ԿԲ-ն պատերազմի և Covid-19-ի մեծ տեմպով տարածման արդյունքում կանխատեսում է ՀՆԱ-ի 7% անկում

ՀՀ կենտրոնական բանկը, պատերազմի և կորոնավիրուսի բաձր տեմպով տարածմամբ պայմանավորված, վերանայել է դեռ սեպտեմբերին կանխատեսած ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկման ցուցանիշը՝ կանխատեսելով շուրջ 7 տոկոս անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2020-ի սեպտեմբերին Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի բարձր տեմպերով տարածումը ձևավորվել են բացասական միջավայր թե առաջարկի, թե պահանջարկի զարգացումների տեսանկյունից: Տնտեսական աճի տեսանկյունից նշված գործոնների ազդեցությունը գնահատվում է շուրջ 1 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը պարզաբանեց՝ այսինքն` դեռ սեպտեմբերին ԿԲ-ի կանխատեսած տնտեսական անկմանը պետք է գումարել ևս 1 տոկոս: Այսպիսով, ԿԲ կանխատեսում է շուրջ 7 տոկոս անկում: (ԿԲ-ն սեպտեմբերին ՀՆԱ-ի անկումը կանխատեսում էր 6.2 տոկոս)

Գալստյանը նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի սեպտեմբերին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնաճի դիմաց, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս: Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3 տոկոս: Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ գնահատվում է , որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի համավարակի տարածման նոր թափով և դրանից ածանցվող բարձր անորոշությունների պայմաններում համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի: Միևնույն ժամանակ ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր: Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկերներ երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը և սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։ Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը՝ ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել ` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ:

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: