Մեր կողքին ապրող մարդիկ. Գաբրիելը

Արգենտինացի գինեգործ Գաբրիել Ռոխելն իր երկրի գինու արտադրությամբ զբաղվող ամենահայտնի նահանգից՝ Մենդոսայից, 2013 թվականին եկավ Հայաստան գինու գործարանում աշխատելու: Երիտասարդը պատրաստվում էր այստեղ երկու տարի մնալ, իսկ հիմա արդեն Երևանում տուն է գնել՝ որքա՜ն կարելի է վարձով ապրել մի երկրում, որտեղ արդեն հաստատվել ես: 

Գինեգործն ու գինեսերս հանդիպեցինք Սարյան փողոցում, որտեղ գողտրիկ գինու տները ոչ թե խմիչքի, այլ երևանյան արևի հմայքից արբած՝ փոքրիկ սեղաններն ու աթոռները դուրս էին բերել ու կանչում էին անցուդարձ անողներին:

Նրա արգենտինացու կապույտ աչքերը, որ հայկական կարմիր գինով լցված բաժակի հետ շատ էին սազում, անմահացան լուսանկարչի թարթչի շնորհիվ: Նոր էինք Գաբրիելի հետ սկսում մեր զրույցը, երբ հարևան սեղանիկից մի աղջիկ սկսեց համտեսել «Կարաս» գինու գործարանի սպիտակ գինին: Գաբրիելն ասաց. 

– Դու չես պատկերացնում, թե ի՜նչ մեծ հաճույք եմ ստանում, երբ մեր գինին են պատվիրում, ու ես սկսում եմ հետևել այդ ըմբոշխնման տեսարանին: 

Գինին մերձեցում է մարդու և խաղողի, ջրի, օդի միջև: Երբ նոր էի եկել Հայաստան, «Արենու» հետ լեզու չէին գտնում: Այդ մարմնեղ խաղողի տեսակը կամակորի նման չէր զիջում դիրքերը, բայց Գաբրիելը որոշեց ոչ թե սանձել նրան, այլ՝ մտերմանալ: Ի դեպ, նրա ոչ սահուն, երբեմն՝ անվստահ հայերենի մեջ ամենից պարզ հնչում են «Խնդողնի», «Արենի», «Կանգուն» խաղողի տեսակների անունները: Նրա հայերենը գինու լեզվով է: 

– Երբ ես խոսում եմ գործարանի աշխատողների հետ, բնականաբար, հայերեն եմ շփվում, բայց լուրջ թեմաների մասին, ցավոք, դեռ չեմ կարողանում: Ուղղակի ես իսկապես չէի մտածում, որ այսքան երկար կմնամ Հայաստանում, բայց հիմա ուզում եմ վերսկսել հայերենի պարապմունքները: 

Մենդոսայում նա աշխատում էր որպես գինեգործ, երբ մի օր հասկացավ, որ գինին կաղապարներ չի սիրում, այն ազատության մասին է: Գինին չի հանդուրժում կարծրատիպեր, այն բնավորություն ունեցող խմիչք է, որ թելադրում է իր կանոնները: Որոշեց նախաձեռնել իր արտադրանքը, մի քանի շիշ պատրաստեց, երբ Հայաստանից առաջարկ ստացավ գալ ու դառնալ գլխավոր գինեգործ: Այդ ժամանակ՝ 2013 թվականին, Հայաստանում նոր-նոր սկսում էին ի հայտ գալ իսկապես որակապես բարձր գինիներ՝ փոքր նախաձեռնություններից մինչև մեծ գործարաններ: 

– Երբ առաջին անգամ եկա ու մտա այս խանութը, որի բացօթյա հատվածում նստած ենք, ապշեցի՝ այնքան քիչ գինիներ կային ներկայացված, որակը՝ ցածր, փաթեթավորումը՝ ոչ աչք շոյող: Դա ինձ ոգևորեց, մտածեցի՝ ո՜ւխ, ինչքան շատ անելիք կա, ու ինչ լավ է, որ ինձ տվել են այդ ազատությունը հանդուգն երազելու: 

Գաբրիելի համար գինին հնարավորություն է կիսելու՝ կիսելու երջանկությունը, հույզերը, ապրումները, այդ պատճառով է, որ նա գինու հետ աշխատանքը կենսակերպ է համարում: Գինին նաև քմահաճ է, քանի որ այն միշտ կախված է տվյալ տարվա բերքից, ու եթե բնությունը որոշեց գծուծ լինել, գինին առատ չի լինի: 

– Հայկական գինեգործության նրբությունը խաղողի տեսակների մեջ է: Անգամ եթե հմուտ ես, մեկ է, պիտի կարողանաս հարմարվել խաղողի տեսակին, հասկանալ նրա բնավորությունը, ինչ պահանջներ ունի, ինչ մոտեցում է ակնկալում: Ես սիրում եմ ուսումնասիրել մեր խաղողները, հասկանալ դրանց: 

Առաջին բանը, որ մեր երկրում զարմացրել է արգենտինացուն, այն է, որ այն ժամանակ չկար օրենք, որն արգելում էր հասարակական վայրերում ծխել: Ինքը չի ծխում, տանել չի կարողանում ծխի հոտը ու զարմացած էր, որ այստեղ դա բնական էր ու ընդունելի: Բայց դա միակ զարմանքը չէր: 

– Մի անգամ ինձ կանգնեցրեց ոստիկանը ու սկսեց ստուգել՝ արդյոք հարբա՞ծ եմ, թե՞ ոչ: Հայաստանում մեքենա վարելն արդեն իսկ ոտնձգություն է սեփական կյանքի, անվտանգության նկատմամբ, իսկ երբ օտարերկրացուն կանգնեցնում է ոստիկանը, մարտահրավերն ավելի է լրջանում, մանավանդ՝ «ոչ պերճ հայերենի» դեպքում: Բացատրում եմ, որ ես գինեգործ եմ, ախր, իմ աշխատանքն է ամեն օր գինին համտեսել, դիտարկումներ անել: Ոչ մի կերպ չընդունեցին…

Թեև Գաբրիելը մեքենա է վարում, ու ինքն է ամեն օր Երևանից գնում Արմավիր՝ գործարան, բայց իսկապես դա լուրջ խնդիր է համարում: Երթևեկությունը միմյանց նկատմամբ հարգանքն արտահայտող ամենադիպուկ ցուցանիշն է: Ցավոք, մեր երկրում զիջումը համարվում է թուլության նշան: 

– Երբ Արմավիր եմ գնում, նեղսրտում եմ, որովհետև այնքան ցայտուն են Երևանի պերճությունն ու մարզի՝ խեղճությունը: Այնքան եմ ուզում, որ ամեն բան խտացված չլինի մայրաքաղաքում: Իհարկե, տասը տարի առաջ բոլորովին այլ կերպ էր, շատ բան է փոխվել, բայց պիտի մտածենք մեր մարզերի մասին: 

Հարգանքը սոցիումի կյանքն ավելի դյուրին է դարձնում: Երբեմն մեր ծայրահեղ հյուրընկալությանը ստորադասվում է տարրական հարգանքը դիմացինի հանդեպ: Գաբրիելը հիշում է, որ մի օր փաստաթղթերի հետ կապված գործ ուներ պետական կառույցներից մեկում: Աշխատակցուհու տրամադրության անկումն բառիս ուղիղ իմաստով կոտրվեց Գաբրիելի մատների վրա: 

– Գուցե շատ հարցեր տվեցի, քանի որ լավ չէի հասկանում ասածը: Նա էլ զայրացավ ու այնպես դուռը փակեց դեմքիս, որ ապակին կոտրվեց, ու մատներս լրիվ արյան մեջ հայտնվեցին: Բարեբախտաբար, սա բացառիկ դեպք է. Հայաստանում միշտ կգտնվեն մարդիկ, որոնք օգնության կհասնեն: Հիշում եմ՝ որքան վրդովված հանդիմանեցին աշխատակցուհուն, հետո նա էլ ներողություն խնդրեց ու բարեխիղճ ավարտեց գործը: 

Գաբրիելն Արգենտինայում որևէ տեղ այնքան անվտանգ իրեն չի զգացել, որքան Հայաստանում: Նույնիսկ վստահեցնում է, որ եթե հեռախոսը թողնի սրճարանում ու գնա, կգա նույն տեղում կգտնի, եթե մեքենայի դռները չփակի ու ներսում ամեն բան թողնի, որևէ մեկը ձեռք չի տա: Եվ սա ասողը ոչ թե մարդ է, որ մեկ ամիս է ապրում մեր երկրում, այլ մի ամբողջ տասը տարի. նա իրավունք ունի տեղացու պես խոսելու: 

– Ճի՛շտն ասա՝ քանի հոգի է քեզ արդեն հարցրել՝ ամուսնացա՞ծ ես, թե՞ չէ: 

– Օ՜հ, դու հարցրու՝ քանի հոգի չի հարցրել,- ծիծաղում է Գաբրիելն ու ավելացնում,- գուշակիր, թե ո՞րն է հաջորդ հարցը, երբ ասում եմ, որ ամուսնացած չեմ: 

– Վա՜յ, այսքան լավ մարդը ո՛նց կարող է ամուսնացած չլինել,- միաժամանակ ասում ենք ու ծիծաղում: 

Չէ՜, նման բաներից չի նեղվում ու չի համարում, որ սա անձնական տարածք ներխուժելու փորձ է: Մարդիկ սրտացավ են. եթե քեզ սիրեցին, ուզում են հոգ տանել քո մասին: Ավելի շատ նեղսրտում է, երբ մարդիկ կարծում են, որ հայկական գինին լավագույնն է, ինչը մի տեսակ անհոգության է մատնում բոլորիս: Պիտի անդադար աշխատել այն մրցունակ դարձնելու ու աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: 

– Երբ գնում եմ տարբեր երկրներ ու այնտեղ նկատում, որ մարդիկ հետաքրքրված են մեր գինով, հրճվում եմ: Բայց դեռ շատ անելիքներ ունենք, մենք պիտի բարձր նշաձող սահմանենք մեր գինու համար, պիտի արհեստավարժ մասնագետներ շատ ունենանք՝ սուպերմակետում գինու բաժնի աշխատակցից մինչև գինեգործ պետք է զիլ լինեն: 

– Կա՞ իսպաներեն մի բառ, որով կբնութագրես հայկական գինին,- հարցնում եմ: 

– «Ֆուտուրո», որովհետև հայկական գինին ապագայի մասին է, ես հավատում եմ դրան: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am