Ինչու է Հայաստանում նախապատվությունը տրվում տղա երեխաներին

Ինչու է Հայաստանում նախապատվությունը տրվում տղա երեխաներին
Ինչու է Հայաստանում նախապատվությունը տրվում տղա երեխաներին

Հայաստանում առաջին հղիության ժամանակ տղա երեխաների նախապատվությունը շուրջ երկու անգամ գերազանցում է աղջիկների նախապատվությանը՝ չնայած, ընդհանուր առմամբ, հարցումները ցույց են տալիս, որ երեխայի սեռը նշանակություն չունի։

Այս մասին են վկայում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության՝ 2017 թվականին հրապարակված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցի տվյալները։

Նախ նշենք, որ ծավալուն հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում։ Հետազոտությունն իրականացվել է Երևանի և բոլոր մարզերի 1919 տնային տնտեսություններում կատարված հարցումների միջոցով։

Ըստ հարցումների արդյունքների, պարզվել է, որ թեև հարցված կանանց կեսից ավելիի՝ 52,4 տոկոսի համար առաջին երեխայի սեռը կապ չունի, այնուամենայնիվ, առաջին հղիության ժամանակ տղա երեխաների նախապատվությունը շուրջ կրկնակի գերազանցում է աղջիկների նախապատվությանը (31,5%՝ 16,1%-ի համեմատ): Ընդհանուր առմամբ, անկախ հղիության կարգից և նրանից, թե որերորդ հղիության մասին է խոսքը, տղա երեխա ցանկացող կանանց թիվը շուրջ 1,7 անգամ ավելի է եղել աղջիկ ցանկացողների թվից (համապատասխանաբար՝ 29,9% և 16,9%)։

Ուշագրավ է, որ հարցված կանանց 20 տոկոսը՝ 370-ը, նշել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում (2012-2017թթ․) նախածննդյան փուլում օգտվել են երեխայի սեռը որոշելու մեթոդներից, հիմնականում՝ ուլտրաձայնային հետազոտությունից։ Այս կանանց 97 տոկոսը երեխայի սեռն իմանալուց հետո շարունակել է հղիությունը, իսկ երեք տոկոսը՝ ընդհատել։

Հետազոտության արդյունքների համաձայն, ընտանիքում առաջին և երկրորդ երեխաների դեպքում սեռերի հարաբերակցությունը կազմում է, համապատասխանաբար, 1,08 և 0,96: Երեխաների սեռի հարաբերակցության ընդգծված անհավասարակշռություն է արձանագրվել ընտանիքում երրորդ և հաջորդող երեխաների սեռային կազմում:

Այսպես, մինչև երկու երեխա ունեցող ընտանիքներում 100 աղջկա հաշվով առկա է 122 տղա, մինչդեռ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներում գերակշռում են աղջիկները՝ 100 աղջկա հաշվով առկա է 94 տղա։

Երեխաների սեռերի անհամամասնությունը, ըստ զեկույցի, առավել ակնհայտ է գյուղական համայնքներում, որտեղ աղջիկներ ավելի քիչ են ծնվում, իսկ այդ անհամամասնությունն առավելագույնի է հասնում երրորդ երեխայի պարագայում։

Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ տղա երեխաների նախապատվությունը պայմանավորված է ինչպես ընտանիքի ներսում եղած կարծիքով, այնպես էլ՝ շրջապատի։ Այսպես, ընտանիքներում տղա երեխաներին երկու անգամ ավելի շատ են նախապատվություն տալիս, քան աղջիկներին, իսկ շրջապատում՝ վեց անգամ։

Տղա երեխային նախապատվություն տվողները, ըստ զեկույցի, հիմնավորում են դա նրանով, որ տղան տոհմը շարունակողն է, ունեցվածքի ժառանգորդը, հայրենիքի պաշտպանը, ապահովության երաշխավորը, հեղինակություն և ուժ է մարմնավորում: Մինչդեռ աղջիկ երեխային նախապատվություն տվողները նշում են, որ աղջիկը ծնողին «հասնողն» է, հոգևոր նեցուկը, տարեց հասակում ծնողի մասին հոգ տանողը: Այսպիսով՝ հայաստանյան հասարակության մեջ դեռևս առկա է երեխայի սեռի հստակ նախապատվության երևույթը՝ հօգուտ տղա երեխայի:

Չնայած սրան, թերևս հարկ է արձանագրել, որ հայաստանյան հասարակությունում և հատկապես՝ ընտանիքում չկա խիստ ընդգծված ճնշում տղա երեխային նախապատվություն տալու առումով: Զեկույցի եզրակացությունում ասվում է, որ նորածինների սեռերի համամասնության խախտումն առանձնապես մտահոգիչ չի համարվում։ Երևույթի հետևանքների թվում նշվում են, մասնավորապես, բնակչության թվի կրճատումը, ապագա մայրերի սակավությունը, խառնամուսնությունները, հասարակության մեջ ագրեսիվության աճը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»