«Մենք Շեքսպիր ենք կարդում, ոչ թե սերիալներ նայում, չենք խաբվի Նեմեցի տրագիկոմեդիկ, լացակումած հայտարարությամբ». բողոք-ուղերձ Սերժ Սարգսյանին՝Բեռլինից

«Մենք Շեքսպիր ենք կարդում, ոչ թե սերիալներ նայում, չենք խաբվի Նեմեցի տրագիկոմեդիկ, լացակումած հայտարարությամբ». բողոք-ուղերձ Սերժ Սարգսյանին՝Բեռլինից
«Մենք Շեքսպիր ենք կարդում, ոչ թե սերիալներ նայում, չենք խաբվի Նեմեցի տրագիկոմեդիկ, լացակումած հայտարարությամբ». բողոք-ուղերձ Սերժ Սարգսյանին՝Բեռլինից

Չնայած «Հարսանաքարի» վայրագությունից հետո, երբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից գազանաբար ծեծի հետեւանքով հունիսի 29-ին մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, փորձ է արվում հասարակական շարժմանը տարբեր կեղտոտ շղարշներով փաթաթել եւ խոսել թե ինչ «բարոյական» ու «բարձր» տղա է Հայրապետյանը, այնուամենայնիվ բողոքի ալիքը Հայաստանից մինչեւ Սփյուռք շարունակում է թափ հավաքել:
Սփյուռքի մի շարք գաղթօջախներ արդեն իսկ իրենց գնահատականն են տվել տեղի ունեցածի վերաբերյալ, սուր խոսքերով դիմել իշխանությանը՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Ըստ lurer.com-ի, Բեռլինում տեղի ունեցած «Ցույց ընդդեմ Հայկական կառավարության» բողոքի ակցիայի մասնակիցների բողոք ուղերձ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Պարոն նախագահ,

Գիտակցաբար զերծ ենք մնում որևէ դիվանագիտական ֆորմալ ձևակերպումներից, քանզի չենք ներկայացնում որևէ կազմակերպություն կամ դաշինք։ Համարեք մեզ որպես կորցրած քաղաքացիներ, որոնք իրենց սոցիալական, առողջական և բարոյական ապաստանը գտել են Գերմանիայի ղեկավարության հովանու ներքո, քանզի Դուք և Ձեր երկու նախորդները ապաշնորհ գտնվեցիք այդ հարցում։ Եվ այսպես, զերծ մնալով դիվանագիտական ձևակերպումներից և շինծու բյուրոկրատական կեցվածքներից, շարունակենք։

Դուք մեզանից լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է տոտալիտար իշխանություն, որտեղ կառավարական սանձերը մեկ կամ մի քանի հոգու ձեռքում են։ Իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես վերջին տասնամյակը միջազգային քաղաքական բեմահարթակում գիլյոտինի տակ դրեց նմանատիպ ռեժիմների պարագլուխներին. Քադաֆին ընկավ, Մուբարաքն ընկավ, Հուսեինն ընկավ։

Ընկան, քանզի գերտերությունները ցանկացան, որ ընկնեին, օգտագործեցին, հետո դեն շպրտեցին օգտագործված պահպանակի պես, սատկացրեցին, կախեցին ու գնդակահարեցին։ Վաղը Դուք՝ որպես «գործընկեր», կորցնելու եք Ձեր արժեքը եվրոպացիների, մասոնական օթյակների, Համաշխարհային բանկի և անգամ… միգուցե նաև Կրեմլի առջև։ Հնարավոր է ուրիշ վասալ կամ ուրիշ ճորտ գտնեն տարածաշրջանում. Ձեր միակ հենքը, պատսպարումը լինելու է ժողովուրդը, հայոց բանակը, հայ բժիշկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Վահե Ավետյանը հայ սպա էր, հայ բժիշկ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և Դուք նրան դաժանաբար ծեծելով սպանեցիք, այո, Դուք, քանզի Նեմեց Ռուբոն գտնվում է Ձեր կառավարած կուսակցության շարքերում, ավելին՝ Նեմեց Ռուբոն դեռևս գտնվում է ազատության մեջ։

Ասել, թե մեղավորները պատժվելու են Քրեական օրենսգրքի համաձայն, կնշանակի ոչինչ չասել, քանզի մենք լավ գիտենք ձեր օրենսգիրքը, ձեր դատավարությունները, Ձեր համակարգը, իրավաբանորեն «մանյովրելը», ծախելը, ծախվելը, հուզվելն ու մանդատներ վայր դնելը։

Սխալ եք հաշվարկել, պարոն նախագահ, հաշվարկն արել եք ընդամենը սերիալ նայող հասարակության շերտի վրա։ Մենք Շեքսպիր ենք կարդում, մեզ չեք կարող խաբել Նեմեցի տրագիկոմեդիկ, դեպրեսիվ լացակումած հայտարարությամբ։ Մենք, իհարկե, հասկանում ենք Ձեր կախվածությունը Նեմեց Ռուբոյից, Լֆիկ Սամոյից, շմայսներից, ալրաղացի լյովիկներից, գեներալ մանվելներից։ Վերոհիշյալներն են ապահովում Ձեր իշխանությունն ու գահը, սակայն ի սեր Աստծո, ի սեր Ձեր գահի ու պետության, ի սեր ժողովրդի՝ թե ինքներդ Ձեզ հռչակել եք թագավոր, ուրեմն վարվեք որպես այդպիսին։

Տիգրան Մեծը հանուն պետության, հանուն ժողովրդի, հանուն Հայքի սպանեց իր սեփական որդուն։ Պատժե՛ք Վահե Ավետյանի երեխաներին որբացնողներին, Նեմեց Ռուբոյին ու նրա ախրանային, պատժե՛ք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք հայտնվել Քադաֆիի, Հուսեինի ու մնացածների շարքերում։

Ասել է, թե մենք Սփյուռքից ենք ու իրավասու չենք՝ խոսելու Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին։ Սա ներքաղաքական խնդիր չէ, սա ազգային խնդիր է, քանզի Սփյուռքը կամ Օսմանյան ղեկավարության իրականացրած եղեռնի արդյունք է, կամ հետխորհրդային հայ ղեկավարության՝ ներառյալ իրենց օլիգարխ «տասովչիկների» իրագործած Սպիտակ եղեռնի արգասիքը։

Այսօր մեր տխրահռչակ ու նախկին կենտկոմի բոլշևիկների տակ պառկող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես է գալիս «Արի տուն» ծրագրով, որտեղ սփյուռքահայերին կոչ է անում վերադառնալ Հայաստան։

Ուզում եմ Ձեզ հարցնել, պարոն նախագահ, «Ո՞ր Հայաստան վերադառնանք, ո՞ր տուն»։ Այն տուն, որտեղ ցանկացած մականունավոր ստահակի «ախրաննան» կարող է իրեն թույլ տալ մարդ սպանել և հուսալ, որ անպատի՞ժ կմնա, որտեղ թքած ունեն երկրի գանձարանի ամենաթանկ գանձի՝ երկրի քաղաքացու վրա՞։

Ասում եք «Հավատանք, որ փոխենք»։ Լավ, մեզ ապուշ ձևացնենք և սարկազմի ժպիտը դեմքներիս՝ համարենք, որ ժողովուրդը հավատաց ու ընտրեց Ձեզ, որտե՞ղ են փոփոխությունները։

«Լավագույն ավանդությունները» շարունակվում են ընդամենը. Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Պապլավոկի» զուգարաններում սպանեց քաղաքացուն, «Տեցի կռուգ»-ում օլիգարխների հաստավիզ շները սպանեցին անմեղ մարդկանց, Գյումրիում «սպարտիվկով» քաղաքապետի լակոտները ահ ու սարսափի մեջ են պահում ամբողջ բնակչությանը, հիմա էլ Վահե Ավետյա՞նը։ Որտե՞ղ է սրա վերջը։

Մենք, որպես երիտասարդներ, որոնց երակներով հոսում է Վահե Ավետյանի արյունը, Նեմեց Ռուբոյին ներկայացնում ենք հետևյալ պահանջները՝

1. պահանջը արդեն բավարարված է՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ. հրաժարվել պատգամավորական մանդատից,

2. հրաժարվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից,

3. փակել «Հարսնաքար» ռեստորանային դիահերձարանը, որը հայ մարդու համար դարձավ խորհրդանիշ Հայաստանում տիրող վայրագության։

Այստեղ հայ մարդ ասվածը հատուկ ընդգծում ենք, քանի որ Վահե Ավետյանի մահվան հաջորդ օրը արդեն այդ համալիրում հարսանիք էին անում պատվազուրկ մեր ազգակիցները։

Պահանջներ Հայաստանի Հանրապետության նախագահին.

1. խթանել Վահե Ավետյանին սպանողների պատշաճ դատավարության ընթացքը, քանզի հայկական մեր արդարադատությունը ընդամենը ծաղր ու ծանակի առարկա է, ոչ ավելին։ Ուստի պարտավորված ենք հաջորդ պահանջը նույնպես ուղղել նախագահին,

2. կարգադրել Դատախազությանը՝ գործ հարուցել Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ Վահե Ավետյանին սպանելու մեղադրանքով,

3. Հայրապետյանին հաջորդելով՝ պետք է պատգամավորական մանդատները վայր դնեն ներքոհիշյալ հանցագործ պատգամավորներն ու պաշտոնավորները, որ ապագայում խափանվեն վահեավետյանների սպանությունները կամ դրան համարժեք երևույթները. ցուցակը, իհարկե, շատ թերի է, նշում ենք միայն նրանց, ում գիտենք՝

Լֆիկ Սամո. հանցանքը՝ պետական հարկերից խուսափելը, մոնոպոլիա կիրառելը, մշակութային հուշարձաններ ավերելը և այլն,

Հովիկ Աբրահամյան՝ Արտաշատում բռնի ուժով ու սպառնալիքներով քաղաքացիներից անշարժ գույք՝ հողամասեր, սեփականություն հափշտակելու համար,

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան՝ խորհրդարանում կեղծ քվեարկություն կատարելու համար,

Հասմիկ Պողոսյան՝ Հայաստանում արվեստն ու մշակույթը հողին հավասարեցնելու և շոուբիզնեսները ծաղկեցնելու համար,

Արա Բաբլոյան՝ խորհրդարանում կեղծ քվեարկություն կատարելու համար,

Արմեն Աշոտյան՝ Հայաստանի դպրոցները ռուսաֆիկացնելու համար,

Գագիկ Բեգլարյան՝ Ձեր, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու համար։

4. Վերջիվերջո, համայն հայությանը հրապարակային բացատրություն պետք է տաք կատարվածի համար և խոստանաք, որ Նեմեց Ռուբոն ու նմանները երբեք այլևս չեն վերադառնա քաղաքականություն՝ ինչպես Գագիկ Բեգլարյանի պարագայում վարվեցիք։

Մենք պետականամետ ենք, հարգում ենք պետականության խորհրդանիշները՝ գահը, ու չենք ուզում, որ գահը վերածվի բազկաթոռի, քանզի այնժամ կանիծենք այն։

Այդ իսկ պատճառով, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, մեր նպատակը Ձեզ բնավ որևէ միջազգային կառույցի առջև պատասխանատվության ենթարկելը չէ. ոչ Հաագայի առջև կանգնեցնելն է, ոչ էլ անողնաշար Եվրախորհրդարանին մատնելը։

Պատասխանատու չեք ոչ ոքի առջև։ Նրանք նախ իրենց բնակարանը թող մաքրեն ու հետո նոր բարբաջեն, թե մերը կեղտոտ է։ Դուք պատասխանատու եք ձեր ժողովրդի առաջ՝ Երևանից մինչև Սիդնեյ, Լոսից մինչև Փարիզ, Մոսկվայից մինչև Հալեպ, Բեյրութից մինչև Բեռլին, առանց խտրանակության, թե ինչ գույն ունեն նրանց անձնագրերը։

Պատասխանատու եք մարտի 1-ի զոհերի ընտանիքների առաջ, պատասխանատու եք մի ամբողջ կյանք թաղած ու գաղթածների առաջ, պատասխանատու եք Գյումրիի երկրաշարժից ցայսօր անօթևան մնացած ընտանիքների առաջ, պատասխանատու եք սովալլուկ հայ երեխաների առաջ, պատասխանատու եք Վահե Ավետյանի երեխաների առաջ և վերջապես պատասխանատու եք մի ողջ գերեզմանոցի՝ Եռաբլուրի առաջ. տղերքի, որոնք երազում էին այլ Հայաստան, մի Հայաստան, որ պիտի գա վաղը։ Պատասխանատու եք Մովսես Գեորգիսյանի առաջ, Դուշման Վարդանի առաջ, Մոնթե Մելքոնյանի առաջ, Լեոնիդ Ազգալդյանի առաջ, Ասկոլկայի առաջ, Կարո Քաղքեդյանի առաջ, ապա նաև Չաուշի, Մախլուտոյի, Աղբյուր Սերոբի, Հրայր Դժոխքի, Արամ Մանուկյանի, Դրոյի և վերջապես Ձեր կուսակցության գաղափարական հոր՝ Նժդեհի առաջ։

Որոշումը Ձերն է՝ կամ հրաժարվում եք այս բեռից, կամ էլ կամենում եք չստանձնել այս պատասխանատվությունը։ Ի ցույց ձեր կամքի՝ սկսեք հենց Վահե Ավետյանի գործից, դատարանում դատավորի վճռով պատժեք բոլոր մեղավորներին՝ Նեմեց Ռուբոյից մինչև Գարիկ Մարգարյան։ Ընդունեք այս ամենը՝ որպես խորհուրդ, հորդոր, սպառնալիք, խնդրանք, պահանջ, քանզի այլ պարագայում օրերից մի օր կիրագործվի Հրանուշ Հակոբյանի ծրագիրը և բոլորը կգան տուն։ Կգան տուն, սակայն գազազած, ժանիքները սրած, պատրաստ ամեն ինչի, պատրաստ կոկորդները կրծելու, պատրաստ մարտիրոս դառնալու, ու այդժամ չի փրկի ոչ կարմիր բերետավորը, ոչ մարտիմեկյան հրոսակախումբը, ոչ լափված փողերը, ոչ Համաշխարհային բանկը, ոչ էլ անձամբ Կրեմլը։ Իսկ մենք ընդամենը ապրել ենք ուզում՝ ինչպես ուզում էր Վահե Ավետյանը…

Հույսերով ու երազներով լի՝

Ձեր կորցրած քաղաքացիներ…»

© Medialab.am