«Իրավիճակը, մեղմ ասած, լավը չի». Դավիթ Անանյանը եղել է Ազատության հրապարակում

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանայանը այսօր նույնպես Ազատության հրապարակում է, որտեղ երեկվանից անժամկետ բողոքի ակցիա է իրականացնում ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Այսօր առավոտյան արցախյան պատերազմի երկու մասնակից Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել:

«Անակնկալ չի, որ ես այստեղ եմ, եկել եմ իմ ընկերներին բարևեմ, գնամ»,-նկատի ունենալով Վանեցյանին, ասել է Անանյանը:

Հարցին, թե Արթուր Վանեցյանն իր ընկե՞րն է, Անանյանը պատասխանել է. «Իհարկե, իմ լավ ընկերն է, աշխատանքային։ Եթե աջակցության տարր չունենար իմ բարևելը, ես կարող էի հեռախոսով էլ զանգել, բարևել։ Ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, սա համարեք որպես իմ քաղաքացիական պարտք։ Եկա, ընկերներիս բարևեցի, հիմա գնում եմ աշխատանքի»,-ընդգծել է Անանյանը:

Նա ասել է, որ երկրում ստեղծված իրավիճակը իրեն ևս մտահոգում է. «Եթե կգտնեք այնպիսի մարդ, որին երկրի վիճակը չի մտահոգում, ուրեմն նրանից հեռու մնացեք: Մարդկային լեքսիկոնում երևի թե չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն այն իրավիճակը, ինչ մենք ունենք երկրում: Իրավիճակը, մեղմ ասած, լավը չի»։

Արձագանքելով հարցին, թե արդյոք իշխանափոխությունը կարող է ելք լինել նման իրավիճակից, Անանյանն ասել է. «Իշխանափոխությունը պետք է լիներ կամովին՝ նոյեմբերի 10-ի առավոտյան։ Սա իմ դիրքոշումն է, որից չեմ հրաժարվում մինչև հիմա էլ»: