«Իրենք զավթել են մեր եկեղեցին ու ասում են, որ դա հայկական է, եկել են ու մեր իկոնաներն, խաչը այրում են. սա ասորական եկեղեցի է». Իրինա Սագրադովա-Գասպարյան

«Իրենք զավթել են մեր եկեղեցին ու ասում են, որ դա հայկական է, եկել են ու մեր իկոնաներն, խաչը այրում են. սա ասորական եկեղեցի է». Իրինա Սագրադովա-Գասպարյան
«Իրենք զավթել են մեր եկեղեցին ու ասում են, որ դա հայկական է, եկել են ու մեր իկոնաներն, խաչը այրում են. սա ասորական եկեղեցի է». Իրինա Սագրադովա-Գասպարյան

«Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, վարչապետին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր գրել վարչապետին ու Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ահազանգելով, որ հայ քահանայի կողմից ասորական եկեղեցին զավթվում է։ Խնդրի վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է Իրինա Սագրադովա-Գասպարյանի հետ։

– Տիկին Սագրադովա-Գասպարյան, մանրամասներ կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ ունի համայնքը։

– Մեր խնդիրները ժամանակի ընթացքում կուտակվել են, առանձին բարձրացված հարցերը լուծում չեն ստացել։ Այնքան կուտակվեցին խնդիրները, որ մենք դրանք համալիր ներկայացրեցինք վարչապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Հարցը մի քանի մասից է բաղկացած։

Մեկը վերաբերում է մեր Սուրբ Մարիամ եկեղեցուն, որը զավթված է։ Մյուսը կապված է դպրոցի տնօրենի գործունեության հետ, նա ազգային անհանդուրժողականություն է դրսևորում մեր նկատմամբ, և դրա փաստերը կան։ Խոսքը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի դպրոցի մասին է, որտեղ նաև ասորերեն է դասավանդվում։

Երրորդ խնդիրն այն է, որ, չգիտես ինչու, մեզանից թաքուն քննարկում են ասորաբնակ Դիմիտրով ու Վերին Դվին գյուղերն ընդգրկել համայնքների խոշորացման ցանկում։ 

Մենք հունիսի 18-ին այս բոլոր խնդիրները նամակով ներկայացրել ենք վերոնշյալ կառույցներին։ Հուլիսի 18-ին մեկ ամիսը լրացավ, բայց մենք պատասխան չենք ստացել։ 

Ես զանգել էի Մայր Աթոռ, որպեսզի ճշտեի, թե որ փուլում է մեր նամակը։ Իրենք ինձ ասում էին՝ շուտով ձեզ կհրավիրենք ու կզրուցենք։ Բայց չհրավիրեցին, իսկ երեկ արդեն գյուղի ժողովուրդն ինձ ահազանգեց, որ տեր Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, ով մեր գյուղի դպրոցի տնօրենն է, եկել են ու մեր իկոնաներն ու խաչը այրում են։ 

Պլաններ են կառուցում, որ այս կանենք, այն կանենք։ Ես նաև նշեմ, որ այդ եկեղեցին կառավարության 2002 թվականի որոշմամբ ընդգրկված է հուշարձանների ցանկում։ 

– Ինչպե՞ս են պատճառաբանում իրենց արարքը։

– Իրենք զավթել են մեր եկեղեցին ու ասում են, որ դա հայկական է։ Իսկ մենք կառավարություն ենք ներկայացրել և՛ փաստերը, որ եկեղեցին ասորական է, և՛ այն տեղեկությունը, որ Էջմիածնի տարիքով հոգևորականները տեղյակ են, որ դա ասորական եկեղեցի է։ 

Եկեղեցու վերևի հատվածում հայերեն գրություն կա, և քահանան կառչում է դրանից ու ասում, որ եկեղեցին հայկական է։ Ասում է՝ ինքը կադաստրում արդեն գրանցել է եկեղեցին։ 

Թե ինչկերպ է գրանցել՝ մենք տեղյակ չենք։ Ես կառավարությունից պահանջել եմ, որ նա փաստաթուղթը ներկայացնի։ Բայց նա դեռ չի ներկայացրել, ես ոնց հասկանում եմ՝ ինքը որպես սեփականություն է գրանցել, որովհետև այնտեղ քանդում է, ինչ ուզում անում է։ 

Մեր ժողովուրդը երեկ գնացել է եկեղեցի՝ իմանալու, թե ինչու է այրում իկոնաները։ Այնտեղ վեճ է եղել, քահանային ասել են՝ սա մեր եկեղեցին է, նա էլ հակաճառել է։

– Ո՞ր թվականին է կառուցվել այդ եկեղեցին։

– Փաստաթղթով ֆիքսված է, որ 1868 թվականին է կառուցվել։ Միայն այդ եկեղեցու մասին չէ խոսքը։ 1840 թվականին էլ հիմնել են ուղղափառ ասորական եկեղեցին, 1868 թվականին՝ այս եկեղեցին, իսկ դրանից հետո՝ մատուռը։

– Դրանցից միայն Սուրբ Մարիա՞մն է, ձեր խոսքով, զավթել քահանան։

– Երկուսն են զավթել՝ մատուռն ու Սուրբ Մարիամը։ Երբ ասորիները եկել են ներկայիս Դիմիտրով գյուղը հիմնել, անունն էլ դրել են Կույլասար, այդ ժամանակ այնտեղ հայեր չեն եղել։ Այնտեղ եղել էին թուրքեր, ովքեր փախել էին։ Եկեղեցու հիմնման տարին, կառուցվածքը, որը մաքուր ասորական է, փաստում են, որ դա ասորական եկեղեցի է։

– Քանի՞ ասորի ընտանիք կա այսօր գյուղում։

– Ավելի քան 300 ընտանիք կա գյուղում, որոնցից 80-ը՝ ասորական։

– Երբ ասում եք՝ դպրոցի տնօրենն ազգային անհանդուրժողականություն է ցուցաբերում, ի՞նչ նկատի ունեք։

– Տնօրեն Քրիստինա Հարությունյանին երկու տարի առաջ են նշանակել, մեր նախկին տնօրենն էլ էր հայ։ Դասարանների միավորման գործընթացը տարածել են նաև մեր դպրոցի վրա։ Երբ եղավ որոշում, որ միավորում են առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանների աշակերտներին, դա ազգային փոքրամասնությունների երեխաներին չի վերաբերում՝ որպես խոցելի խմբի։

Սակայն նախկին իշխանությունները դա փորձել են կիրառել մեր նկատմամբ։ Ճիշտն ասած, քանի որ մենք վստահություն ունեինք, մեր նկատմամբ Հայաստանում երբեք վատ վերաբերմունք չէր եղել, փորձում էին մեզ չվնասել, մենք ուշադրություն չդարձրինք այս հարցին։

Դա բերեց նրան, որ մեր ռուսական ուղղությամբ հոսքում, որտեղ դասավանդվում է ասորերեն, դասարանների միավորում եղավ, կրթության մակարդակն ընկավ։ Ծնողներն սկսեցին հանել իրենց երեխաներին և տանել հայկական հոսք, իսկ հայկական հոսքում ասորերեն չի դասավանդվում, միայն ռուսական հոսքում է։ Մենք դպրոցում ունեինք ասորական խմբակ, տնօրենն առաջին հերթին դա փակեց։

Ես երկու տարի է՝ փորձում եմ նրան դա բացատրել, բայց ընդհանրապես ոչինչ չի ընկալում։ Եվ այսպիսի արտահայտություն արեց՝ ավելի լավ է ես այդ խմբակի ժամերը տամ անգլերենին։ Ես իրեն բացատրեցի, որ մեզ համար դա կյանքի ու մահվան հարց է, հնարավորություն է տալիս պահպանել մեր համայնքը։

Ինքը չհասկացավ, շարունակեց պնդել իր ասածը։ Բացի այդ,  ռուսական հոսքում, օրինակ, քիմիան դասավանդում են հայերեն, ասում է՝ չունեմ ռուսերենի մասնագետ։ Բավական չէ՝ դասարաններն են միացնում, նաև հայերենով դասաժամեր են մտցնում ռուսական հոսքում։ Ծնողներն էլ տեսնում են, որ այստեղ կրթության որակն ահավոր վատ է, երեխային հանում ու տանում են հայկական հոսք։ Հետևաբար, գնում է հայացման պրոցես։ Տնօրենը նաև հետապնդում է մեր ասորի ուսուցչին, իրեն թույլ է տալիս ինչ ասես ասել։

– Ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։

– Մենք վարչապետին ուղղված նամակում ներկայացրել ենք նաև լուծման քայլերը։ Այդ քայլերից մեկն այն է, որ դպրոցի տնօրենը պետք է փոխվի։ Նա պատրաստ չէ իր մենթալիտետով աշխատել ոչ հայկական միջավայրում։ Ինքն իր գործելաոճով ազդում է մեր երեխաների ճակատագրի վրա։ Նաև դպրոցի ուսմասվարը  վիրավորական գրառում է արել մեր համայնքի հասցեին։ Ավելին, տնօրենը երեկ իր ամուսնու հետ եկեղեցում զբաղված էր մեր իկոնաները վառելով։

– Իսկ իրավապահների՞ն ինչու չեք դիմում՝ որպես հանցագործության մասին հաղորդում։

– Մենք կառավարություն ենք դիմել, դեռ չենք հասցրել այլ գործողություններ անել։ Ես կառավարությանը ներկայացրել եմ օրենսդրության համապատասխան հոդվածը, որով ազգային անհանդուրժողականություն ցուցաբերելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում։ Եվ ուսմասվարի՝ ազգային ատելություն պարունակող գրության սքրին-շոթը ներկայացրել եմ։ Դա արդեն բավարար է, որ տնօրնենը դիմում գրի գնա։ Մենք չենք ուզում իրեն վնասել, չենք ուզում, որ իրեն ու իր քահանա ամուսնուն պատժեն, ուղղակի թող մեզ հանգիստ թողնեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am