Կոտայքի մարզում ծննդյան տոնի ժամանակ պայթուցիկը վնասել է 40-ամյա տղամարդու աչքը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք ?-ով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, դիպել Հրաչյա Ս-ին։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։