«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է առաջնահերթություն լինի, իսկ այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Նկատի ունեմ, որ սա հասարակ հարց չէ», – ասել է նախարարը։

Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև չի պատրաստվում վերադառնալ նախկինում եղած հարաբերություններին․ «Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»։