«Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով:

Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի  հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:  Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Գերմանիայի կանցլերի հետ ունեցած քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի կողմից:

Վարչապետն ընդգծել է, որ բանակցությունները շատ արդյունավետ են անցել: Դրանք վերաբերել են Հայաստանի ու Գերմանիայի հարաբերությունների, տարածաշրջանի հարցերին: Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ կողմերի տեսակետները համընկել են:

 «Սա ԳԴՀ կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է ՀՀ. սա պատմական կարելի է որակել: Այս հանգամանքը ավելի է ընդգծում ՀՀ-ում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Մենք հույս ունենք, որ մեր համագործակցության ծավալներն էական փոփոխություններ կկրեն»,- ընդգծել է Փաշինյանը:

Մերկելի խոսքով՝ բանակցություններում քննարկվել են նաև Գերմանիայում ապաստան խնդրողների խնդիրը:

«Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի հարաբերություններն ավելի խորանան: Ուրախ եմ, որ ՀՀ-ին հաջողվել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր կնքել: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրականացման գործում Հայաստանին օգնելու հարցում: Քննարկեցինք ներքաղաքական հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Մաղթում եմ Հայաստանին այս հարցում հաջողություն»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո: Երևանից Մերկելը կմեկնի Բաքու:

Անգելա Մերկելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կանցլերը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, եղել է «Թումո» կենտրոնում և PicsArt ընկերությունում: