Գնահատականը կազդի՞ ԼՂՀ շուրջ ընթացող բանակցությունների վրա. ղարաբաղցի իրավապաշտպանն օբյեկտիվ է համարում Fredoom House-ի զեկույցը

Գնահատականը կազդի՞ ԼՂՀ շուրջ ընթացող բանակցությունների վրա. ղարաբաղցի իրավապաշտպանն օբյեկտիվ է համարում Fredoom House-ի զեկույցը
Գնահատականը կազդի՞ ԼՂՀ շուրջ ընթացող բանակցությունների վրա. ղարաբաղցի իրավապաշտպանն օբյեկտիվ է համարում Fredoom House-ի զեկույցը

ԼՂՀ հայտնի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ղարաբաղյան համակարգող Կարեն Օհանջանյանը թերևս միակն է, ով «օբյեկտիվ» է գնահատել օրերս Fredoom House ամերիկյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության կողմից Ղարաբաղին տրված գնահատականները:
«Բոլոր այն վայ-հայրենասերները, ովքեր այսօր բերանները փրփուր առած փորձում են ժողովրդին և հասարակայնությանն ապացուցել միջազգային կազմակերպությունների գնահատականների սխալ լինելը, պետք է մտածեն իրենց պատասխանատվության մասին և Լեռնային Ղարաբաղում սկսեն իրական ֆունկցիոնալ ժողովրդավարական ինստիտուտների «շինարարություն»,-«Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:
Հունվարի 13-ին Վաշինգտոնում տեղակայված Fredoom House-ի տարեկան զեկույցում Ղարաբաղն առաջին անգամ բնութագրվել էր որպես «ոչ ազատ» երկիր, այնպես, ինչպես Ադրբեջանը: Մինչ այդ Ղարաբաղը մշտապես բնութագրվում էր որպես «մասամբ ազատ»:

Fredoom House-ը գնահատականի այս փոփոխությունը բացատրել է նրանով, որ անցյալ տարվա մայիսին Ղարաբաղում կայացած ԱԺ ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել:

Ըստ պաշտոնական վիճակագրության` անցյալ տարվա մայիսյան ընտրություններին գերիշխող թվով քվեներ էր հավաքել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը (46%), ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ն (16%): ՀՅԴ-ն ԱԺ է մտել` ստանալով 8% ձայներ, իսկ ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը չէր հաղթահարել նույնիսկ անհրաժեշտ 6%-ի շեմը: Մեծամասնական ընտրակարգով ևս ոչ մի ընդդիմադիր թեկնածու չէր անցել խորհրդարան:

Ամերիկյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գնահատականները բացասական արձագանքի էին արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում:

Կարեն Օհանջանյանը, սակայն, պնդում է, որ նման գնահատականը ինչ-որ տեղ նույնիսկ սպասելի էր:

«Մեդիալաբի» հետ զրույցում իրավապաշտպանն ասում է, որ այդ գնահատականը կարելի է համարել «Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում անցկացված ամենաամոթալի ընտրությունների արդյունք», քանի որ, ըստ իրավապաշտպանի, այդ ընտրությունների հետևանքով տրանսֆորմացվել է ԼՂՀ ողջ ներքաղաքական կյանքը, և Ղարաբաղի հասարակությունը զրկվել է երկիրը ղեկավարելու հնարավորությունից:

«Նրանք, ովքեր մանիպուլյացիաներ են կատարել այդ ընտրությունների ժամանակ` ի վնաս Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկանիշը, այնքան կարճատես և տգետ գտնվեցին, որ չենթադրեցին, որ իրենց գործողություններով աղետալի և անդառնալի վնաս են հասցնում ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Մեղավորները հայտնի են, և վաղ թե ուշ նրանք ուղղակի պատասխանատվություն են կրելու միջազգային կազմակերպությունների կողմից այսօր Ղարաբաղին տրված բացասական գնահատականների համար»,- ասում է իրավապաշտպանը:

Կարեն Օհանջանյանը հիշեցնում է, որ ազատության աստիճանը բնորոշելու համար միջազգային կազմակերպությունները սովորաբար կարևորում են մի շարք չափանիշներ` ազատ ընտրական համակարգ, ազատ տնտեսություն, խոսքի ազատություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղն այդ բոլոր չափորոշիչներով ոչ մի քննադատության չի դիմանում, և այդ առումով Fredoom House-ի գնահատականները բավական օբեկտիվ են և համապատասխանում են իրականությանը»,- ասում է իրավապաշտպանը:

Կարեն Օհանջանյանը, ով միակ մարդն էր, որ դեռ ընտրություններից անմիջապես հետո քննադատել էր դրանք`պահանջելով ԼՂՀ վարչապետի հրաժարականը, դեռ մայիսին պնդում էր, որ նման ձևով ընտրությունների անցկացումը չի կարող անհետևանք մնալ Ղարաբաղի համար:

«Իշխանություններն իրենք են կեղծել ընտրությունները, ավելին` ստեղծել են պայմաններ, որոնց առկայության դեպքում անհնար եղավ այնպիսի մարդկանց և կազմակերպությունների մասնակցությունն ընտրություններին և նաև նրանց ընտրության հնարավորությունը, որոնք ունեին իշխանությունների կարծիքից տարբերվող տեսակետներ: Եվ այսօր մենք ունենք չճանաչված երկրի համար նման ամոթալի գնահատական: Իսկ արդյունքը հայտնի է ողջ հանրությանը. ԼՂՀ իշխանությունները ձևավորեցին ամենահլու, ամենաանխոս, և ամենաանատամ խորհրդարանը, որի գործունեությունը վառ օրինակ է, թե ինչպես են ընթանում գործերը ղարաբաղյան հասարակության մեջ»,- ասում է իրավապաշտպանը:

Կարեն Օհանջանյանը նաև վստահ է, որ միջազգային հեղինակավոր այս կազմակերպության նման գնահատականը իր ազդեցությունը կունենա նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վրա: Իրավապաշտպանի խոսքով` պատճառն այն է, որ միջազգային միջկառավարական կազմակերպությունները շատ լուրջ են վերաբերվում այսպիսի հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին:

Եվ դրա արդյունքը, ըստ իրավապաշտպանի, կլինի այն, որ ԼՂ-ն դեռ երկար կկանգնի պաշտոնական բանակցությունների դռներից այս կողմ, այնտեղ, որտեղ որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը:

«Միաժամանակ, ես կցանկանայի միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում իրենց չներկայացվածության փաստի վրա: Մինչդեռ իրենց ներկայությունը զգալիորեն կբարելավեր ԼՂՀ-ում տիրող ժողովրդավարական միջավայրը: Բացի այդ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման առումով ԼՂՀ-ն այսօր լուրջ միջազգային ներդրումների կարիք ունի: Կցանկանայի հուսալ, որ Fredoom House-ի բացասական այս գնահատականից դրական եզրակացություններ կանեն ոչ միայն ԼՂՀ իշխանությունները, այլ նաև միջազգային կազմակերպությունները, որոնք զրկել են ղարաբաղյան հանրությանը միջազգային ռեսուրսների և իրենց ժողովրդավարությունը զարգացնելու հնարավորությունից»,- ասում է Կարեն Օհանջանյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am