Պատերազմի մեկնարկի համար Ադրբեջանին լեգիտիմություն պետք չէ, թույլտվություն է պետք

Արեգ Քոչինյանը

Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի շարք խնդրահարույց ձևակերպումների կողքին արտահայտեց մի միտք, թե Ադրբեջանը կաթիլ-կաթիլ լեգիտիմություն է հավաքում նոր պատերազմի համար։ Բացատրությունը մոտավորապես հետևյալն էր՝ Ադրբեջանն իրեն ծայրահեղ ապակառուցողական է պահում, չի գալիս հանդիպումներին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, բայց հայտարարում է, թե Հայաստանն է ապակառուցողական կողմը՝ փորձելով տպավորություն ստեղծել (ըստ երևույթին հավաքական Արևմուտքի կամ Ռուսաստանի, կամ էլ միջազգային հանրության մոտ), թե Հայաստանը չի փորձում հարցերը լուծել խաղաղ բանակցային և փոխզիջումային տարբերակով։

Ասվածի ամբողջ խնդիրը հասկանալու համար այն պետք է բաժանել մի քանի շերտերի։ 

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ հավաքական Արևմուտքը և ո՛չ էլ, ընդհանրապես, որևէ լուրջ ուժային կենտրոն իրենց եզրակացությունները չեն կառուցում Ադրբեջանի կամ Հայաստանի՝ մեկմեկու մասին արված հրապարակային հայտարարությունների հիման վրա։ Դրա համար կան արտաքին հետախուզական ծառայություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, վերլուծական կենտրոններ և այլն։ 

Երկրորդ՝ եթե խոսքն ավելի ընդհանուր ասված միջազգային հանրության մասին է, ապա պատերազմ սկսելու կամ ավարտելու հարցում նրա վերաբերմունքը էական դեր չի խաղում, հատկապես մեր տարածաշրջանում։ Ցավոք, մեր տարածաշրջանը շատ արագ մուտք է գործել մի տրամաբանության մեջ, որում որոշումների կայացումն ու ազդեցության բանեցումը հիմնականում հենված են մերկ ուժի վրա։

Երրորդ՝ միջազգային հանրության դիրքորոշումը դեր չխաղաց ո՛չ ապրիլյան պատերազմի և ո՛չ էլ 44-օրյա պատերազմի մեկնարկի կամ ավարտի հարցում։ Այստեղ դեր խաղաց երկու հանգամանք՝ Ռուսաստանի դիրքորոշումը և Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունները։ Պատերազմից հետո նշված հանգամանքների վճռորոշությունը միայն աճել է։ 

Ռուսաստանն այժմ աշխարհի միակ պետությունն է, որը ռազմական ներկայություն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններում, իսկ Թուրքիան ձեռք է բերել Հարավային Կովկասում շատ էական ներկայություն, Ադրբեջանի տարածքում նաև՝ ռազմական ներկայություն։ Այսպիսով, եթե նախկինում դեր էին խաղում Ռուսաստանի դիրքորոշումն ու Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունները, իսկ այժմ վերջին երկուսի դերը միայն աճել է, ապա ներկայումս առավել ևս Ադրբեջանը պատերազմ սկսելու համար կարիք չունի լեգիտիմություն հավաքելու, Ադրբեջանին անհրաժեշտ է միայն Ռուսաստանի համաձայնությունը։

Այստեղ է, որ պետք է մեջբերել նաև Փաշինյանի մեկ այլ միտք՝ արցախյան հիմնահարցի շուրջ 20 տարուց ավելի ձգված ստատուս քվոն արդյունք էր ոչ թե նրա, որ Հայաստանի իշխանություններն էին կարողանում «ձգել» այդ խաղաղությունը, այլ նրա, որ այդ խաղաղությունը պետք էր այլ ուժերի, և որ այն այլևս «չձգվեց», երբ դա պետք չէր։ Այստեղ այդ ուժերի տակ, բնականաբար, պետք է նկատի ունենալ Ռուսաստանին։ 

Այստեղ է, որ կա մտքի խեղում և խնդիր՝ այդ ինչպե՛ս է ստացվում, որ նախկինում Հայաստանը չէր ժամանակ ձգողը, այլ Ռուսաստանն էր իրավիճակը կառավարողը, իսկ այժմ շատ ավելի թուլացած Հայաստանը, ըստ վարչապետի, կարողանում է ժամանակ ձգել, իսկ Ադրբեջանն էլ ստիպված պատերազմի լեգիտիմություն է կուտակում, դե իսկ մենք էլ մեր հեռամիտ արտաքին քաղաքականությամբ ու ասուլիսներով ի չիք ենք դարձնում այդ փորձերը։ 

Ստացվում է, որ վարչապետը միտումնավոր կամ չհասկանալով անում է նույն սխալը, որում նա մեղադրում է նախկիններին, և պատերազմի ու խաղաղության հարցը տեղավորում է «Հայաստան-Ադրբեջան-միջազգային հանրություն» տիրույթում, մինչդեռ հաշվի առնելով հաստատուն մեծությունները՝ հարցը բացառապես ռուսական տիրույթում է, քանի դեռ Հայաստանը չի գնացել շրջադարձային փոփոխությունների։

Եվ, ուրեմն, ներկայումս գոյություն ունեցող հարաբերական անդորրն էլ, ապագայում հնարավոր պատերազմն էլ արդյունք են ոչ թե Հայաստանի իշխանությունների գործողությունների, այլ Հայաստանից կախում չունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և Ռուսաստանի արտաքին քաղաքական խնդիրների, և այս որբի գլուխ վիճակը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը չի գնացել շրջադարձային փոփոխությունների։

Պատերազմի ու խաղաղության հարցերում որոշող դառնալու միայն մեկ տարբերակ կա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունները՝ Ռուսաստանի դուրսմղմամբ ու թեկուզև միակողմանի զիջումների գնով հարաբերությունների կարգավորումը։ Սա կարճաժամկետ լուծումն է, դրանից հետո պետք է հնարավորինս արագ ձերբազատվել ռուսական ազդեցությունից, ռուսական ինտեգրացիոն գործընթացներից ու զբաղվել բանակի ու, ընդհանրապես, ինքնապաշտպանական կարողությունների արդիականացմամբ և կառուցել նոր անվտանգային ճարտարապետություն։ Սա անել՝ լինելով Ռուսաստանի դաշնակից, գործնականում անհնար է մի շարք պատճառներով։ 

Իսկ այս պահի դրությամբ մշտական հարցին՝ «պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ» պատասխան կարող են տալ միայն մոսկովյան հայտնի շինությունում, իսկ այնտեղ որոշումները չեն կայացվում՝ ելնելով կաթիլ-կաթիլ հավաքված կամ բացակայող «լեգիտիմությունից»։

Արեգ Քոչինյան

MediaLab.am