«Մենք զգուշացրել ենք իշխանություններին». Վահրամ Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին. «Ա1+»

«Մենք  զգուշացրել ենք իշխանություններին». Վահրամ Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին. «Ա1+»
«Մենք զգուշացրել ենք իշխանություններին». Վահրամ Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին. «Ա1+»

«Ի սկզբանե բացթողումներ եղել են նաեւ մեր իշխանության կողմից»:

Այդ մասին «Ա1+»-ի փոխանցմամբ, այսօր ԱԺ-ում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդների հարաբերություններին՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է: Ամբողջ աշխարհն է հետևում դրան ու ինձ թվում է՝ դա ընդունելի հռետորաբանություն չէ: Այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քայլերի համար, մենք ՀԱՊԿ-ի հետ երկար գործ ունենք անելու», – ասել է Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, իրենք բազմիցս են զգուշացրել ներկայիս իշխանություններին հնարավոր հետեւանքների մասին:

«Մենք  զգուշացրել են իշխանություններին, որ եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ և նա կալանավորվեր, ապա այդ մասին նախապես ՀԱՊԿ անդամ երկրներին պետք է տեղյակ պահվեր: Դա չի կատարվել, հարաբերությունների լարումն ու սրումն այդտեղից առաջացավ ու կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը»,- ասել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս «լեզվակռիվը» սկսվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձագանքել է այդ փաստին՝ հայտարարելով. «Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։

Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ», – ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից առաջ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանն ասել էր, թե Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել:

Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Ա.Գլազը՝ հայտարարելով, թե «երևում է, Փաշինյանը իրեն միջազգային դատախազ է երևակայում, որը լիազորված է պատժել կամ ներում շնորհել»:

«Հհնարավոր է դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի , ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջազգային հարաբերություններում գոյություն ունեն արձանագրությունների հստակ նորմեր ու էթիկա: Փաշինյանը դեռ չի հասկացել, որ փողոցային դեմոկրատիայի կանոնները ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»,- ասել էր Գլազը: