Աղմկահարույց դեպքից մեկ ու կես տարի անց Գագիկ Բեգլարյանը՝ նախարար. հրապարակվել է ՀՀ կառավարության նոր կազմը

Աղմկահարույց դեպքից մեկ ու կես տարի անց Գագիկ Բեգլարյանը՝ նախարար. հրապարակվել է ՀՀ կառավարության նոր կազմը
Աղմկահարույց դեպքից մեկ ու կես տարի անց Գագիկ Բեգլարյանը՝ նախարար. հրապարակվել է ՀՀ կառավարության նոր կազմը

Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, կուսակցությունը որոշել եւ հավանության է արժանացրել կառավարության նոր կազմը: Կառավարության նոր կազմը, որը մասամբ փոփոխություն է կրել ներկայացրել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ հետ անսպասելիորեն կոալիցիա չմտած ԲՀԿ նախարարներիը փոխարինվել են. առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրվել է պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանի, սոցապ նախարարի պաշտոնում՝ նույն նախարարության փոխնախարար Արտեմ Ասատրյանի թեկնածությունները։
Հետաքրքական է, որ տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է մեկ ու կես տարի առաջ աղմկահարույց պատմությամբ քաղաքապետի պաշտոնը լքած Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ըստ մամուլում տարածված լուրերի առևանգել և ծեծի էր ենթարկել նախագահի արարողակարգի աշխատակից Արմեն Կանդայանին:

2010-ի դեկտեմբերի 3-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացած աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել էր Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարևանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի տիկնոջը փոխել իր տեղը և մի աթոռ այն կողմ նստել: Սա էլ առաջացրել էր Բեգլարյանի տիկնոջ, ապա նաև` Բեգլարյանի վրդովմունքը:

Ըստ հրապարակումների` վրդովված Բեգլարյանի տիկինը կատարվածի մասին տեղեկացրել էր ամուսնուն, որն էլ գնացել է նախագահական նստավայր, այնտեղ ապտակել Կանդայանին, հետո վերջինիս իր հետ տարել նստավայրից դուրս և ծեծի ենթարկել:

Միջադեպը հաստատել էր նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը, որը, սակայն, հավելել էր, թե մամուլում նշված մանրամասները «ուռճացված են»:

Այնուամենայնիվ, առնվազն մեկ ու կես տարի «ստվերում» մնալուց հետո, շատերի համար անակնկալ է կրկին Գագիկ Բեգլարյանին նման բարձր պաշտոնում տեսնելը, հաշվի առնելով այն, որ վերջինիս պահվածքը որակվում էր որպես «նախագահին հասցված վիրավորանք»:

Սակայն, ենթադրելի է, որ նախագահական ընտրություններից հաշված ամսիներ առաջ նախագահը փորձում է «փորձված» եւ նվիրված մարդկանցից թիմ ձեւավորել, որոնք նեցուկ կլինեն իրեն:

Ինչեւէ, քաղաքական թեժ աշնան սպասելիքներով՝ ստորեւ ներկայացնում ենք կառավարության նոր կազմը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան

Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան

Տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գևորգյան

Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան

Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան

Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան

Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան

Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան

Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան

Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան

Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան

Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան

ԱԻ նախարար՝ Արմեն Երիցյան

Գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյան

Ինչպես տեղեկացրել է Շարմազանովը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի թեկնածությունը կորոշվի կառավարության նիստի ժամանակ:

© Medialab.am