ԵՄ-ում սալմոնելայի բռնկումը կապում են ուկրաինական արագ պատրաստվող լապշայի հետ

Եվրոպայում սալմոնելայի վարակման բռնկումը կապում են ուկրաինական արտադրության արագ պատրաստվող լապշայի հետ։ Ինչպես հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնին՝ ECDC-ին, 2025-ի նոյեմբերից մինչև 2026-ի հունիսը ԵՄ 13 երկրներում և Մեծ Բրիտանիայում հաստատվել է վարակի 106 դեպք։ ECDC-ն ու EFSA-ն նույն տվյալներն են հրապարակել համատեղ գնահատման մեջ՝ նշելով, որ դեպքերը հիմնականում գրանցվել են երեխաների և երիտասարդների շրջանում։

Առնվազն 49 մարդ հոսպիտալացվել է։ Եվրոպական կառույցները վարակի դեպքերը կապում են նույն ապրանքանիշի արագ պատրաստվող լապշայի հետ․ խոսքը հավի համով լապշայի մասին է, որը արտադրվել է Ուկրաինայում։ AP-ի տվյալներով՝ արտադրողը Euro Food Service ընկերությունն է, որը թողարկում է Reeva ապրանքանիշի արտադրանք։

Ուկրաինական Reeva Foods ընկերությունը նախորդ շաբաթ հայտնել էր, որ տեղեկություն է ստացել իր արագ պատրաստվող լապշայի խմբաքանակներից մեկում սալմոնելայի «ենթադրյալ հայտնաբերման» մասին։ Ընկերության փոխանցմամբ՝ տվյալ խմբաքանակը տարածվել է Բալթյան երկրների շուկաներում, իսկ համապատասխան խմբաքանակները հանվել են վաճառքից։

Վարակման դեպքեր են արձանագրվել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում և Շվեդիայում։

«Սալմոնելայով վարակման ախտանիշներից են փորլուծությունը, բարձր ջերմությունը, փսխումը, ջրազրկումը և որովայնի ցավերը։ Սովորաբար հիվանդներն ապաքինվում են մոտ մեկ շաբաթում, սակայն փոքր երեխաների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ վարակը կարող է ծանր ընթացք ունենալ»,-գրում է DW-ն։