Ֆրանսիայի նախագահը պնդել է, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ – ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: Այդ մասին Էմանյուել Մակրոնն ասել է երեկ` France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պնդելով, թե Մոսկվան թեժացնում է իրավիճակը Ադրբեջանի օգտին:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Անցած շաբաթ Պրահայում Մակրոնը հանդիպել էր Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ: Քառակողմ հանդիպումից հետո Եվրամիությունը որոշել է փաստահավաք առաքելություն ուղարկել Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելու, սահմանազատմանն աջակցելու համար: Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ: