«Ռեստարտ» նախաձեռնության մասին մանիպուլյացիաներ` Para TV-ով

«Ռեստարտ» նախաձեռնության մասին մանիպուլյացիաներ` Para TV-ով
«Ռեստարտ» նախաձեռնության մասին մանիպուլյացիաներ` Para TV-ով

«Ռեստարտին» վերագրում են «Պրիվետ Ռոբ» ակցիան, իսկ «Ռեստարտի» հոգաբարձուների անդամներին «շնորհում» կազմակերպություններին տրամադրված գրանտներ։

Para TV-ն անցած շաբաթ հրապարակել է «Ռեստարտ» նախաձեռնության մասին տեսանյութ՝ մանիպուլացնելով մի շարք փաստեր և անձանց մասին տեղեկություններ։

Ինչպես է ներկայացվում

Տեսանյութում ներկայացվում է «Ռեստարտի» իրականացրած նախագծերը, որոնց մեջ նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը։  

Ինչպես է իրականում

2018 թվականի օգոստոսին կալանավորումից ազատված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց «Պրիվետ Ռոբ» նախաձեռնության անդամների կողմից։ Ըստ Para TV-ի տեսանյութի, սակայն, ակցիայի կազմակերպիչը «Ռեստարտն» էր։

Նշենք, որ «Պրիվետ Ռոբ» ակցիայի անդամները տարբեր քաղակտիվիստներ էին, այդ թվում՝ «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամներ։

Ինչպես է ներկայացվում

Ըստ Para TV-ի տեսանյութի, «Ռեստարտի» հոգաբարձուների խորհրդի երկու անդամներ՝ Transprenacy International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, «Բուն TV»-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը տարբեր ծրագրեր իրականացնելու համար 2016 թվականից ի վեր, ընդհանուր առմամբ, ստացել են 433․000 հազար ԱՄՆ դոլար։

Ինչպես է իրականում

«Բաց հասարակության հիմնադրամների» կողմից դրամաշնորհներ ստացել են ոչ թե անձամբ այս մարդիկ, այլ նրանց կազմակերպությունները՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար։ Այվազյանն ու Գասպարյանը հանդիսանում են ծրագրերի համակարգողներ, որոնք, ինչպես այդ ծրագրում ներառված այլ մարդիկ, վարձատրվում են կատարած աշխատանքի համար։ Օրինակ՝ 2018 թվականին Transparency International կազմակերպությունը ստացել է 155 հազար ԱՄՆ դոլար։ «Բաց հասարակության հիմնադրամների» կայքէջում հրապարակված տվյալներում տեսնում ենք, որ գումարը փոխանցվել է կազմակերպությանը հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ուղղված ծրագրի իրականացման համար։

Ինչպես է ներկայացվում

Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամ Աննա Գևորգյանը 2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանն է, որը  կապ ունի Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հետ, որն էլ իր հերթին փոխկապակցված է «Սորոսի» հիմնադրամի հետ։

Ինչպես է իրականում

Արմեն Գրիգորյանը եղել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգողը, իսկ Աննա Գևորգյանը դարձել է ԱԱԽ քարտուղարի օգնական հուլիսին, երբ Արմեն Գրիգորյանն արդեն ստանձնել էր քարտուղարի պաշտոնը (նա այդ պաշտոնը ստանձնել է մայիսի 17-ին)։ Աննա Գևորգյանը Transparency International-ում չի աշխատել։

Հիշեցնենք, որ Para TV-ին կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Fip.am-ը նախկինում գրել էր այն մասին, որ Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և իր կնոջ բիզնեսները։ Նախկին մարզպետի կնոջ անունով է գրանցված «Հանրային Դիվանագիտություն» հասարակական կազմակերպությունը, որին էլ հենց պատկանում է Para tv հեռուստաընկերությունը։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am