Միացյալ Նահանգները տարածաշրջանում է իրականո՞ւմ, թե՞ վիրտուալ տիրույթում

Արեգ Քոչինյանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցները տեղի են ունեցել բավական կարևոր մի ժամանակահատվածում, երբ, ըստ էության, հարցականի տակ են դրված Մինսկի խմբի համանախագահության գոյությունն ու ապագան։ 

Մինսկի խմբի համանախագահությունը նման վիճակում է հայտնվել է մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի վարած քաղաքականության՝ տարածաշրջանն Արևմուտքի համար փակելու և այն վերաբաժանելու ուղղությամբ, մյուս կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգների կողմից առերևույթ պասիվության հետևանքով։

Ուստի տարածաշրջանի թափ առնող ռուս-թուրքական վերաբաժանման գործընթացը հնարավոր է կասեցնել միայն Միացյալ Նահանգների ակտիվ տարածաշրջանային գործունեության արդյունքում։

Պետքարտուղարի կողմից անցկացված մեկ հեռախոսազրույցը, բնականաբար, դեռևս շատ հեռու է տարածաշրջանում այն խորության ու լայնության մասնակցությունից, որն ի վիճակի կլիներ որոշակի փոփոխություններ բերելու, բայց դա քայլ է այդ ուղղությամբ։

Կարևոր է, որ այս ուղղությամբ լինի հետևողականություն, կարևոր է, որ այս հեռախոսազրույցին հաջորդեն արդեն առավել առարկայական գործողություններ, օրինակ՝ ԱԳ նախարարների հանդիպում Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի։ 

Մեկ այլ, անգամ ավելի ցցուն ու սթափեցնող ազդեցություն գործող օրինակ կարող է լինել Նահանգների որևէ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Երևան և Բաքու ու դրան հաջորդող հանդիպման կազմակերպումը, օրինակ՝ Երասխում՝ հենց սահմանին։ 

Օրինակներն իրականում բազմաթիվ են, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները առանց մեծ ծախսերի կամ ռեսուրսների ներազդել տարածաշրջանային գործընթացների վրա ու թույլ չտալ ռուս-թուրքական ծրագրերի սրընթաց իրականացումը։ Սակայն հարցը մեկ այլ տեղ է՝ ինչքանով են այս տարածաշրջանն ու դրա ապագան կամ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը հետաքրքիր Նահանգների համար։

Այսօր, ընդհանուր առմամբ, մեզ հետաքրքրող տիրույթում Նահանգների խնդիրը Ռուսաստանին ու, մասամբ, նաև Թուրքիային զսպելն է։ Երկու դեպքում էլ, սակայն, հիմնական խնդիրը ոչ թե մեր տարածաշրջանն է, այլ Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինան, Թուրքիայի դեպքում՝ Էգեյան ծովն ու հույն-թուրքական սահմանը։

Տարածաշրջանն ու հայ-ադրբեջանական հակամարտությունն այս պատմության մեջ ունեն օժանդակ դերակատարություն, այսպես ասած՝ հավելյալ ճնշման գծի նշանակություն, և կարծես թե առանձին վերցրած լուրջ ուշադրության չեն արժանանում։ 

Լուրջ ուշադրություն ասելով նկատի ունենք մասնակցության այն մակարդակն ու խորությունը, որը կա Ուկրաինայի կամ Էգեյան ծովի նկատմամբ։ Խոսքն այս փուլում անգամ զենք-զինամթերքի, մասնագետների ու ֆինանսների մատակարարումների մասին չէ, թեև հենց դա է իրական խաղ փոխող օրակարգը ու խաղաղության իրական երաշխիքը, ճիշտ այնպես, ինչպես ամերիկյան զինատեսակների մատակարարումներն են Հունաստանին երաշխավորում խաղաղությունն Էգեյան ծովում։ 

Բայց այդ մասին իմաստ ունի շարունակել խոսել միայն այն պարագայում, երբ վստահ ենք, որ տարածաշրջանը իրապես կարևորվում է Միացյալ Նահանգների կողմից, ու Նահանգները պատրաստ է ինչ-ինչ քայլերի գնալու՝ այն վերափոխելու համար։

Իսկ մինչ այդ արձանագրենք, որ այս փուլում խոսքն ընդամենը քաղաքական մասնակցության ու քաղաքական ուշադրության մասին է։ Եթե այն հիմա ու այստեղ չի լինում, ուրեմն Հայաստանը պետք է մոռանա լավ տարբերակների մասին ու պատրաստվի վատ տարբերակների՝ կամ մնալու ռուս-թուրքական պայմանավորվածությունների արանքում և պարզապես ի գիտություն ընդունելու, թե ինչ է որոշվել, կամ եթե դեռևս հնարավոր է՝ վճռականորեն դեմ գնալու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին ու սեփական օրակարգին գոնե մասամբ հարմար կարգավորումների հասնել՝ զիջելով այն, ինչն այսպես թե այնպես վաղը զիջելու են ռուսները։

Միով բանիվ, հարկավոր է արձանագրել, որ տեղի ունեցածը թեպետ դրական զարգացում է, կարևոր ու անհրաժեշտ միջոցառում, բայց բացարձակապես բավարար չէ։ Միացյալ Նահանգները կամ վիրտուալ հարթությունից՝ տեսակապերից ու մամուլի հաղորդագրություններից կվերադառնա իրական դաշտ, կամ տարածաշրջանին ու, մասնավորապես, Հայաստանին սպասում են իսկապես ծանր օրեր։

Արեգ Քոչինյան

MediaLab.am