Թուրքիան ու Ադրբեջանը նոր քարտեզներ են գծում՝ կեղծելով պատմությունը, իսկ այդ կեղծիքի դեմը պետք է առնել.  Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հետ պետք է արվեն 1975 թվականի քարտեզներով, մինչ այդ խորհրդարանում ասել էր, որ 1991 թվականի քարտեզներով պետք է գործընթացն իրականանա։ 1975 թվականի քարտեզն ի՞նչ է իրենից ենթադրում։

– 1975 թվականի քարտեզը նույնն է, ինչ 1991-ինը։ 1975 թվականին սկսեցին տպագրել այդ քարտեզը, որը 1000 էջ է ներառում, որոնց տպագրությունը տարիներ է տևել։ Մինչև 1991 թվականը այդ քարտեզները հիմնական փոփոխությունների չեն ենթարկվել, նույնն են, ինչ 1975-ը, նույնիսկ՝ 1969-1970 թվականների քարտեզները մինչև 1979-ը և 1991-ը նույն քարտեզներն են։ 

– Այսինքն՝ որևէ տարբերություն չկա՞ 1975 թվականի ու 1991 թվականի քարտեզների միջև։

– Ո՛չ, որևէ տարբերություն չկա։

– Իսկ, ըստ ձեզ, Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ քարտեզներով գնալ սահմանազատման ու սահմանագծման։

– Խնդիրը գիտեք ո՛րն է, որ Ադրբեջանն այդ քարտեզների սահմաններից առաջ է եկել, մտել է Հայաստանի հող։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից։ Երկրորդը՝ ասում է «անկլավները» մերը պետք է լինեն, բայց դրանք Ադրբեջանին հանձնելու ոչ մի հիմք չկա։ Չկա նման փաստաթուղթ, որ Հայաստանում գտնվող այդ երեք հողամասերը հանձնվել են իրենց, չկա նման փաստ, ոչ մի տեղ հրատարակված չէ նման բան, հետևաբար նրանք չեն կարող անկլավներ պահանջել, դա իրենց սահմանադրական ակտին հակառակ է, որովհետև նրանց Սահմանադրությունում ասվում է, որ իրենք 1918-21 թվականների Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն են, իսկ այդ ժամանակ անկլավներ չեն եղել։ Այդ երեք անկլավները ստեղծվել են 1936-39 թվականներին, հետևաբար նրանք նման պահանջ առաջադրելու իրավունք չունեն։ Այս թեման ընդհանրապես պետք է դուրս գա բանակցությունների օրակարգից, որովհետև դրանք ապօրինի են։

– Տեսեք, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Ադրբեջանը համաձայնի վերադարձնել իր տարածքում գտնվող հայկական հողատարածքները, Հայաստանն էլ է համաձայն անել նույնը, ու դա պետք է արվի 1975 թվականի քարտեզով, պարո՛ն Գալիչյան։

– Ես արդեն ասացի, որ այդ թեման ապօրինի է, «անկլավների» թեման պետք է դուրս գա բանակցությունների գործընթացից։ Դա կարող է արվել սահմանազատման ու սահմանագծման ժամանակ, բայց դա պետք է լինի միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը վերադառնան 1991 թվականի սահմաններին, այսինքն՝ 1975 թվականի սահմաններին։ 

– Եթե քարտեզները նույնն են, ինչո՞ւ է մի դեպքում 91 թվականի քարտեզը նշվում, մյուս դեպքում՝ 75-ը։

– Քարտեզներն 1991 թվականին չեն տպագրվել, տպագրվել են 1975-80-ականներին, ու անկախացել են 1991-ին եղած քարտեզներով։

– Այսինքն՝ քննադատությունները, կարծիքները, որ 1975 թվականի քարտեզը մեզ համար ավելի վատ է, քան 1991-ինը, սխա՞լ է։

– Տարբերություն չկա 1991 ու 1975 թվականների քարտեզների միջև, դրանք անիմաստ խոսակցություններ են։ 1991 թվականով թվակիր քարտեզ գոյություն չունի, բոլորը 1991 թվականին անկախացել են 1975-ի քարտեզներով։

– Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Թյուրքական ուղին անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության, Ղարաբաղի ու Զանգեզուրի միջով»։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում այս մասով։

– Դա իրենց պանթյուրքիզմի ծրագիրն է, իրենց երազանքը, որ ամբողջ թյուրքախոս երկրները միանան իրար, գոտի կազմեն Ռուսաստանի հարավում։ Այս ճանապարհին էր, որ Արևմտյան Հայաստանը հայերից դատարկեցին, հիմա էլ, որ Ալիևը պնդում է, թե «Զանգեզուրի միջանցք» է պետք, ասում է, որ կիսատ մնացած գործն ավարտեն, Հայաստանն այդ ճանապարհին իրենց միակ սեպն է, որն ուզում են վերացնել։ 

Թուրքիան ու Ադրբեջանը նոր քարտեզներ են գծում՝ կեղծելով պատմությունը, իսկ այդ կեղծիքի դեմը պետք է առնել, եթե մենք իրենց գծած քարտեզներով շարժվենք, ստացվում է՝ ընդունում ենք, որ այդ հողերը մենք պարտվել ենք իրենց։ Այդ 240 քառակուսի կիլոմետրը, որ իրենք գրավել են ՀՀ տարածքից հիմա, կընդունենք, որ դա իրենցն է, ինչը իրականության հետ աղերս չունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am