Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է մոտ 300 անձ

Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ մոտ 300 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին մոտ 300 անձ ունենք պատվաստված, շարունակվում է գործընթացը, դեռ, իհարկե, միայն Covid կենտրոնների բուժաշխատողների շրջանում, որովհետև հաջորդ խմբաքանակները դեռ պետք է գան Հայաստան, այդ ժամանակ արդեն ավելի լայն շրջանակներ կպատվաստվեն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին պատվաստումներն իրականացվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկություններին, Ավանեսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր հրապարակումներին:

Մարտի 15-ին և 16-ին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը: