Եթե մեզ ցեղասպանությունը չխրատեց, Արցախի կորուստն էլ չի խրատի, մենք խրատվելու ունակ ժողովուրդ չենք. Արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, տարին մոտենում է ավարտին, ու կխնդրեմ ասեք, թե ի՞նչ տվեց այն մեզ, ինչի՞ հասանք մենք՝ ազգովի։

– Այս տարի ես արդեն 60 տարեկան եմ, 60 տարվա մեջ ամենախայտառակ տարին էր, ամենամեծ կորուստներով, ամենամեծ նվաստացմամբ, ամենամեծ պարտությամբ, ամենամեծ խայտառակությամբ, ամենամեծ խարանով, ամենամեծ ամոթով, ու այդպես կարող եք շարունակել։ Իմ կյանքի դժբախտագույն տարին էր։ 

– Իսկ ինչո՞ւ ունեցանք նման տարի։

– Որովհետև ունեցանք իշխանություն, որը միայն ստամոքսի մասին է մտածում։

– Միայն իշխանությո՞ւնն է այդ մասին մտածում, թե՞ նաև հանրության մեծ մասն է այդպիսին։

– Դե իշխանությունն էլ, հանրության մեծ մասն էլ իրար արժեն, վերջիվերջո, իրենք իրար լրացնում են, մեկ ամբողջություն են։

– Սրբազա՛ն, հույս ունե՞ք, որ այս ամոթից, կորուստներից, նվաստացումներից մենք դասեր կքաղենք ու կփորձենք այս ամենը շտկել։

– Ո՛չ, չունեմ։ Ես ուրիշ անգամներ էլ ասել եմ՝ եթե մեզ ցեղասպանությունը չխրատեց, Արցախի կորուստն էլ չի խրատի, մենք խրատվելու ունակ ժողովուրդ չենք, որովհետև մեղքը մեր մեջ չենք փնտրում, փնտրում ենք մեզանից դուրս, դրա համար էլ երբեք մենք չենք խրատվում, ցավոք։

– Այսինքն՝ հաջորդ տարիները լինելու են ավելի ստորացման, կորուստների տարինե՞ր։

– Իհարկե, ավելի ստորացման ու կորուստների տարիներ են լինելու, բայց հասարակությունը դա չի գիտակցելու, հասարակությունը դա ընդունելու է իբրև շատ բնական մի բան, որովհետև իր բարեկեցության վրա դա չի անդրադառնալու, հակառակը՝ բարեկեցությունը կարող է լավանալ, հետևաբար՝ մնացածը երկրորդական է։ Կարևորը՝ տոնածառը լինի, հրավառությունը լինի, սնունդը լինի, Նոր տարվա ճոխ սեղանները լինեն։

– Հրավառության, Հանրապետության հրապարակի տոնածառի ու այլնի համար ծախսված գումարները արդարացվա՞ծ եք համարում։

– Հարցը գումարը չէ, հարցը բարոյականությունն է, գումարով մի՛ մեկնաբանեք, գումարը դատարկ բան է, հարցը բարոյական հողի վրա է, դեռ սիրտ ու թոք ունե՞ք ուրախանալու, թե՞ չունեք, այսինքն՝ վերջին հարյուր տարում այդ մեծագույն կորուստը ձեզ ցավ պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում, սա՛ է ամբողջ խնդիրը։ Ծախսել-չծախսելը ի՞նչ խնդիր է, ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ մի՛ ծախսեք։

– Դե, ասում են՝ երեխաները պետք է ուրախանան, նրանք ի՞նչ մեղք ունեն։

– Դա երեխաների համար չէր, եթե երեխաների համար լիներ՝ ընդունելի էր, բայց երեխաների համար չէր։ Ինչ-որ մեկն ասել էր, որ ընդդիմադիրների երեսին ժպիտ չկար գերիների վերադարձից, մեկն էլ հակադարձել էր, ասելով՝ բայց ՔՊ-ականների դեմքին էլ տխրություն չտեսանք Արցախի կորստից հետո։ Մարդու դեմքը մատնում է իրեն, երեխաների, կանանց, ծերերի թիկունքում թաքնվելն ամենաստոր քայլն է, որ կարող է որևիցե մեկն անել, ամենաանբարոյականը։ Երբ որ իր երեսին ժպիտ է գծագրվում, երբ ինքը գոհունակ է, բայց դա մեկնաբանում է՝ իբր երեխաների համար է, դրանից ավելի անբարոյական բան կա՞։

– Սրբազա՛ն, մեր հասարակությունը մշտապես այս արժեքների կրո՞ղն է եղել, թե՞ ինչ-ինչ հանգամանքներ ստիպեցին։

– Դե, կարծում եմ, որ երբեք էլ մի մեծ բարձրության վրա չի գտնվել, բայց գոնե թաքցրել է իր իրական դեմքը, որովհետև ընդհանուր համատեքստում իր իրական դեմքը ցույց տալու ազատություն չի ունեցել։ Հիմա ազատություն է, ու ոչ մեկը չի ամաչում, այսինքն՝ ամոթի զգացումը վերացած է, որևէ մեկը չի ամաչում, իսկ անամոթությունը մեր ազգի ամենամեծ ողբերգությունն է, կոնկրետ այս պահին։

– Այդ կարգի ազգերին՝ ի դեմս հայ ազգի, ի՞նչ է սպասում։

– Դառնալ պարարտանյութ մյուս ազգերի համար, Ստոլիպինն ասում էր՝ գոմաղբ, ես ասում եմ՝ պարարտանյութ։

– Հիմա մի մասն ասում է, որ Արցախի էջը փակված չէ, մյուս մասը պնդում է ճիշտ հակառակը։ Կկարողանա՞նք հետ բերել Արցախը։

– Ո՛չ, չենք կարող, որովհետև այդ՝ «Արցախը մնալու է հայկական» գոռացողների 99%-ը պարզապես գոռացող է, ո՛չ իրենք են պատրաստ նահատակվելու, ո՛չ պատրաստ են իրենց զավակներին զոհասեղանին դնելու, այնպես որ, դա ճամարտակություն է: Արցախն անդարձ կորսված է, այս հասարակության կարողունակության պայմաններում անդարձ կորսված։ 

Անդարձ կորսված չի լինի, եթե հասարակությունն ուշքի գա ու հասկանա, որ ինքն իրավունք չունի առանց Արցախի ու առանց հայկականության մնացած երկրամասերի ապրել, եթե ուշքի գա, այո՛, կարող է և այդ էջն անդարձ չփակվի, բայց ես այդ հուզականությունը չեմ տեսնում։ 

– Իսկ եղածը կկարողանա՞ն պահպանել։

– Անունով՝ այո՛, բովանդակությամբ՝ ո՛չ։ Բովանդակությամբ արդեն իսկ այդպիսին չէ, սա հայերի մեծամասնության երկիրը չէ, հայերն այս երկրում փոքրամասնություն են։

– Սրբազա՛ն, գալիք տարվա առիթով ի՞նչ կոչ կամ մաղթանք ունեք հասարակությանը։

– Իմ մաղթանքը միշտ էլ մեկն է՝ խելքի գալ, ինչը ամենաանհավանականն է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am