ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն․ ազգային շահի դեմ քայլեր են արվում, պարոնայք, արթնացեք․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել։

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- հայտարարել է ՀՀ արդեն նախկին նախարարը։

Սա նշանակում է, որ ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք։ Մեր երկրի ազգային շահը վտանգված է… արձանագրում է պետական պաշտոնյան և, ի նշան բողոքի, հրաժարական տալիս։ Երկիր ենք կորցնում… պետականություն ենք կորցնում…»։