«Ալիևը խաղում է կա՛մ- կա՛մ տարբերակով կամ՝ և՛-և՛, իսկ մենք դրան հակադրելու բան չունենք». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Արցախի ու Հայաստանի շուրջ ի՞նչ զարգացումներ են ընթանում, եթե նկատի ունենանք, որ Լաչինի միջանցքն արդեն կես ամսից ավելի է՝ Ադրբեջանի «էկոակտիվիստների» ջանքերով շարունակում է փակ մնալ։

– Կատարվածն ամբողջովին տեղավորվում է հետպատերազմյան իրադարձությունների տրամաբանության մեջ, ու ցավալի է, որ մեր իշխանությունները և քաղաքական մյուս շրջանակները, որոնք պետք է կոմպետենտ լինեին ու հասկանային իրողությունները, տարատեսակ լեգենդներ են հորինում՝ անտեսելով իրականությունը։

Իսկ կատարվածն ընդամենը հետևյալն է․ Ադրբեջանը փորձում է պարտադրել կա՛մ խաղաղության պայմանագրի այն տարբերակը, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Պրահայում ստորագրված վերջին փաստաթուղթը, որը ստորագրել են ու, ըստ էության, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, կա՛մ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այսինքն՝ պետք է նկատել, որ Ալիևը խաղում է կա՛մ-կա՛մ տարբերակով կամ՝ և՛-և՛, իսկ մենք դրան հակադրելու բան չունենք։

Այսօր մենք փակուղու առջև ենք կանգնած, որովհետև մինչ այս պահը որևէ դրական ազդանշան չունենք միջանցքը բացելու ուղղությամբ, ուժի ցուցադրումը ոնց որ բացառում են այսօր, կա՛մ չկա դրա հնարավորությունը, կա՛մ չեն ուզում այդ հնարավորությունն օգտագործել, այնպես որ, մենք իսկապես փակուղում ենք հայտնվել, ու անհասկանալի է, թե խնդիրն ինչպես պետք է լուծվի, մյուս կողմից՝ մենք ունենք 120 հազար մարդ, որոնք այսօր ապրում են Արցախում ու մտադիր չեն հանձնվել այդ սադրանքներին։

– Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այս օրերին հնչած մեկնաբանություններն ինչպե՞ս եք գնահատում, որ հիմնական պատասխանատուն ռուս խաղաղապահներն են՝ ի դեմս Ռուսաստանի։

– Իսկապես ռուսական կողմն այս պահին չի կատարում իր պարտավորությունները, բայց պետք է հասկանանք մի բան, որ քաղաքականության մեջ «չի ուզում»-ը և «չի կարողանում»-ը միշտ պետք է հավասարության նշանով դնել։ Օրինակի համար, ռուսները չեն կարողանում միջանցքը բացել, ու այսօր, որ առավելագույնն անում են խաղաղապահները, այն է, որ փորձում են պահպանել խաղաղությունը։

Եթե ռուս խաղաղապահները միջանցքը բացելու գործուն քայլեր չեն ձեռնարկում, ինչը ռուսների համար հղի է երկրորդ ճակատի բացման վտանգով, դա նշանակում է վե՞րջ, Հայաստանի իշխանություններն անելիք չունե՞ն։

Ես կարծում եմ, որ այդ մոտեցումն արդեն անցել է անմեղսունակության սահմանագիծը, ու, կրկնում եմ՝ հարյուր տեսակ լեգենդ են հորինում, բայց որևէ կերպ չեն ուզում իրականությունը ներկայացնել հանրությանը։ Վատն էլ այն է, որ մեր հանրությունն էլ այդ լեգենդները դարձրել է գլխավոր օրակարգ, ու հերթական անգամ մենք իրականությունից կտրվում ենք։

– Իշխանությունը պնդում է, թե իրենք ամեն ջանք գործադրում են, համապատասխան աշխատանքներ են տանում իրենց միջազգային գործընկերների հետ, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, ինչի արդյունքներն էլ, ըստ իրենց, նկատելի են։ Դուք այդ արդյունքները նկատո՞ւմ եք։

– Լաչինի միջանցքն այդ քննարկումների արդյունքում բացվե՞լ է, եթե բացվել է՝ կա արդյունք, եթե չի բացվել՝ զրո արդյունք։ Նիկոլ Փաշինյանի հավատամքն էր ինչ-որ պահից սկսած խաղաղության հաստատումը, ու այդ խաղաղության հաստատման մոլուցքի մեջ ընկած՝ նա գնաց ու Պրահայում ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթը, իր ասած ՄԱԿ-ի կանոնադրության ու Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, ինչը Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տվեց՝ իր հակառակորդի կամ թշնամու կողմից արդեն ճանաչված փաստի հետևանքով դիմել գործողությունների։

Օրինակի համար գտավ պատրվակ՝ ինչի՛ համար կարելի էր փակել ճանապարհը՝ իբրև թե հանքերի շահագործման։ Որովհետև եթե դու ճանաչել ես Ադրբեջանի իրավազորությունը այդ տարածքների նկատմամբ, ապա բնական է, որ Ադրբեջանն այդ ֆոնին իբրև թե պահանջեր, որ իր պետության տարածքում գտնվող հանքերն առանց իր թույլտվության չշահագործվեն որևէ մեկի կողմից, որովհետև ինչպես մեր Սահմանադրությամբ է ընդերքը պատկանում պետությանը, այնպես էլ Ադրբեջանի սահմանադրությամբ է։

Այնպես որ, պատրվակը շատ լեգիտիմ է, բայց այդ լեգիտիմության համար Ալիևը պետք է շնորհակալություն հայտներ միմիայն Նիկոլ Փաշինյանին ու նրա ստորագրած պրահյան համաձայնությանը։ Բայց իրականում, իհարկե, սա Ադրբեջանի պետական մակարդակով կազմակերպված սադրանք է, ու խոսքն իմ ասած «կա՛մ-կա՛մ»-ի ու «և՛-և՛»-ի մասին է։

– Իսկ այդ պարագայում ի՞նչ է մեզ սպասում։

– Ոչ մի բան չի փոխվել, իրավիճակ չի փոխվել, մենք ունենք ընտրություն ու այդ ընտրությունը պետք է կատարենք իմ ասած հնարավոր տարբերակների միջև։ Ո՞րն է առավել վատ ընտրությունը, որովհետև մենք լավ ընտրության մասին, ցավոք սրտի, չենք կարող խոսել։ Բայց ես չգիտեմ՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ պրահյան փաստաթղթից հետո իր համար ոչ նպաստավոր տարբերակի քննարկմանը, որովհետև եթե մի բան ստացել է, հաջորդը, բնականաբար, պետք է լինի դրանից ավելի ստանալը ու ոչ թե հակառակը։

Այստեղ էլ մենք խնդիր ունենք, որովհետև այս իշխանությունն ունակ չէ նմանատիպ կարևորագույն խնդիր, այն էլ՝ այս արտաքին քաղաքական զարգացումների պայմաններում լուծել։ Ես չգիտեմ՝ ինչ ունենք անելու։

– Իսկ ինչի՞ սպասենք։

– Ախր պետք է լինի այդ ջանքը, չէ՞, որ մենք հասկանանք՝ ինչ-որ բան արվում է, թե չէ։ Մոռանանք մինչև պատերազմը, այո՛, մինչև պատերազմը մենք ունեինք հաղթական լուծման հնարավորություն, մեր իշխանությունը գնաց վատթարագույնի ճանապարհով։ Պատերազմից հետո եղած քիչ հնարավորություններից մենք անընդհատ խորհուրդ ենք տվել, թե ինչ պետք է անեն, չեն արել։

Ես կուզեի հղում կատարել Լևոն Զուրաբյանի բերած շատ լավ մի համեմատության․ երբ ինքնաթիռի թռիչքի պատասխանատուն հայտարարում է, որ անսարքություն կա, ու նրան խորհուրդ են տալիս, որ պետք է անհապաղ վթարային վայրէջք կատարել, որովհետև վթար ունեն, իսկ ինքնաթիռի ղեկին գտնվող անձն այդ խորհուրդը չի լսում, տանում ինքնաթիռը ջախջախում է, հետո գալիս հարցնում է՝ հիմա ի՞նչ անենք։ Մենք այս ջախջախված ինքնաթիռի վիճակում ենք, ու ամենավատն այն է, որ իսկապես չգիտենք, թե ինչ պետք է անենք։

Կան քայլեր, որոնք երբ այդ օրը չես անում, հաջորդ օրն անիմաստ են դառնալու։ Երբ մենք ասում էինք՝ համազգային կոնսոլիդացիա, չորս ղեկավարներ ու այլն, եթե դա երեք ամիս առաջ հնարավորություն էր, որը պետք չէր բաց թողնել, արդյոք այսօր այդ հնարավորությունը մենք կկարողանա՞նք կյանքի կոչել, կամ ի՞նչ արդյունավետություն կլինի դրանից։

– Պարո՛ն Խաչատրյան, այսօր իրատեսակա՞ն եք համարում, որ էլի կհամախմբվեն նախկին նախագահները ու այս անգամ արդեն կգնան Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, այսինքն՝ նրանցից ոչ ոք չի հավակնելու որևէ պաշտոն ստանձնելու։

– Իմ շատ սիրած անեկդոտը պետք է հիշեմ, որ մազերը սափրելուց հետո անիմաստ է վարսավիրին խնդրել, որ կարճացնի։ Հայտնի չէ, մենք այսօր ունե՞նք այն առավել քիչ վատ տարբերակը, թե՞ չունենք։ Երբ 1996-97 թթ․ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ամեն հաջորդ օր առաջարկվող լուծումն ավելի վատն է լինելու, քան այսօրվանը, հիմա կարելի է հետևյալ կերպ ասել․ ամեն օր սպառնալիքն ավելի ծանր է լինելու, քան նախորդ օրվանը։ Մենք սպառնալիքի տակ ենք հիմա, ու պետք է կանխատեսեին, որ հնարավոր է, որ Լաչինի միջանցքը փակվի։ Մնում է դարձյալ երկու տարբերակ՝ կա՛մ այս իշխանությանը ձեռնտու է, որ Լաչինի միջանցքը փակ լինի, կա՛մ անմեղսունակ են։

– Բայց իրենք խոստովանում են, որ սա սպասելի էր, ու բնավ զարմանալի չէ Ադրբեջանի քայլը։

– Առավելևս՝ կա՛մ անմեղսունակ են, կա՛մ հանցագործ, 120 հազար հայի նկատմամբ կատարել են հանցագործություն, որովհետև եթե չեն կանխել այդ պատանդառությունը, իրենք են պատասխանատու դրա համար ու կատարվածի առաջին մեղավորն են։ Իսկ գաղտնիք չէ, որ մեզանում իշխանություն ասվածը մեկ հոգի է, և այդ մեկ հոգին գիտենք թե ով է, ապա այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն ինքն է։

– Իսկ Արցախի որդեգրած դիրքորոշումն ինչի՞ է հանգեցնելու, իրավիճակի ինչպիսի՞ զարգացման է բերելու։

– Դուք ոնց որ մոռացաք ջախջախված ինքնաթիռը, իսկապես մենք չգիտենք։ Ամեն ինչ իսկապես շատ ավելի վատ է, գիտե՞ք, քանի դեռ 97 թվականի պլանը համարում են պարտվողական, մեզ համար անընդհատ լինելու է շատ վատ։ Քանի դեռ 97 թվականի պլանի ու նոյեմբերի 9-ի հայտարարության տարբերությունը իրական գնահատականի չի արժանացել, քանի մեր ժողովուրդը չի հասկացել, որ 97 թվականի պլանը մերժելով՝ մենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ենք ստացելի իր բոլոր հետևանքներով, նաև այն հետևանքներով, որ վաղն են գալու, մենք չենք կարողանալու գտնել այդ փրկության հույսը։

Բայց այս 44-օրյա աղետից հետո մեր ժողովուրդը գնացել ու ոչմիթիզական երեք ուժի քվե է տվել, բերել խորհրդարան, որոնք ի թիվս այլ վատ գործողությունների արժեզրկում են նաև քաղաքական միտքը։ Իշխանությունն ամբողջությամբ արժեզրկել է պետական բոլոր կառույցները։ Նորմալ մտածող մարդը սկսում է կարծել, որ դեմոկրատիայից ավելի վատ բան գոյություն չունի, որովհետև ավտորիտար ռեժիմում ինքն ապրում էր արժանապատիվ Հայաստանում, իսկ «դեմոկրատիայի» ռեժիմի պայմաններում՝ նվաստացված վիճակում։ Խնդիրն իրականում այստեղ է թաքնված, բոլոր ելքերը կարելի է գտնել, երբ ունես տրամաբանական քայլերի շղթա։

– Պարո՛ն Խաչատրյան, ունենք այն, ինչ ունենք, ի՞նչ է սպասում մեզ։

– Երբ տրամաբանություն չկա, ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման։ Դրսից երբեք փրկություն չի գա, եթե ներսից մենք այդ փրկությունը չենք մոտեցնում։ Այդ փրկությունը դրսից կար 2018-ին, մենք հեռացրեցինք, 2019-ին եկավ նոր պլանի տեսքով, դա էլ հեռացրեցինք, 44-օրյա նվաստացուցիչ պարտությունից հետո մենք էլի ունեինք փրկության երկու-երեք փոքր հնարավորություն։

Ես չգիտեմ, վաղն իսկապես հնարավոր է, որ առաջարկ ծնվի, բայց վստահ չեմ, որ այս իշխանությունը գնալու է դրան, որովհետև իշխանությունից դուրս ինչ առաջարկ էլ լինում է, եթե իշխանությունը չի աջակցում դրան, ապա այդ առաջարկները մնում են թղթի վրա, ինչպես, օրինակ՝ վերջին առաջարկը՝ չորս ղեկավարներով համազգային կոնսոլիդացիան ու համատեղ ջանքերով այս իրավիճակից դուրս գալու առաջարկը մերժեցին։ Ամեն նոր օր այդ առաջարկի ուժն ավելի թույլ է լինելու, ու այդ հնարավորություններն ավելի թույլ են լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am