Թուրքիան մինչև Հայաստանից իր համար կարևոր զիջում չստանա, ոչ մի քայլ չի անի այդ առաջարկի մասով. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

-Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, և սպասում է Թուրքիայի պատասխանին։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի առաջարկը։ Կընդունի՞ Թուրքիան այս առաջարկը։

– Չի զարմացնում փաստը, որ Թուրքիայի կողմից դեռ ոչ մի արձագանք չկա, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան բանակցային գործընթացում կիրառում է որոշակի տակտիկա, որի նպատակն է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Եթե ավելի պարզ ասենք՝ Թուրքիան մինչև Հայաստանից իր համար կարևոր զիջում չստանա, ոչ մի քայլ չի անի այդ առաջարկի մասով, սա ակնհայտ է։

– Այսինքն՝ յուրաքանչյուր առաջարկի դիմաց Թուրքիան Հայաստանից ինչ-որ բա՞ն է մշտապես պահանջելու։

– Թուրքիան զիջումներ է պահանջելու։ Կոնկրետ բանակցողը գիտի, թե նա ինչ կպահանջի դրա փոխարեն։ Ենթադրում եմ, որ պահանջները կապված կլինեն Արցախի հիմնահարցի, կարգավիճակի, Ցեղասպանության և այլնի հետ։

– Իսկ որպես առաջին քայլ, հայկական կողմի այս առաջարկն ինչպե՞ս եք գնահատում։

– Չեմ կարող ասել՝ սա առաջի՞նն է, թե ոչ, որովհետև չգիտեմ, գուցե նաև այլ առաջարկներ են արվել, ուղղակի սա հրապարակվել է։ Կոնկրետ առաջարկի մասով՝ ի՞նչ ասեմ, ուղղակի պետք է լավ հասկանալ, որ մինչև Թուրքիան ինչ-որ կարևոր զիջում չստանա Հայաստանից, ոչ մի առաջարկի դրական արձագանք չի տա։

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի արտգործնախարարը կոչ է անում հայկական կողմին մի քիչ ավելի համարձակ լինել, և հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումներն անցկացնել կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում, այլ ոչ թե ինչ-որ երրորդ երկրում։ Ինչո՞ւ են դեմ երրորդ երկրում հանդիպումների անցկացմանը։

– Թուրքիան հենց սկզբից հայտարարել է, որ ինքն այս բանակցային գործընթացը դիտարկում է առանց միջնորդների, ու այն հանգամանքը, որ բանակցությունները շարունակվում են երրորդ երկրում, այնքան էլ ցանկալի չէ։ Նրանց համար դա սիմվոլիկ նշանակություն ունի, որ ցույց տան, թե ոչ մի երրորդ կողմ չկա։ Հիմնական նպատակը դա է։

– Համակարծի՞ք եք Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողությունները դանդաղեն, գործընթացը կլճանա։ Արդյոք այս գործընթացում շտապողականությունը պե՞տք է։

– Ինչպես արդեն ասացի, ես համոզված եմ, որ Թուրքիան որոշակի տակտիկա է կիրառում բանակցային գործընթացում, որի նպատակն է մի փոքրիկ բան անել, փոխարենը Հայաստանից պահանջել ավելի մեծ զիջում, և դա երկարատև գործընթաց է ենթադրում։ Թուրքիան իսկապես չի շտապի, եթե հայկական կողմը շտապի ու զիջումների գնա, միայն այդ դեպքում Թուրքիան իր կողմից կարագացնի քայլերը։

– Պարո՛ն Սաֆրաստյան, փաստորեն, դուք մնո՞ւմ եք ի սկզբանե ձեր հնչեցրած կարծիքին, որ Թուրքիան, որքան էլ հայտարարում է, թե առանց նախապայմանների է գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, իրականում առանց դրանց հարաբերությունների կարգավորման պատրաստ չէ։

– Անտարակույս, դա միանգամայն պարզ է։ Հատկապես ժամանակակից Թուրքիան, որը սկսել է աշխարհում մեծ դերակատարություն ունենալ, փորձում է տարածաշրջանում ունենալ միակ ուժի կենտրոնը, անցկացնում է շատ ագրեսիվ քաղաքականություն բոլոր բնագավառներում և փորձում է դառնալ համաշխարհային խաղացող, այդ Թուրքիան Հայաստանի հետ երբեք չի գնա այնպիսի բանակցությունների, որտեղ Հայաստանին հնարավորություն կտա հանդես գալու իրեն հավասար։

Թուրքիան բոլոր միջոցները կօգտագործի Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ստանալու այն արդյունքը, ինչն ուզում է։

– Իսկ այդ արդյունքը նույնանո՞ւմ է ադրբեջանական հինգ կետերի, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի և նման այլ պահանջների հետ։

– Բացի ձեր նշածներից, Ադրբեջանը հիմա էլ պահանջ է ներկայացնում, որ Հայաստանը հրաժարվի իր բանակը զինելու քաղաքականությունից, Թուրքիան էլ դրան ավելացնում է Ցեղասպանության խնդիրը։ Այնպես որ, թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը գնալով կուժեղանա Հայաստանի վրա։

– Իսկ այդ պարագայում խաղաղության պայմանագիրը, հարաբերությունների կարգավորումն այդ երկրների հետ ինչպե՞ս եք պատկերացնում։

– Չեմ պատկերացնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am