«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության» նախագահ Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, ընդդիմադիր Էդգար Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորների նկատմամբ քննադատական խոսք հնչեցնելու համար, ինչը մի շարք իրավապաշտպանների, քաղաքական, հասարակական գործիչների բնորոշմամբ՝ ազատ խոսքի սահմանափակում ու քաղաքական հետապնդում է: Դուք ինչպե՞ս եք գնահատում կատարվողը:
– Այս դատավարությունից ամենաշահածը դուրս է գալու Էդգար Ղազարյանը այն իմաստով, որ ինքը վերջին ժամանակներում շատ ճիշտ մարտավարություն է տանում՝ իր քաղաքական կերպարն ավելի ամբողջացնելու, ժողովրդին ներկայացնելու իմաստով:
Հիմա՝ շահեկան դուրս գալու մասով. հուսով եմ, որ պարոն Ղազարյանը հաշվի կառնի այս ամենն ու հետագայում խոսելիս վիրավորական բաներ չի ասի այս կամ այն մարդու հասցեին, որովհետև երբ դու վիրավորում ես մարդկանց, ապա դա գցում է քո խոսքի արժեքը: Մնացած մասով, երբ վճիռն օրինական ուժի մեջ մտնի, ես նոր իմ գնահատականը կտամ, առայժմ այսքանը:
– Իսկ համաձա՞յն եք այն տեսակետին, որ իշխանությունը պատրաստվում է հերթական կարևորագույն գործողության, որից փորձում է հանրության ուշադրությունն այսկերպ շեղել:
– Իրականում հիմա այնպիսի գործընթացներ են կատարվում, որ շատ ճակատագրական կարող են լինել մեր պետության համար, հետևաբար բոլոր դեպքերում մենք պետք է չշեղվենք մեր հիմնական օրակարգից:
– Մեր հիմնական օրակարգը ո՞րն է, որից հանրությունն ուշադրությունը չպետք է շեղի:
– Վարչապետի վերջին գաղափարախոսական ելույթը:
– Ի՞նչ առումով է կարևոր:
– Վարչապետը, որն ինձ համար նախկինում եղել է նպատակասլացության խորհրդանիշ, հիմա վերածվում է սևեռվածության խորհրդանիշի: Այսինքն՝ սևեռվում է այս կամ այն գաղափարի վրա, ու թե այդ գաղափարին հասնելու համար ինչ կորուստներ կարող են լինել, այնքան չի կարևորում, իսկ ես դա գնահատում եմ որպես վտանգավոր մոտեցում հարցերի լուծման համար: Վարչապետն առաջ է մղում չորրորդ հանրապետություն ստեղծելու գաղափարը, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկա, ու եթե որևէ քաղաքական ուժ գնա այդ ճանապարհով, դա իրական վտանգ է լինելու:
– Որո՞նք են լինելու այդ վտանգները:
– Ես չեմ գտնում, որ հապշտապ պետք է Սահմանադրություն փոխել, իհարկե դրա անհրաժեշտությունը կա, բայց դա պետք է լինի ընտրություններից հետո, այլ ոչ թե ընտրություններից առաջ: Միգուցե պարոն վարչապետը մտածում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստացվում կնքել, ու ժողովրդին պետք է ներկայանալ ինչ-որ ձեռքբերումով և մտածում է գնալ այդ ճանապարհով:
– Պարո՛ն Աղազարյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Հայաստանում օր օրի խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից հետնահանջ է գրանցվում:
– Չէ՛, ես գտնում եմ, որ ժողովրդավարությունը կա, բայց մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ այն կարող է վտանգվել: Եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի երկրի ղեկավար, ապա մենք կունենանք ավտորիտար ռեժիմ ու վերջնականապես կթաղենք ժողովրդավարությունը: Նա արդեն իրեն սպառել է, ութ տարի հնարավոր չէ աշխատել նման ծանր իրավիճակում ու ֆիզիկապես, հոգեպես չմաշվել, հետևաբար նա այլևս չպետք է ՀՀ վարչապետ լինի: Ես հիմա էլ գործող իշխանության կողմից դեպի ավտորիտարիզմ տանող քայլեր եմ տեսնում, ու դրանցից ամենասարսափելի դրսևորումն այն էր, որ ինքը բացահայտ հայտարարեց, որ ինքն է ԲԴԽ նախագահին հորդորել, որ հրաժարական տա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















