Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապրող Թովմասյանների ընտանիքը արդեն երեք ամիս ապրում է կասկածը սրտում` ո՞րն էր հարազատ դստեր մահվան պատճառը`ինքնասպանությունը՞, թե՞ սպանությունը:
«Ասում են Մարոս կախվել էր: Ես էլ ասում եմ, եթե կախվել էր, ինչու՞էիք իջեցրել նրան կախված տեղից, գոտիկը արձակել…դրա փոխարեն շտապ օգնություն կանչեիք, ոստիկանություն, մենք էլ կգայինք մեր աչքով կտեսնեինք ու կհամոզվեինք, որ կախվել էր: Թե չէ, երեք ամիս է, ես տանջվում եմ, մեռնում, թե ինչու մահացավ Մարոս»-պատմում է 50 ամյա Լինա Համբարձումյանը, ում աղջիկը` 20 ամյա Մարոն մահացել է հուլիսի 12-ին Առինջ գյուղում, ամուսնու տանը:
Մարոյի հայրը` Ռոման Թովմասյանը ասում է, որ իրենք պնդում են, որ դա ինքնասպանություն չի եղել:
«Մարոյիս վզին ոչ մի կախվածի հետք չկար, միայն մատնահետքեր էին, գազան ամուսինը նրան խեղդել էր»-ասում է նա:
20 ամյա Մարո Գուլոյանի մահվան հետ կապված Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով: Մարոյի ծնողների պահանջով նշանակված է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Նրանք պատմում են, որ դեպքից մեկ օր առաջ Մարոն իրենց տանն է եղել, աղջկա՝ 1,8 ամյա Արևիկի հետ: Ամուսինը`26 ամյա Գևորգ Գուլոյանը ամեն անգամ տանը վիճելու պատճառով կնոջը և երեխային ուղարկել է հայրական տուն:
«Այդ օրը, երբ աշխատանքից եկա Մարոն ասաց.«Մամ ես տաքսի կանչեմ գնամ, Գևորգը զանգեց կանչեց»: Ասեցի` Մարո ջան, մի գնա, զանգի սկեսրարիդ հարցրու, գուցե ասի `մնա: Զանգեց, սկեսրարն էլ ասել էր`մնա Մարո ջան: Մեկ ժամ չանցած ամուսինը էլի զանգեց, Մարոն մտավ ներսի սենյակից խոսեց հետը, չգիտեմ ինչ ասեց, ինչ չասեց, Մարոն սկսեց իրերը հավաքել: Հայրը ասեց` նստի տեղդ չես գնում,նա ով է, որ զանգի ասի նստի տաքսի արի: Ասեց.«Չէ, պապ չեմ կարող, որ մնամ վաղը գնամ, մեր տանը պատերազմ կլինի»: 1500 դրամ էլ տվեցի, որ տաքսիով գնա: Փոքր տղաս`Մհերը տարավ թողեց ու եկավ: Հաջորդ օրն էլ այդ դեպքը եղավ»-պատմում է Մարոյի մայրը:
Հոդվածը տեղադրվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի համաձայնությամբ: