Գևորգ Պետրոսյանն առաջարկում է պատվի, արժանապատվության պաշտպանության գործերը քննել խելամիտ ժամկետներում. ԱԺ հանձնաժողովը դեմ չէ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 30-ին շարունակել է նախորդ օրն ընդհատված նիստի աշխատանքը:

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Գեւորգ Պետրոսյանը: Հեղինակը նշել է, որ անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք:

Նրա խոսքով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը եւ արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով դրա երկար քննության պատճառով: Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում:

Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում: Պետրոսյանը տեղեկացրել է, որ բոլոր առաջարկներն ընդունվել են:

Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը դրական է գնահատել օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այս գործերով դատարանները կաշկանդված կլինեն, ավելի սեղմ ժամկետներում կնշանակեն երկրորդ նիստերը: Արդյունքում վեճի լուծումը կլինի ավելի սեղմ ժամկետում: Պատգամավորն առաջարկել է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերն առաջին ատյանի դատարանում քննել եւ լուծել եռամսյա ժամկետում: Առաջարկվել է հայցադիմումի պատասխանը ներկայացնել այն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը պետք է քննի եւ որոշում կայացնի այն վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ գործադիրը կողմ է նախագծին և ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստել է, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը:

Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: