Ուզբեկստանի նոր նախագահը. ռեֆորմատո՞ր, թե՞ հերթական բռնապետ

Ուզբեկստանի նոր նախագահը. ռեֆորմատո՞ր, թե՞ հերթական բռնապետ
Ուզբեկստանի նոր նախագահը. ռեֆորմատո՞ր, թե՞ հերթական բռնապետ

Բարեփոխումների ճանապարհին արվող առաջին քայլերը դեռեւս համոզիչ չեն թվում փորձագետներին, ովքեր թերահավատորեն են մոտենում քառորդ դար տեւած բռնապետական ռեժիմի հավանական ավարտին:

Դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանի գործող նախագահ Շավկաթ Միրզիյոեւի հաղթանակն ընտրություններին ամենեւին էլ անակնկալ չէր: Միրզիյոյեւը կզբաղեցնի նախագահի պաշտոնն առաջիկա 5 տարիների ընթացքում որպես պետության թվով երկրորդ ղեկավար՝ 3 ամիս առաջ իր մահկանացուն կնքած Իսլամ Քարիմովից հետո, ով ղեկավարում էր իր ստեղծած ոստիկանապետությունը դեռեւս անկախությունից ի վեր:

Չնայած ընտրություններին 4 թեկնածուներ էին մասնակցում, քվեարկության արդյունքները կանխատեսելի էին: Ըստ սահմանադրության՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի դերը պետք է ստանձներ Խորհրդարանի նախագահ Նիգմաթուլլահ Յուլդաշեւը: Փոխարենը՝ վերջինս զիջել էր այդ դերը այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Միրզիյոեւին՝ հիշեցնելով նրա երկար տարիների փորձի մասին:

Տեղի ունեցածը հիշեցնում է հարեւան Թուրքմենստանում 2006 թվականին իշխանության փոխանցման գործընթացը, որը նույնպես շրջանցել էր գործող սահմանադրությունը:

Ձայների 88,6 տոկոսը հավաքած նախկին վարչապետի շռնդալից հաղթանակը, որը չնչին տարբերությամբ էր զիջում 2015-ի մարտին Քարիմովի կողմից նախագահական ընտրություններին հավաքած քվեների 90 տոկոսին, ամենեւին էլ լավ նախանշան չէր կարող լինել, քանի որ սա արդեն կարող է դիտվել որպես նախորդ ռեժիմի շարունակություն:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, որը լիարժեք դիտորդական առաքելություն էր ուղարկել Ուզբեկստան, քննադատել էր քվեարկությունը՝ նշելով, որ այն անցել էր «առանց արդար մրցակցության» եւ «էական խախտումներով» այդ թվում՝ քվեատուփերի լցոնումներով եւ լիազորագրերով քվեարկությանը մասնակցելու համատարած դեպքերով:

«Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ընդգծեցին համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությունը՝ երկարաձգվող համակարգային թերությունների հետ պայքարի տեսանկյունից: Իրավական դաշտը չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», – նշվում է ԵԱՀԿ-ի հրապարակած նախնական դիտարկումներում:

59-ամյա Միրզիյոյեւը 2003 թվականից զբաղեցնում է Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը եւ նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել էր Քարիմովի գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցության կողմից: Միրզիյոյեւը Քարիմովի հավատարիմ դաշնակիցն է եղել, սակայն մշտապես ստվերում է մնացել:

Երբ նա զբաղեցրեց նախագահի ժամանակավոր պաշտոնակարի աթոռը սեպտեմբերի սկզբին, նրա մասին հասարակությանը հայտնի միակ տեղեկությունն այն էր, որ ժամանակին վարչապետն առանձնանում էր իր կոպիտ վերաբերմունքով գյուղացիների, նահանգապետերի եւ շարքային քաղաքացիների նկատմամբ: Զարմանալի չէ, որ նորընտիր նախագահից քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ակնկալիքներն այնքան էլ մեծ չէին:

Դեռեւս վաղ է կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է պատրաստվում Միրզիյոյեւը տանել Ուզբեկստանը, որը Կենտրոնական Ասիայի ամենամեծ՝ 31 միլիոն բնակչությամբ պետությունն է:

Զգուշավոր լավատեսության համար նախադրյալներ, այնուամենայնիվ, կան: 

ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբերի 6-ին, զարմանալիորեն համարձակ քայլով կատարելով՝ Միրզիյոյեւը հրամանագիր ստորագրեց, որով այսուհետ չեղարկվում են Ուզբեկստան մուտքի արտոնագիր ստանալու պահանջները 27 պետությունների քաղաքացիների համար: Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ին, եւ Ուզբեկստանում 30-օր առանց արտոնագրի  մնալու հնարավորություն կտա  մի շարք երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի եւ Միացյալ Թագավորության քաղաքացիներին:

Ուզբեկստանը՝ Մետաքսյա ճանապարհի իր պատմությամբ եւ հնագույն քաղաքներով, Կենտրոնական Ասիայի ամենագրավիչ երկիրն է եղել զբոսաշրջիկների համար: Սակայն այս խստորեն վերահսկվող երկիր մուտքի արտոնագիր ստանալը բարդ գործընթաց է:

Բյուրոկրատական խոչընդոտները վերացնելն իսկապես թույլ կտա աշխարհին բացահայտել Ուզբեկստանը:  

Իրականում, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարության վերջին երեք ամիսների ընթացքում Միրզիյոյեւն արդեն իսկ մի շարք քայլեր էր ձեռնարկել, որոնք տարբերվում էին նախորդ նախագահի վարած քաղաքականությունից:

Նա նախեւառաջ փորձեց բարելավել Ուզբեկստանի՝ խորապես լարված հարաբերությունները Կենտրոնական Ասիայի այլ պետությունների հետ, որոնց պատճառը սահմանային անցակետերի հետ կապված վեճերն ու բախումներն էին: Եղել են նաեւ տարաձայնություններ միջսահմանային առեւտրի, ինչպես նաեւ ջրային եւ էներգետիկ հոսքերի կապակցությամբ:

Օրինակ, Ղրղզստանի հետ երկարատեւ վեճը սահմանագծման հետ կապված, որը տարիներ շարունակ երկկողմ լարվածության եւ դժվարությունների պատճառ է եղել երկու երկրների քաղաքացիների համար, լուծվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:

Ուզբեկստանի կողմից սահմանի վիճելի հատվածում ձերբակալված չորս ղրղզ բանվորներն ազատ արձակվեցին սեպտեմբերին: Հաջորդ ամսվա ընթացքում Ղրղզստանի կառավարության պատվիրակությունը ժամանեց Անդիջան, իսկ ուզբեկական պատվիրակությունը մեկնեց Օշ: Բանակցությունները հանգեցրին երկու պետությունների ընդհանուր սահմանի դեռեւս չսահմանագծված հատվածների վերաբերյալ ձեռք բերված նախնական համաձայնությանը:

Այնուհետեւ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի միջեւ համաձայնագիր ստորագրվեց 24 տարի անց Տաշքենդի եւ Դուշանբեի միջեւ ինքնաթիռների չվերթների վերականգնման վերաբերյալ: Պարբերական թռիչքները կսկսեն իրականացվել գալիք տարվա հունվարին:

Միրզիյոյեւը նաեւ նախնական քայլեր է ձեռնարկել երկրում գործարար ոլորտի բարելավման ուղղությամբ. Քարիմովի՝ խորհրդային ոճով ձեւավորված տնտեսական քաղաքականության պատճառով այս ոլորտը նույնպես հետ էր մնում ժամանակից: 

Ուզբեկստանի ազգային արժույթը՝ սոմը, գերագնահատված պաշտոնական փոխարժեք ունի: Բացի այդ, այստեղ նաեւ ծաղկում է սեւ շուկան, որտեղ ենթադրաբար, շահույթ ունեն նաեւ ուզբեկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: 

Նորընտիր նախագահը վերջերս հանդես է եկել երկրում արժույթի խիստ վերահսկվող շուկան ազատականացնելու առաջարկով, ինչը կարող է քաջալերել Ուզբեկստանին այդքան անհրաժեշտ օտարերկրյա ներդրումների հոսքը: 

Եվ վերջապես, ընտրություններից մի քանի օր առաջ, քաղբանտարկյալ Սամանդար Կուկանովը, ով ավելի քան 23 տարի էր անցկացրել բանտում, ազատ արձակվեց:

ԲԱՑ ՀԱՐՑԵՐ

Չնայած նրան, որ այս նոր զարգացումները հաստատապես դրական ազդեցություն ունեն, դեռեւս չի կարելի վստահ լինել, որ Ուզբեկստանը տեւական արմատական փոփոխությունների շեմին է:

Մեկ հանրահայտ քաղբանտարկյալին ազատ արձակելը դեռեւս չի նշանակում, որ աշխարհի ամենառեպրեսիվ վարչակարգերից մեկը մոտ է վերացմանը:

Քարիմովի օրոք հազարավոր մարդիկ են ձերբակալվել քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, իսկ խոշտանգումները տարածված երեւույթ էին դարձել բանտերում եւ ոստիկանության բաժանմունքներում:

Միլիոնավոր ուզբեկ քաղաքացիներ, այդ թվում `երեխաներ, ստիպված էին բամբակ քաղել ծանրագույն պայմաններում: Ըստ «Human Rights Watch» կազմակերպության, հենց Միրզիյոյեւն էր պատասխանատու գյուղատնտեսության ոլորտի համար, եւ նա էր պարտադրում, որպեսզի օրական արտադրական քվոտաները լրացվեն:

Կան նաեւ այլ հարցեր, որոնք հանգուցալուծում են պահանջում. օրինակ՝ Տաջիկստանում Ռոգունի ամբարտակի կառուցման զգայուն հարցը, որին կտրականապես դեմ է Ուզբեկստանը, դեռեւս չի դիտարկվել:

Ինչ վերաբերում է Ղրղզստանի հետ հարաբերությունների ջերմացմանը, «Crisis Group» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Բիշքեկում բարձրաստիճան պաշտոնյաները խորը կասկածանքով են մոտենում այս ամենին եւ ընդգծում են, որ այս տարվա աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունները դեռեւս նախնական բնույթ են կրում եւ նախազգուշացում են հանդիսանում, որ Ուզբեկստանը կարող է դեռեւս հրաժարվել դրանցից: Միջազգային փորձագետների շրջանում նաեւ մտահոգություններ են հնչում, որ Ուզբեկստանի կառավարությունը կարող է կորցնել հետաքրքրությունը սեփական նախընտրական նախաձեռնությունների նկատմամբ:

Թուրքմենստանում, օրինակ, 2006 թվականին իշխանության փոխանցմանը հաջորդած բարեփոխումները կարճ կյանք ունեցան: Իսկ ինչ կլինի Ուզբեկստանի պարագայում՝ ժամանակը ցույց կտա:

Հեղինակ՝ Բիրգիտ Բրաուեր` IWPR-ի կովկասյան տարածաշրջանի նախկին խմբագիր, ինչպես նաեւ «The Economist» թերթի նախկին թղթակից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #802 պարբերականից (դեկտեմբերի 6, 2016թ., Ուզբեկստան): Նյութի անգլերեն տարբերակը՝  այստեղ: