Ջորջ և Ամալ Քլունիները ստիպված են եղել տարհանվել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իրենց տնից, քանի որ անտառային հրդեհը մոտեցել է նրանց բնակավայրին։ Այս մասին հայտնել է դերասանի ներկայացուցիչը, գրում է The Guardian-ը։
Քլունիների ընտանիքը 2021 թվականին ձեռք է բերել Բրինյոլ քաղաքում գտնվող Domaine du Canadel կալվածքը, որը հետագայում դարձել է նրանց հիմնական բնակավայրը։ Դերասանը քաղաքի քաղաքապետին ուղղված նամակում գրել է, որ դեռ չգիտեն՝ արդյոք իրենց տունը կփրկվի հրդեհից։ Նա նաև նշել է, որ անկախ տեղի ունեցածից՝ ընտանիքը կմնա համայնքի մի մասը և կմասնակցի դրա վերականգնմանը։
Բրինյոլի մոտ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի կեսօրին և տարածվել շուրջ 130 հեկտարի վրա։ Տարհանվել է մոտ 600 բնակիչ, չորս հրշեջ վիրավորվել է։
Քլունին ասել է, որ իրենք սիրում են Բրինյոլն ու այնտեղ ձեռք բերած ընկերներին և առաջին հերթին հույս ունեն, որ քաղաքի բնակիչներն անվտանգ կլինեն։



















