Մարդահամարի նախնական արդյունքները կլինեն 2023-ի առաջին եռամսյակում. Կարինե Կույումջյան

Photo by Maciej Dakowicz

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը

– Տիկի՛ն Կույումջյան, հոկտեմբերի 13-ից սկսվել է և 23-ին կավարտվի Հայաստանում մարդահամարը: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչպես է անցել գործընթացը, ինչպե՞ս է անցկացվում մարդահամարը:

– Սա անկախությունից ի վեր երրորդ մարդահամարն է Հայաստանում: Ի տարբերություն նախորդ երկու մարդահամարների, այս մեկն անցկացվել է նոր՝ համակցված մեթոդով, որի ժամանակ օգտագործվելու են բնակչության պետական ռեգիստրի վարչական տվյալները, և ռեգիստրից ընտրած հասցեների 25 տոկոսում անցկացվել են հարցումներ:

– Այսինքն՝ հարցում կատարողները մտել են բնակիչների տնե՞ր:

– Հատուկ հրահանգավորում անցած հաշվարարները իրականացրել են հարցումներ, որոնց պատասխանները գրվել են պլանշետների միջոցով, այսինքն՝ թղթային հարցաթերթեր չեն: Այդպես հարցումներն արագ են իրականացվում, և հաշվարարի գործը դյուրացնում է էլեկտրոնային տարբերակը, իսկ մարդահամարի տվյալները հեշտ են մշակվում:

– Ինչպե՞ս են ընտրվում այդ հասցեները, օրինակ՝ մեր տուն չեն եկել հաշվարարները, տիկի՛ն Կույումջյան:

– Ամեն հաշվարար ունի իրեն հատկացված հասցեների ցուցակը: Այդ հասցեները նախապես վերցվել են ռեգիստրից, ճշգրտվել են, որովհետև շատ հասցեներ կան, որոնք վարչական նշանակությամբ են օգտագործվում, կամ խանութներ են և այլն: Բոլոր ճշգրտումներից հետո վերցվել են մաքուր հասցեները: Այդ ընտրանքում ընդգրկվել են երկրի բոլոր բնակավայրերը: Հնարավոր է, որ ձեր հասցեն ընկած չլինի ընտրանքի մեջ: Բայց այս մեթոդի առավելությունն այն է, որ այն համակցված մեթոդ է, և հիմնական տվյալները վերցվում են բնակչության պետական ռեգիստրից:

Շատ կարևոր է, որ բնակչության պետական ռեգիստրի բազան միացված է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հետ հատուկ ծրագրային ապահովման միջոցով, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե կոնկրետ անձինք երկրում են, թե ոչ, որքան է տևել նրանց բացակայությունը, կամ եթե նոր եկածներ ունենք, ապա որքան ժամանակ են նրանք երկրում գտնվում:

Սա ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված կառույցների ցուցումների ու հանձնարարականների հիման վրա կիրառվող մեթոդ է:

– Տիկի՛ն Կույումջյան, այս մարդահամարը առանձնահատուկ է նրանով, որ մեկ տարի ուշ է անցկացվում, և բացի այդ էլ, տեղի ունեցան պատերազմ, քովիդի համավարակ, որոնց հետևանքով զգալի մարդկային կորուստներ գրանցեց Հայաստանը: Ի՞նչ նախնական տվյալներ կարող եք փոխանցել:

– Ես կդժվարանամ հիմա որևէ բան ասել, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ մարդահամարի բազան արդյունքների առումով շատ կարևոր է նրանով, որ այն հիմնված է բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Բայց ռեգիստրի իդեալական աշխատանքն էլ պայմանավորված է մարդկանց կամքով՝ եթե մարդը չի գնում և պետռեգիստրին չի տալիս իր տեղաշարժի վերաբերյալ լրացուցիչ տվյալ, ապա տեղեկությունը նրա՝ Հայաստանում գտնվելու-չգտնվելու մասին կարող է թերի լինել: Այդ իսկ պատճառով էլ մենք այդ տվյալները համակցում ենք սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հետ:

Հարցումների միջոցով մենք ստանալու ենք մարդահամարին առնչվող մնացած բոլոր կարևոր ցուցանիշները՝ բնակչության կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, կանանց ծնելիության, ազգության, լեզուների, կրոնի, նաև բնակչության զբաղվածության, տնային տնտեսության կառուցվածքի, նրանց բնակարանային պայմանների վերաբերյալ: Դրանք շատ կարևոր բաղադրիչներ են երկրի սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական ռազմավարությունների մշակման տեսանկյունից:

Առաջին անգամ մենք հարցումներ ունենք անձի առողջական վիճակի վերաբերյալ, որը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ տեղեկություն կտա առողջապահական, սոցիալական հաստատություններին մարդկանց տեսողության, լսողության, շարժունակության խնդիրների մասին, որպեսզի առողջապահական համակարգերը իրենց ռազմավարությունները կարողանան մշակել:

– Այսինքն՝ այդ ամենն արվում է 10 օրվա ընթացքո՞ւմ:

– Մարդահամարը շատ մեծ գործառույթ է և ներառում է պլանավորում, անցկացում և տվյալների մշակում: 10 օրվա ընթացքում մենք հավաքագրում ենք տեղեկատվությունը: 2011-ի մարդահամարն այլ մեթոդաբանությամբ էր իրականացվում, և 14 հազար հաշվարարներ իրենք էին հաշվառում իրականացնում, ներգրավվածությունը շատ էր, բայց էլի 10 օրվա ընթացքում էր դա արվում: Սակայն հիմա ընդգրկված աշխատակիցների թիվը քիչ է:

– Տիկի՛ն Կույումջյան, դուք ամեն օր առնչվում եք վիճակագրությանը, թվերին, նախնական ի՞նչ կարող եք ասել՝ որքա՞ն է պակասել բնակչության թիվը:

– Այո՛, մենք ամեն օր հաղորդագրություններ ենք ունենում՝ մարդահամարի ընթացքում որտեղ, ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան և այլն: Թվային ոչինչ չեմ կարող ասել այսօր, դա շատ բարդ աշխատանք է, պետք է բոլոր տվյալները միավորել, մշակել, հասկանալ: Մենք առաջին նախնական արդյունքները կունենանք 2023-ի առաջին եռամսյակում, իսկ վերջնական տվյալները կլինեն 2023-ի տարեվերջին:

– Եվս մեկ հարց խնդրում եմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով շատ ներհոսք եղավ Հայաստան: Նրանք և՞ս ընդգրկվելու են մարդահամարի տվյալների մեջ:

– Եթե նրանք լինեն իմ ներկայացրած ընտրված հասցեներում, ապա նրանց հարցումները անպայման կիրականացվեն: Եթե նրանք այստեղ են եղել մարդահամարի հաշվառման պահի դրությամբ:

– Բայց կապ չունի՞, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն:

– Տեսեք՝ մարդահամարի նպատակը առկա և մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալների ստացումն է: Մեզ անհրաժեշտ է հասկանալ առկա բնակչության թվաքանակը, թե որքան մարդ է մեր երկրում ինչ-որ պահի դրությամբ, որպեսզի քաղաքականություն կամ որոշում կայացնող մարմինները հասկանան, ասենք՝ որքան սպառում կունենան, օրինակ՝ էլեկտրաէներգիայի, սննդի ապահովման ոլորտներում և այլն: Դրանք ևս կարևոր, անհրաժեշտ ցուցանիշներ են:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am