«Կարծում եմ, որ անպայման միջազգային հանրույթը միջամտելու է, Ռուսաստանը մասնավորապես է միջամտելու». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, շարունակվում է հրթիռակոծվել Ստեփանակերտը։ Որքա՞ն վնաս է կրել քաղաքը մինչ այս պահը։

– Այս պահին դժվար է ասել, թե որքան, բայց զգալի վնաս կրել ենք։ Ավելին՝ նյութական կորուստները մեզ համար երկրորդական են, մեզ համար ամենակարևորը, որ մարդ չզոհվի, մենք մարդկային կորուստներ չունենանք, նվազագույն կորուստներով լինի։ 

Մեր տղաները, Աստված պահի, պաշտպանում են մեր սահմանները։ Վերջին 30 տարվա մեջ այսպիսի բաներ շատ են եղել, արցախցին փորձ ունի, հաստատակամ է, ոչինչ չի ստացվելու է թշնամու մոտ։ Եվ մենք հասկանում ենք, որ սրանք թշնամու վերջին ճիգերն են, դրա համար թիրախավորել են բնակավայրերը։

– Արցախի նախագահի խոսնակը նշել է, որ պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ 

– Մենք, ի տարբերություն նրանց, քաղաքացիական օբյեկտները չենք խոցում։ Եթե տուժածներ էլ լինում են նրանց կողմից, պատահական են լինում։ Եթե հրթիռակոծում են քաղաքները, մեզ պետք է նրանց ողնաշարը ջարդել, մենք ռազմական օբյեկտներին ենք հարվածներ հասցնում։ 

Մենք չենք պատերազմում Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ, նույնիսկ այս վիճակում մենք նրանց թշնամի չենք համարում։ Ավելին՝ զգուշացնում ենք նրանց, որ կարող է հրթիռակոծում լինի, մենք այսպիսին ենք՝ իր տարբերություն նրանց, որ այսօր վաղ առավոտյան 6։30-ին սկսեցին հրթիռակոծել։

– Մոտենո՞ւմ է ավարտը։

– Մենք չենք ուզում կիկոսությամբ զբաղվել, կանգնելու ենք մինչև վերջ, ուշ թե շուտ ջարդելու ենք նրանց։ Գիտենք, որ այնտեղ սկսվել է քաղաքական ռեպրեսիաների փուլը, ժողովրդի մոտ մեծ դժգոհություն կա։ 

Մեր գնահատականը հետևյալն է՝ մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, որոնք իրենց սեփական բնակչության նկատմամբ էլ են այսպիսի գործողություններ անում և դա անում են իսլամիստների ձեռքով, որոնք ոչ մի սրբություն չունեն։

– Տեղեկություն կա, որ Իսրայելը շարունակում է զենքի մասշտաբային մատակարարումները Բաքվին։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Իսրայելական զենքի՝ այս օրերի վաճառքի մասով դեռ հստակ տեղեկություն չկա։ Պետք է ճշտվի, որպեսզի տեսակետ հայտնենք։

– Այս օրերին Երևանից մեծ հոսք կա Ստեփանակերտ։ Խանգարո՞ւմ են, թե՞ օգնում։

– Գալիս են, գոտեպնդում են, ոգևորում է։ Եվ ճիշտը դա է, մարդկանց հոսքը չես կարող կանգնեցնել։

– Պուտինի օդանավը ժամանել է Երևան։ Մտահոգություններ կա՞ն, որ Մոսկվան կարող է միջամտել։

Ես կարծում եմ, որ անպայման միջազգային հանրույթը միջամտելու է, Ռուսաստանը մասնավորապես է միջամտելու։ Եվ հաշվի առնելով մարդասիրական հարցերը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ մենք առհասարակ շատ դասեր պետք է քաղենք այս ամենից և առաջին հերթին ամեն ինչ անենք, որ մեր եղբայրների հետ շատ լավ լինենք, բոլոր եղբայրական երկրներին նկատի ունեմ։ Եվ անթույլատրելի է դեմագոգների արածը, եղբայրական երկրներին ցուրտ խոսք էլ չպետք է ասենք։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am