Ապտակներ, սպառնալիքներ, հայհոյանքներ, բռնություն կնոջ նկատմամբ՝ օրը ցերեկով․ իրավապաշտպանն արձագանքում է, ոստիկանությունը՝ սպասում

Փողոցում տեղի ունեցած բռնության դեպքը կնոջ նկատմամբ քննարկումների առիթ է դարձել։ 

Տարբեր լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցի հարթակներով հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մեքենայի մոտ քաշքշում փոքրամարմին մի կնոջ, ապտակում, հայհոյում, ապա ոտքերով հարվածում։ 

Նկարահանողների բացականչությունները, որոնք ցանկապատից այս կողմ են ու չեն կարող միջամտել, չեն սթափեցնում բռնարարին։ Կինը փորձում է դուրս պրծնել, փախչել, օգնություն է աղերսում, սակայն չի ստացվում։ Տարիքով մի կին է մոտենում և փորձում է միջամտել, սակայն բռնարարը շարունակում է հարվածներ տեղալ կնոջ գլխին։ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է, որ ինքը ևս տեսանյութին ծանոթ է։ 

«Շնորհակալ ենք այն քաղաքացուն, որն անտարբեր չի անցել օը ցերեկով փողոցում կատարվող ընտանեկան բռնության կողքով, նկարահանել և ուղարկել է մեզ»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Տեսանյութն ուղարկած անձն ասաց, որ օգնել են կնոջը, որպեսզի նա երթուղայինով փախչի, սակայն տղամարդը, որը ծեծում էր կնոջը, իր մեքենայով հետապնդել է այդ երթուղայինը»,- ասում է իրավապաշտպանը:

Հովհաննիսյանը ողջունելի է համարում քաղաքացու միջամտությունը, քանի որ, նրա խոսքով, հասարակության մեծ մասն անտարբեր է անցնում նման երևույթների կողքով՝ այն համարելով անձնական կյանքին միջամտություն:

«Նման դեպքերը կլինեն շարունակական, քանի դեռ օրենքն ամբողջ խստությամբ չի գործում բռնարարի նկատմամբ, քանի դեռ չի բարելավվել այս երևույթը կանխարգելող մեխանիզմը, ու չի բարձրացվել հանրային գիտակցումը, որ բռնությունն ընդունելի չէ ոչ մի դեպքում»,- ասում է Զառա Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ ոստիկանության արագ ու անմիջական միջամտությունն անհրաժեշտ է այս պարագայում:

«Տեսանյութը հանրայնացվել է, տեղադրված է մեր ֆեյսբուքյան էջում՝ որպես հաղորդում հանցագործության մասին ու կոչ ոստիկանությանը»,- ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչը:

«Դեպքի հետ կապված արդեն ահազանգ ստացել ենք, տեսանյութն էլ ուսումնասիրվում է, որից հետո կձեռնարկվեն համապատասխան գործողություններ»,- «Մեդիալաբին» ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Տեղեկացնենք, որ 2021 թ. առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, որոնցից 8-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (Սպանություն)։

Տարբեր հետազոտություններ հավաստում են, որ Հայաստանում հանրությունը չի փորձում միջամտել ընտանեկան բռնության դեպքերին՝ համարելով, որ դա ներընտանեկան խնդիր է։ Ոչ լիարժեք օրենքները, կարծրատիպերը և հանրության վերաբերմունքը ամեն տարի նոր ողբերգությունների առիթ են դառնում։ 

«Հասարակությունն անտարբեր է ընտանեկան բռնության նկատմամբ, քանի որ մինչ այժմ գործում այն մտայնությունը, որ ընտանիքի գործերին պետք չէ խառնվել, դա անձնական հարց է, ներընտանեկան։ Բայց անտարբերությունը կյանքեր է խլում, խարխլում է ճակատագրեր, և եթե նույնիսկ բռնության ենթարկվողը հաշտություն կնքի բռնարարի հետ, մեր հասարակական դիրքորոշումը պետք է մենք ցույց տանք, թույլ չտանք, որ նման բարքերն ընդունելի լինեն և նորմալիզացվեն»,-«Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը։

Այսօր տարածված տեսանյութում պատկերված բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում:

Տեսանյութում ևս ներկաներից ոմանք փորձում են չմիջամտել՝ նշելով, որ «տղամարդը երևի ամուսինն է»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am