Արցախի կառավարությունը պատերազմից հետո քաղաքացիների վարկերի փոխհատուցման պետական աջակցության ծրագիր է իրականացնում. Նախագահը ստորագրել է որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։

Արցախ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների։

Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում (բացի զորահավաքային զորակոչով չներկայացած ԱՀ պահեստազորայիններից կամ նրանց ամուսիններից, համատեղությամբ բնակվող ծնողներից կամ զավակներից) և որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են ԱՀ-ում՝ որոշ բացառություններով։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք ևս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու և պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում և վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն ՀՀ դրամը չգերազանցելու պայմանով։

Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

Մանրամասներին տեղեկանալու համար հնարավոր է զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119 կամ 047-119-119 հեռախոսահամարներով: