուլում դեռ կոչ ենք անում Լարս չգալ»,- հավելում է Թանանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am