«Թուրքիան սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար միայն արցախյան հարցը չէր դրել որպես նախապայման»․ Ռուբեն Մելքոնյան

Մեդիալաբի հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն օրերս ասաց, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու սահմանների փակումը պայմանավորված էին Արցախում ստատուս քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Եվ Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի սահմանը փակ փակել Հայաստանի ուղղությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում նման հայտարարություն անելը։

– Իմ կարծիքով՝ արտգործնախարարի հայտարարությունը տեղին չէր։ Եվ ես հույս ունեմ, որ այդ հայտարարությունը ոչ ճիշտ ձևակերպումների և ոչ ճիշտ բառերի ընտրության հետևանք է, ոչ թե խորքային մտածողության։ Երկրորդ՝ այդ ձևակերպումն իհարկե թերի է, որովհետև Թուրքիան սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ոչ միայն արցախյան հարցն էր դրել որպես նախապայման, այլև ունենք ևս երկու նախապայման, որոնք հիմա էլ շարունակում են մնալ։

Մեկը Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է, մյուսը՝ Կարսի պայմանագրի ճանաչումը, կամ՝ դա երբեմն ձևակերպում են՝ որպես Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, երբեմն էլ ձևակերպում են՝ որպես Հայաստանի կողմից հողային պահանջից հրաժարում, չնայած Հայաստանը երբեք պաշտոնապես հողային որևէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային։ Բայց գիտենք, որ մեր հավաքական ընկալման մեջ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը իրավացիորեն համարվում են անարդար պայմանագրեր, որոնցով Թուրքիային են զիջվել որոշակի տարածքներ, հատկապես Կարսի մարզը։

Թուրքիայում ի՞նչ արձագանք է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարությունը։

– Թուրքական պաշտոնական և կիսապաշտոնական արձագանքը, որը նաև արտացոլվում է իշխանամերձ մամուլում ու իշխանամերձ վերլուծաբանների խոսքում, այն է, որ սա համարվում է Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված դրական մեսիջ։ Այսինքն՝ եթե նախարարի հայտարարությունը սխալ բառերի հետևանք է, ապա թուրքական եզրահանգումն էլ հենված է սխալի, թյուրիմացության վրա։

Բայց արտգործնախարարն իրավունք չունի նման հայտարարություն անելու, թեկուզ անզգույշ ձևակերպումներով, որովհետև, ինչպես ասացի, դա չի արտացոլում իրականությունը։ Երկրորդ՝ ճիշտ չէ Հայաստանի կողմից նման հայտարարություն անելը։ Ինչո՞ւ, որովհետև «արցախյան հարց չկա, այդ արգելքն այլևս չկա» ձևակերպումը նշանակում է, որ Հայաստանը համակերպվում է այս իրավիճակի հետ։ Եվ այդ հայտարարությունը հակասության մեջ է նույն արտգործնախարարի նախորդ հայտարարության հետ, որում նշվում էր, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է օրակարգում։ Իսկ Թուրքիայի պահանջն այն է, որ Արցախը լիովին բռնազավթվի Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այստեղ լուրջ խնդիր կա։

Եվ մյուս հարցը, իմ կարծիքով, բարոյական հարթությունում է, պետության արժանապատվության դաշտում, որովհետև Արևելքում հատկապես այդ երևույթները մեծ կարևորություն ունեն՝ արժանապատվությունը և այլն։ Եվ այս համատեքստում ասել, որ Հայաստանը պատրաստ է, քանի որ Արցախն արդեն կորցրել ենք, ինչո՞ւ Թուրքիան չի հաստատում, այն էլ այն պարագայում, երբ գերիների խնդիր կա, երբ Թուրքիայի կողմից չի դադարում թշնամական քաղաքականությունը, երբ կա աճյունները հողին հանձնելու խնդիր, կարծում եմ՝ սխալ է բարոյականության և Արևելքում տարածված որոշակի սկզբունքների տեսանկյունից։

Կոպիտ ասած, Մերձավոր Արևելքում, այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք նաև գտնվում, բանակցողը չի հարգի այն գործընկերոջը կամ բանակցողին, ով հանդես է գալիս նման պարտվողական դիրքերից և շատ հանգիստ ամրագրում է իր պարտությունը, կոչ անում, որ արագ հաստատվեն հարաբերություններ։ Սա մի քիչ նուրբ, միգուցե արևելագիտական ընկալման թեմա է, բայց արտգործնախարարը նույնպես արևելագետ է, և վստահ եմ, որ այդ նրբություններին տեղյակ է։ Ուստի, ուզում եմ հույս հայտնել, որ դա անզգույշ ձևակերպում էր և բառերի սխալ ընտրություն։ Գոնե ես այդ հույսն ուզում եմ ունենալ, չնայած շատ թույլ են դրա հիմքերը։

Ռոզա Հովհաննիսյան