Մայիսի 2-ին նախատեսվում է իմ և Հաջիևի հանդիպումը. Արմեն Գրիգորյան

Մայիսի 2-ին, երկուշաբթի պլանավորվում է իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այդ մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քննարկելու ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր», -հավելել է Գրիգորյանը:

Նկատենք, որ մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջիկա հանդիպման մասին այսօր հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անդրադառնալով այդ հայտարարությանը, ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր, թե իրենք տեղյակ չեն՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին:

«Հայաստանի ԱԳՆ խոսնակը հավանաբար նկատի է ունեցել արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին», -այդ առնչությամբ նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե նկատի ունենալով նախադեպը, հնարավո՞ր է, որ նրա և Հաջիևի հանդիպումից հետո տեղի ունենա երկու երկրների ղեկավարների հանդիպումը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Որոշ առումով՝ հա: Եթե մենք կարողանանք մեր բոլոր հարցերի պատասխանը ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում»: