Իսրայելում 12-ից բարձր տարիքի երեխաները դպրոցներում կպատվաստվեն COVID-ի դեմ

Սեպտեմբեր ամսից Իսրայելում կբացվեն դպրոցները, 12-ից բարձր տարիքի երեխաները ծնողների թույլտվությամբ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հենց պարապմունքների ժամանակ: Այդ մասին օգոստոսի 23-ին հաղորդել Է The Times of Israel հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իսրայելի իշխանություններն օգոստոսի 23-ի առավոտյան որոշել են, որ երկրում ուսումնական տարին, ինչպես պլանավորվել Է, կսկսվի սեպտեմբերի 1-ից, չնայած ուսումնական տարին հետաձգելու հասարակայնության կոչերին, որը կապված Է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճի հետ: Նաեւ որոշվել Է, որ 12 եւ ավելի բարձր տարիքի աշակերտները կկարողանան պատվաստանյութն ստանալ ուսումնական հաստատության տարածքում՝ ծնողների թույլտվությամբ:

Ուսուցիչների եւ մյուս աշխատողների համար կսահմանվի «կանաչ անցագրերի» համակարգ, որի համաձայն նրանք կկարողանան աշխատել միայն պատվաստման կամ COVID-19-ի բացասական թեստի հավաստագրի տրամադրման դեպքում:

Երկրի կրթության նախարար Իֆաթ Շաշա-Բիթոնը դեմ Է եղել այս ծրագրին, բայց ավելի ուշ համաձայնել Է դրան՝ ուսումնական տարվա մեկնարկը չհետաձգելու նպատակով:

Օգոստոսի 22-ին Իսրայելում կորոնավիրուսի թեստեր են սկսել անել 3-ից մինչեւ 12 տարեկան երեխաներին: Թեստերն անցկացվում են ամբողջ երկրի ավելի քան 400 բնակավայրերում: Ավելի վաղ այս տարի դեռահասներին COVID-19-ի դեմ պատվաստումներ են սկսել անել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում:

Համավարակի ողջ ժամանակաշրջանում Իսրայելում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 994 հազար դեպք եւ հիվանդությունից մոտավորապես 6,8 հազար մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: