Հայաստանի խնդիրն այսօր պետք է լինի ոչ թե նոր «տեր» գտնելը, որն ավելի լավը կլինի, քան Ռուսաստանն էր, այլ՝ գործընկեր գտնելը. Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, կխնդրեմ ասեք՝ ի՞նչ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը։

– Կարելի է ասել, որ Հայաստանը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքների առջև, ու այսօր, իհարկե, առաջինը ռազմական սպառնալիքներն են, բայց, դրանցից զատ, կան տնտեսական ու այլ սպառնալիքներ։ 

– Դրանց դիմակայելու համար Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրսներ: 

– Երբ խնդիրներդ էքզիստենցիալ բնույթի են, քեզ չեն հարցնում՝ ռեսուրս ունե՞ս, թե՞ չէ, պետք է դիմադրություն կազմակերպես, և Հայաստանն ունի նման հնարավորություն, բայց դրանք ենթադրում են մեծ փոփոխություններ և՛ ռազմական, և՛ ազգային անվտանգության ոլորտում, և՛ պետական ու նաև հասարակության մեջ։ 

Առկա սպառնալիքները չեզոքացնելու համար դու ստիպված ես փոխել այն սկզբունքները, որոնց վրա կազմված էր հետխորհրդային Հայաստանը, այսինքն՝ բոլոր ոլորտները պետք է փոխվեն։ Հեշտ լուծումներ չեն լինելու, որովհետև մենք կորցրել ենք 30 տարի, և այդ սպառնալիքները կուտակվել են ու պայթել 2020 թվականին, իսկ հիմա պետք է սկսել փոխել։

– Պարո՛ն Արզումանյան, այդ փոփոխությունը նաև ենթադրում է արտաքի՞ն քաղաքականության վեկտորի փոփոխություն։

– Իհարկե, անշուշտ, դու պետք է գնաս փոփոխությունների ոչ միայն երկրի ներսում, այլ նաև՝ արտաքին ասպարեզում։ Պետք է վերանայես քո դաշինքները, մոտեցումները, քո դերը տարածաշրջանում։ 20 տարուց ավելի ընտրել ես միայն հյուսիսային ուղղությունը, ու քո բոլոր դաշինքները կապել ես միայն Ռուսաստանի հետ, ինչը բերել է այն հետևանքներին, որ ունեցանք 2020-ին, ու դու հիմա կանգնած ես շրջադարձի առջև, և պետք է սկսես փոխել նաև քո վեկտորները։ 

Սա ևս խնդրահարույց է լինելու, այսինքն՝ մեզ սպասում է գլոբալ փոփոխությունների սպառնալիք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ասպարեզում։ Ամեն ինչ պետք է արվի զուգահեռաբար, ինչը բավական մեծ խնդիր է պետության ու ժողովրդի համար։ 

– Արտաքին վեկտորի փոփոխության վերաբերյալ ներհայաստանյան կարծիքները հիմնականում կատեգորիկ միակողմանի են՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Արևմուտք։ Ձեր տեսակետն եմ խնդրում այս մասով։

– Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը․ առաջինը, դու՝ որպես պետություն, պետք է հասկանաս, որ պետք է հիմնվես քո ժողովրդի վրա, քո ներուժի վրա, պետք է ունենաս անվտանգային ու պաշտպանական համակարգ, որը կարողանում է լուծել Հայաստանի խնդիրները՝ հիմնվելով միայն հայ ժողովրդի ներուժի ու հնարավորությունների վրա, դու պետք է լինես հայակենտրոն։ 

Երկրորդ՝ երբ դու սկսում ես կառուցել սեփական ուժերի վրա հիմնված համակարգ, այլ ոչ թե արտաքին ուժերի, դու կանգնում ես շրջադարձի անհրաժեշտության առջև ու պետք է փոխես նաև քո մոտեցումները։ 

Դրա համար պետք է խոսել ոչ թե վեկտորի, այլ ներսի փոփոխության մասին, երբ դու հիմնվում ես քո ուժերի վրա ու փորձում ես համագործակցել ուժային կենտրոնների հետ, որոնց ազգային շահերը համընկնում են քոնի հետ։ Այսօր նման ուժային կենտրոններ են Արևմուտքը, Իրանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, բայց ոչ Ռուսաստանը կամ Թուրքիան։ 

Ռուս-թուրքական դաշինքի շահերը մեր շահերին չեն համընկնում, դրա համար դու պետք է փոխես քո հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, որն ունես, կամ պետք է ձևավորես ու սկսես աշխատել այն ուժային կենտրոնների հետ, որոնք կարող են դառնալ քո դաշնակիցներն ապագայում: 

Այսօր դու պետք է կտրվես Ռուսաստանից ու Թուրքիայից, հասկանաս, որ մենակ ես, հիմնվես քո ժողովրդի ներուժի վրա ու փորձես գտնել նոր վեկտորներ, որոնցով հետագայում կարող ես ունենալ հաջողություններ։ Ոչ թե նոր «տեր» գտնես, որն ավելի լավ կլինի, քան Ռուսաստանն էր, այլ՝ գործընկեր։ 

– Հիմա ՀՀ գործող իշխանությունը գործընկե՞ր, թե՞ նոր «տեր» է փնտրում։

– Իշխանությունները շատ դժվար խնդրի առաջ են կանգնած․ նրանք չեն կարող շարունակել այն ճանապարհը, որով մինչ այս գնացել են, նրանք կա՛մ պետք է փոխեն ճանապարհը, կա՛մ վաղ թե ուշ կհեռացվեն, կգան նոր ուժեր, որոնք պատրաստ կլինեն գնալու իմ ասած ճանապարհով։ 

– Պարո՛ն Արզումանյան, Թուրքիայում երկրաշարժից հետո վերլուծական դաշտը սկսեց խոսել այն մասին, որ ադրբեջանական հնարավոր ռազմական էսկալացիան որոշ ժամանակով հետաձգվելու է հասկանալի պատճառով, մինչ այդ նոր էսկալացիայի հավանականությունը բավական բարձր էին գնահատում։ Երկրաշարժի հետևանքներն իսկապե՞ս ազդելու են Ադրբեջանի նմանօրինակ ծրագրերի վրա, թե՞ ոչ։

– Պետք չէ խոսել Թուրքիայի մասին, պետք է միշտ խոսել ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի մասին։ Ադրբեջանն անցել է ռազմական լայնածավալ գործողությունների իրականացման 2020 թվականին, որովհետև ունեցել է Ռուսաստանի ու Թուրքիայի օժանդակությունը, եթե Ռուսաստանը դեմ լիներ այդ պատերազմին, ոչինչ չէր լինի, այդ թույլտվությունը Ռուսաստանն է տվել: 

Բայց այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան հասկանալի պատճառներով չունեն Ադրբեջանին աջակցելու այն հնարավորությունները, ինչ ունեին 20 թվականին։ Իսկ Ադրբեջանը միայնակ չի կարող գնալ ռազմական ագրեսիայի, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիր է, որովհետև այդ ծրագրին դեմ են Իրանը, Արևմուտքը։ 

Չեմ կարծում, թե Թուրքիան կօժանդակի Ադրբեջանին, բայց Ռուսաստանը կարող է, եթե տարածաշրջանում սկսեն լայնածավալ ռազմական գործողություններ, կսկսվեն Ռուսաստանի օժանդակությամբ, որովհետև Ռուսաստանի ռազմավարությունն ու քայլերը վերջին երկու տարին պարադոքսալ են, անհասկանալի: 

Նա քայլեր է անում, որոնք քայքայիչ են հենց իր համար, բայց արդյոք պատրա՞ստ է կրկին գնալու իր համար քայքայիչ քայլերի, դժվար է ասել, այնուամենայնիվ, մեր զինուժը պետք է մշտապես պատրաստ լինի։ Ռազմական սպառնալիքի հավանականությունը բնավ զրոյական չէ, միշտ պետք է պատրաստ լինենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am